Նիկոլ Փաշինյանի փակ ժեստերով նուրբ ակնարկը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որտեղ նախատեսվում էր նաեւ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ու վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Օրվա ընթացքում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տարօրինակ հայտարարություն արեց, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա ժամանող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ Հայաստանի նախագահը չի ժամանել Մոսկվա։ «Հայաստանը ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ադրբեջանից Մոսկվա է ժամանել նախագահ Իլհամ Ալիեւը»։ Ապա Պեսկովը հավելել է, որ Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ հանդիպումներ, այնուամենայնիվ, նախատեսվում են։

Օրվա երկրորդ կեսին արդեն կայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ: Վաղը տեղի կունենա մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացումը, նաեւ նախատեսված է այցելություն Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վարչապետի կեցավայրում պետք է հանդիպի «ՎՏԲ» բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՀՀ վարչապետն իր խոսքում հիշեցրեց, որ իրենք հանդիպել են մեկ ամիս առաջ, եւ այն փաստը, որ նորից հանդիպում են 30 օր անց, դա ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը։ «Եվ ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել հատուկ, եւ ես հուսով եմ, որ այդ հարաբերությունները կդառնան ավելի հատուկ։ Իհարկե, մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը եւ, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունը, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարեւոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում»,- իր խոսքում նկատեց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանն այնուհետեւ մի հայտարարություն արեց, որտեղ կարծես ակնարկ կար՝ ուղղված Պուտինին, որ Հայաստանը սուվերեն պետություն է, եւ դա պետք է հարգել։ «Ես հույս ունեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ ձեւով, որոնք հիմնված կլինեն երկու բարեկամ երկրների եւ կառավարությունների կողմից հարգանքի վրա, հիմնված կլինեն երկու երկրների նկատմամբ շահերի եւ սուվերենության հանդեպ հարգանքի վրա։ Եվ ես վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու եւ մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենց հարաբերությունների օրակարգը շատ լայն է՝ տնտեսական, քաղաքական հարցերից մինչեւ տարածաշրջանային հարցեր։

Մեր թղթակիցը երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ուշադրություն դարձրեց նաեւ նրանց հագուկապին, մասնավորապես՝ փողկապի գույներին, որը դիվանագիտական էթիկայի առումով յուրահատուկ մեսիջներ է պարունակում իր մեջ եւ կարեւոր ատրիբուտ է հանդիսանում նման հանդիպումներում։ Նիկոլ Փաշինյանը կապել էր մուգ կարմիր փողկապ, որն իշխանության, հավասարը հավասարի դիրքերից հանդես գալու խորհրդանիշ է, իսկ Պուտինն ավելի չեզոք գույնի եւ ոճի փողկապով էր՝ սեւին խփող եւ պուտավոր, որը, ինչպես բացատրեցին մասնագետները, այս պարագայում ավելի շատ բնութագրում է բարեկամական, ընկերական հարաբերությունների միտվածություն։

Նշենք, որ նման հանդիպումներից առաջ ղեկավարների փողկապների գույնն ու, առհասարակ, հագուկապը, նաեւ ժեստիկուլյացիան նախապես պլանավորվում եւ որոշվում են հատուկ իմիջմեյքերների կողմից, ինչը եւ արվել էր այս պարագայում եւս։ Ի դեպ, նկատեցինք նաեւ, որ Պուտինն իր շարժուձեւում շատ ավելի ազատ էր՝ նստել էր ոտքերն ու ձեռքերը լայն բացած, աթոռի թիկնակին ազատ հենված, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի մոտ կաշկանդվածություն եւ լարվածություն էին նկատվում, իսկ ժեստիկուլյացիան էլ ավելի փակ էր՝ ձեռքերը իրար սեղմած, ոտքերը՝ իրար մոտ։ Այս ամենը կարեւոր նրբերանգներ են, որոնք, վստահաբար, չեն վրիպի հանդիպման յուրաքանչյուր նրբերանգն ուսումնասիրողների աչքից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X