Հիշողության իրավունքով

Հունիսի 13-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների խորհրդակցություն: Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը: Շարժում 88 խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը մատնանշել է, որ 2006թ. սահմանադրությամբ սահմանված է, որ քաղաքացիների խաղաղ երթերի, ցույցերի եւ հավաքների իրավունքի իրացումը կարգավորվում է օրենքով, բայց նման օրենք չի ընդունվել: Նույնը նախատեսված է նաեւ 2017թ. ընդունված սահմանադրությամբ, ստեղծվել է օրենսդրությունը սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցերով հանրապետության նախագահին կից մասնագիտական հանձնաժողով, բայց ընդունվելիք օրենքների ցանկում հավաքների ազատության մասին օրենքն ընդգրկված չէ:

https://www.youtube.com/watch?v=bkX9OmoljxQ

Պատգամավորի դժգոհությունը միանգամայն տեղին է եւ ինձ հիշեցրեց տասնամյա վաղեմության իրավիճակը: Որպես պատգամավոր նախաձեռնության կարգով կառավարության համաձայնությանն էի ներկայացրել հավաքների ազատության մասին օրենքի նախագիծ: Ամիսներ շարունակ գործադիր իշխանության պատասխանը չէր ստացվում: Ի վերջո արդարադատության նախարարը եւ կառավարության իրավաբանական վարչության պետն Ազգային ժողովի նախագահի մոտ կազմակերպեցին քննարկում, որին նաեւ ես էի հրավիրված: Մոտ մեկ ժամ տեւած քննարկման իմաստն այն էր, որ կառավարության ներկայացուցիչներն իմ նախաձեռնությունը համարեցին ուշացած, Հայաստանում գործող օրենքին չհամապատասխանող եւ հավաստիացրին, որ կառավարությունն ինքը հանդես կգա նախաձեռնությամբ, կընդունվի ավելի լիբերալ օրենք:

Անցավ ժամանակ, արդարադատության նախարարը փոխվեց, կառավարության իրավաբանական վարչության պետն ամուսնացավ եւ տեղափոխվեց արտերկիր, պատգամավորական լիազորությունների իմ ժամկետն սպառվեց, տեղի ունեցան ԱԺ նոր ընտրություններ, ձեւավորվեց նոր կառավարություն: Եւ երբ արդարադատության նորանշանակ նախարարին հիշեցրի իր նախորդի խոստումը, նա միայն ուսերը թոթվեց եւ ասաց, որ ռազմական դրության պայմաններում ապրող երկրին հավաքների ազատության մասին օրենք պետք չէ: Այսօր օրենքի կարիքն զգացվում է: Որովհետեւ սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը, բայց այն իրացնելու իրավական կարգավորումներ չկան: Բայց, ինչպես կարելի է եզրակացնել ԱԺ քննարկումների տրամադրվածությունից, պատգամավորների մեծամասնությունը բացը լրացնելու մտադրություն չունի:

Նրանք անընդմեջ նույն բանն էին կրկնում՝ սահմանին հակառակորդի կուտակումներ կան: Իսկ ԱԺ փոխնախագահը նույնիսկ խոսեց Նախիջեւանում վերջին դեպքերից: Միայն թե մոռացավ, որ Նախիջեւանից Երեւան ուղիղ գծով գրեթե նույն հեռավորությունն է, ինչ առաջնագծի արեւելյան ուղղությունից՝ մինչեւ Ստեփանակերտ: Բայց Նախիջեւանի մերձավորությունը չխանգարեց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, եւ երկիրը մտնի ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը:

Մեկնաբանություն
X