Արամ Սիմոնյանն իր աշխատանքը պատկերացնում է ԵՊՀ-ում, իսկ ուսանողնե՞րը․․․

Դեռ չի մոռացվել, թե ընդամենն երկու շաբաթ առաջ, մայիսի 29-ին, ինչպես էին կրքերը եռում մայր բուհում՝ Երեւանի պետական համալսարանում։ Ուսանողները դասադուլ էին հայտարարել, պահանջում էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, աուդիտի անցկացում։

Ուսանողների եւ ռեկտորի միջեւ հակամարտությունն այնքան էր սրվել, որ Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հիվանդանոց էին տեղափոխել։ Իսկ համացանցով ռեկտոր- ուսանողներ առճակատմանը հետեւողներն էլ իրենց հերթին էին սոցցանցերում տարբեր կարծիքներ հնչեցնում, հիշում, թե քանի ըմբոստ ուսանողի, ասպիրանտի գիտական կարիերան է հարվածի տակ դրել Արամ Սիմոնյանը, երբ հլու-հնազանդ ծառայում էր նախկին իշխանություններին եւ սեղմում Սերժ Սարգսյանի ձեռքը։ Ոմանք այսքանից հետո կանխատեսում էին, որ Արամ Սիմոնյանը հրաժարական կտա, ինչն էլ կնպաստի ԵՊՀ-ում մթնոլորտի առողջացմանը։

ԵՊՀ լրատվական վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել Արամ Սիմոնյանը, շարունակելո՞ւ է պաշտոնավարել, չէ՞ որ ուսանողները պահանջում էին նրա հրաժարականը։ «ԵՊՀ-ն ունի մոտ 18.000 ուսանող։ Մայիսի 29-ի ակցիային մասնակցել է մոտ 150 ուսանող, որոնց մի մասը ԵՊՀ-ից չէր։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շարունակելու է պաշտոնավարումը»,- մեզ ուղարկված պատասխանում նշել է Գեւորգ Էմին-Տերյանը։ Երբ պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվեց Դավիթ Սանասարյանը, հայտարարեց, որ ստուգումներ է անցկացնելու ԵՊՀ-ում։ Մեզ հետաքրքրում էր, թե անցկացվե՞լ են, արդյոք, ստուգումներ, եթե այո, ապա ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։ «Ամեն տարի ԵՊՀ-ն տարբեր գերատեսչությունների կողմից ստուգվում է։ Վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել։ Այս տարի ԵՊՀ-ում ստուգումներ են իրականացրել Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը։ Խախտումներ չեն արձանագրվել, հայտնաբերվել են շեղումներ, որոնք շտկվել են»,- արձագանքել են մեզ ԵՊՀ-ից։

Տեղեկացանք նաեւ, որ ԵՊՀ ռեկտորի եւ նրա հրաժարականը պահանջող ուսանողների միջեւ նոր հանդիպում չի եղել։ Այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում Արամ Սիմոնյանն իր հետագա աշխատանքը ԵՊՀ-ում։ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատանքը պատկերացրել ու պատկերացնում է Երևանի պետական համալսարանում։ Իսկ թե ինչ կարգավիճակում, դա իրենից կախված չէ»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում։

Կրթության եւ գիտության նախարարն ասել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարման հարցին անդրադառնալու են օրենքի շրջանակներում։ «Ամեն ինչ պետք է կատարվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության, այդ թվում նաև՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարումը»,- մեր այս դիտարկմանն այսպես են արձագանքել ԵՊՀ-ից։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X