Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է հավաքների անցկացման կարգի մասին որոշում

Aparaj.am-ը գրում է՝ հունիսի 13-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացել է ավագանու արտահերթ նիստ, որին հրավիրվել է նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Ավագանու նիստի օրակարգի հիմնական հարցը հավաքների անցկացման կարգի մասին որոշման ընդունումն էր:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ զանգեր են ստացել ծանոթ-անծանոթ քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում էին հունիսի 13-ին Վերածննդի հրապարակում հավաքի թույլտվության մասին: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքացիները Վերածննդի հրապարակ են դուրս գալիս զբոսնելու, հանգստանալու համար, ուստի նրանց չանհանգստացնելու համար առաջարկել է քննարկել հավաքը ցանկացած այլ տեղ տեղափոխելու հարցը: «Անկախ նրանից, թե որտեղ եք անցկացնելու հավաքը, միևնույնն է, լրատվամիջոցները լուսաբանելու են և Ձեր խոսքը բոլորին հասանելի է դառնալու»,- ասել է Սուրեն Գրիգորյանը:

Հայկ Խանումյանը նշել է, որ ոստիկանապետի, քաղաքային վարչության պետին իրազեկել է հավաքի մասին, որպեսզի անվտանգությունն ապահովվի, իսկ քաղաքապետարանին չի դիմել, որովհետև տարիներ առաջ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ 4 անգամ դիմել է՝ հավաքների թույլտվություն խնդրելով, բայց քաղաքապետը չի թույլատրել՝ դրանով խախտելով սահմանադրությամբ հավաքների անցկացման իրավունքը և չի ստեղծել գործոն մեխանիզմներ այդ իրավունքի իրականացման համար:

Թեժ վիճաբանությունից հետո Հայկ Խանումյանը հրաժարվել է ընդունել հավաքի տեղը փոխելու քաղաքապետի առաջարկը՝ պատճառաբանելով, որ չի կարող փոխել նախօրոք հայտարարված վայրը, իսկ քաղաքապետի կողմից ներկայացվել է «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի մեջ մասնավորապես ասվում է. «Հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, այլ անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի անհամաչափ սահմանափակումներից խուսափելու և դրանց պաշտպանության նպատակով Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ քան 7 օր և ոչ շուտ քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետին, բացառությամբ մինչև 20 մասնակից մասնակից ունեցող շտապ և ինքնաբուխ հավաքների»:

Մեկնաբանություն
X