Գյումրու քաղաքապետը կրճատելու է ծառայողական ավտոմեքենաների թիվը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի քանի տարի պաշտոնավարելուց հետո է միայն որոշել քայլ անել եւ հրաժարվել ծառայողական ավտոմեքենաներից։ Այդ նպատակով անգամ հանձնաժողով է ստեղծվել եւ ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել համայնքի հաշվեկշռից դուրս գրել 6 ծառայողական ավտոմեքենա, որոնց շահագործումը իբրև այլևս նպատակահարմար չէ։ Ծառայողական ավտոմեքենաներից հրաժարվելու հարցը քննարկվելու է հունիսի 18-ի ավագանու նիստին; Սամվել Բալասանյանը ակնհայտ քայլեր է ձեռնարկում, որով փորձելու է համոզել նոր կառավարությանը, թե որքան արժանի է քաղաքապետ լինելուն։ Եւ առանց վարանելու կարող ենք ասել, որ մեծամասնություն կազմող «Բալասանյան դաշինքի » ավագանու անդամները այս նախագծին միանշանակ կողմ են քվեարկելու։

Ըստ ներկայացվող նախագծի՝ ավտոմեքենաները հնարավոր է վաճառքի հանվեն, իսկ դրանց արժեքները տարբեր են եւ պատկանում են քաղաքապետարանի մի շարք բաժիններին; Համայնքի հաշվեկշռում առկա ամենաթանկ ավտոմեքենան 2000 թվականի արտադրության BMV X5 4.4-ն է՝ 9 մլն 800 հազար ՀՀ դրամ արժողությամբ, իսկ ամենաէժանը՝ 1984 թվականի արտադրության ՎԱԶ 21063-ը՝ 1 մլն 256 հազար դրամ արժողությամբ։

Նշենք, որ հունիսի 18-ի ավագանու նիստի օրակարգային կարևոր հարցերից մեկն էլ ԳԱԼԱ խմբակցության մամուլի նախագիծն է, որին Գյումրի համայնքի ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովը հունիսի 11-ին դրական եզրակացություն տվեց։ ԳԱԼԱ-ի նախագիծը վերաբերվում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ նրա եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X