Սահուն անցում՝ կուտակային համակարգին

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին իր դիտարկումներն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։

Վահագն Համբարձումյանը նշեց, որ պետական միջամտությամբ պետք է սերունդների համերաշխության մոդելից սահուն անցում կատարվի կուտակային համակարգին։ «Առաջին փուլում կար հակասահմանադրական տարր։ Մարդուց գումարը վերցնում էին՝ առանց իր համաձայնության։ Իսկ մարդուց կարելի է գումար վերցնել երկու դեպքում՝ առանց իր համաձայնության՝ դատարանի որոշմամբ, եւ եթե դա օրենքով սահմանված հարկ կամ վճար է։ Այս դեպքում այն համապատասխանեցվեց սահմանադրությանը, անունը դրվեց սոցիալական վճար եւ դարձավ պարտադիր վճար։ Բյուջետային համակարգի մասին օրենքով էլ այն ամրագրվեց որպես հարկ, Հարկային օրենսգրքով էլ ամրագրվեց որպես հարկ։ Հետո այն հետաձգվեց մինչեւ 2018թ․ հուլիսի 1-ը։ Մոտ 200 հազար մարդ վճարում է, 80 հազարը հուլիսի 1-ից պետք է միանա այդ համակարգին եւ սկսի վճարել»,- ասաց նա։

Վահագն Համբարձումյանը նշեց, որ վարձու աշխատողը պետք է վճարեր 5 տոկոս, իսկ պետությունը մյուս 5 տոկոսը, 2,5 տոկոս էլ մնաց աշխատողի վրա։ Նա նշեց, որ երբ եկամտային հարկով իջեցվի տոկոսադրույքը, դա կլինի այն չափով, որ աշխատողի վրա բեռ չլինի։ «Օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ ստացողի մոտ 5000 դրամով ավելացավ եկամուտը կամ 2,5 տոկոսով, 500 հազար դրամ ստացողի մոտ ավելացավ 12,5 տոկոսով։ Խոսքն այն աշխատողների մասին է, որոնք միացել են համակարգին եւ կատարում են սոցիալական վճարներ»,- ասաց Վահագն Համբարձումյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա արձագանքեց, որ այս պահին չի նախատեսվում եկամտային հարկի փոփոխություն։ Իսկ եկամտահարկի իջեցման դեպքում փոփոխվող օրենքն էլ կճանաչի ուժը կորցրած։ Հարց հնչեց, թե կուտակային համակարգին անցնելու դեպքում չի՞ մեծանա ստվերը, քանի որ գործատուները աշխատողներին կգրանցեն ցածր աշխատավարձով։

«Եթե թաքցնողը թաքցնում է, խնդիր կա եկամտային հարկի չափով։ Չեմ կարծում, թե սոցիալական վճարը վախեցնի»,- ասաց Վահագն Համբարձումյանը։ Նրա դիտարկմամբ՝ ոչ այնքան պարտադիրի բաղադրիչն է վախեցնում մարդկանց, որքան վստահությունը կառավարության եւ օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ։ Իսկ հիմա կա վստահություն կառավարության նկատմամբ։

Մեկնաբանություն
X