Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են․ Սեֆիլյանը կոչով հանդես եկավ (տեսանյութ)

Քիչ առաջ, Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակելվելով, «Հիմանդիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եկավ դատարանի բակ, որտեղ նրան կեսօրից սպասում էին տասնյակ քաղաքացիներ։

Սեֆիլյանը բարձրախոսով ելույթ ունեցավ, նախ ասաց․ «Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են»։

Նա նաեւ հայտարարեց, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, եւ դա օրերի խնդիր է։ «Մենք այս օրերին պետք է շատ զգույշ լինենք, որ մեր գործին չվնասենք, սակայն զգուշությունը չի նշանակում, որ չպիտի գործենք։ Կուզեի, որ այս հանգրվանը, որպես ընդհանուր պայքարի մի հանգրվան, որպես նուրբ հանգրվան, ինչպես ապրիլյան օրերին, մեր ժողովրդին հաջողվեց, ժողովրդի որոշումով վարչապետ Փաշինյանի շնորհիվ նաև, որ հնարավորինս անցնցում տեղի ունենա»,-նշեց ՀԽ առաջնորդը։

Սեֆիլյանը նաեւ զսպավածության կոչ արեց, հորդորեց սփյուռքահայերին վերադառնալ Հայաստան․ «Զսպվածության կոչ եմ անում բոլոր կողմերին այս հանգրվանում։ Այս հանգրվանը մեզ պետք է հասցնի ազատ եւ թափանցիկ ընտրություններ։ Միայն այդ ընտրություններից հետո մեր երկիրը կմտնի հանգիստ զարգացման փուլ, ինքնիշխանության ամրապնդման փուլ.... Շատ ենք երազել հայրենադարձության մասին, օր առաջ մեր արյունաքամությունը դադարեցնելու մասին։ Ապստամբության նպատակներից էր այդ արյունաքամությունը դադարեցնելը, սակայն հիմա «թավշյա հեղափոխությամբ» ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեղարկել են իրենց պլանները, որ պիտի հեռանան երկրից կամ ցանկանում են ետ գալ հայրենիք»։

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ վշտակցություն եւ ցավակցություն հայտնեց 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման փորձի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին։ Նաեւ նշեց՝ ինքը, «Սասնա ծռերը» հնարավորություն չեն ունեցել դիմելու նրանց հարազատներին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումով Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացվեց եւ նշանակվեց 5,5 տարի ազատազրկում։ Նա դատարանի դահլիճի ազատ արձակվեց ԱԺ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք նաեւ, որ Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10,5 տարվա ազատազրկման, արդեն Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդել էր Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացնել եւ նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեջ։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X