Ումի՞ց է դժգոհ ԲՈՀ-ի նախկին նախագահը

Հեղափոխությունից հետո, երբ մեկը ազատվում է պաշտոնից կամ փոխարինում է նրան մեկ ուրիշը, առաջին ռեակցիան լինում է՝ «երևի իրենցից չի»։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը։ Լիլիթ Արզումանյանը բարձրագույն որակավորման պետական մարմիններում աշխատել է հիմնադրման օրվանից։ Նա գրականագետ է, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։ Ազատման հետ կապված նույնը մտածեցի՝ դե հին կադր է, իրենց թիմից չի․․․ Բայց երբ նրա գրառումները նոր փոփոխությունների հետ կապված, կարդացի, զարմացա։

Լիլիթ Արզումանյանը շատ էր ոգևորված հեղափոխությամբ։ Գրառումներին հետևենք․

Lilit Arzumanyan

22 May at 13:15 ·

Սիրելի ժողովուրդ, այն ինչ եղավ անպատկերացնելի էր, աննկարագրելի, աննախադեպ... Հիմա արդեն, այսքանից հետո, անիմաստ ու անժամանակ փնթփնթալը միայն ի վնաս մեզ է. 20-ից ավելի տարի դիմացել ենք, չէ՞... Կախարդական փայտիկ չկա, միավորվել է պետք ու աշխատել... Փորձենք բազմապիսի դատողություններով ու վերլուծություններով չպղտորենք մեզ... հիշենք, որ մենք անհավատ էինք, չարացած էինք... Հանկարծ նորից չչարանանք, միասին լինելու ուժն ու հրճվանքը չմոռանանք: Պետք է շարունակել ժպտալ ու ուրախանալ. չէ՞ որ եղել է ամենակարևորը՝ մեր հավատի դռներն են բացվել...

Lilit Arzumanyan

2 May ·

Սիրտս ցավից տնքում է... պարոնայք և տիկնայք հհկ-ականներ, էս ի՞նչ արեցիք... հույս ունեք, որ հաղթելո՞ւ եք... ո՞ւմ... իսկ գիտեք ժողովրդին ո՞վ է հաղթում... երևի գիտեք... /սարսափում եմ բառից/ թշնամին, որովհետև յուրայինը ժողովրդի դեմ պատերազմի չի գնում... Այսօր ժողովուրդը ոտքով էր, ինչպես 88-ին, բայց բոլորը ժպտում էին... էս ի՞նչ եք անում...

Էլի՞ գրառումներ եք ուզում, որ Լիլիթ Արզումանյանը ոգևորված էր հեղափոխությամբ․․․ 25 տարի դիմացել է, որ հավատի դռները բացվեն ու ահա․․․ 25 տարի սպասել է, որ ժողովուրդը ժպտա ու ահա․․․

Նա ազատվում է աշխատանքից։ Իսկ հիմա ԲՈՀ-ի նախկին նախագահն ասում է․

«Այսպես ո՛չ կարելի է հեղափոխություն անել, ո՛չ կարելի է երկիր սարքել։ Ոչ թե ինձ պահել-չպահելու խնդիրն է։ Հարցը երևույթն է եւ այդ երևույթն ահավոր տգեղ ձեւով անելը։ Կարող էին ասել՝ Դուք մեզ պետք չեք, մենք մեր թիմն ենք հավաքում, Դուք մեզնից չեք։ Կարելի էր տարրական հարգանք ցուցաբերել, ասել՝ շնորհակալություն 25 տարի այդ հիմնարկում աշխատելու համար․․․ hraparak.am»

Մի բան չեմ հասկանում․ ԲՈՀ-ի նախկին նախագահը ումի՞ց է դժգոհ․ նոր իշխանությունի՞ց, որ հավատի դռներ է բացել, թե՞ հին իշխանությունից, ում հետ աշխատել է տասնամյակներ․․․ ու դիմացել։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X