Ադրբեջանը նախապատրաստվում է…Զորահանդեսի

Սոցիալական ցանցերում տեսագրություններ են հայտնվել, որտեղ պատկերված են ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչքները Բաքվի ծովախորշի վրայով: Մարդկանց անհանգստություններին ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրանք ուսումնա-վարժական եւ փորձնական թռիչքներ են, իրականացվում են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության եւ զինված ուժերի 100- ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստության շրջանակներում: Օրերս Ադրբեջանն ստացել է բելառուսական Պոլոնեզ հրթիռային տասը կայանք:

Ըստ երեւույթին, Բաքվում հենց դրան էլ սպասում էին: Այլապես զորահանդեսը կկազմակերպեին մայիսի 28-ին: Ընտրվել է հունիսի 26-ը, որը համարվում է ադրբեջանական զինված ուժերի օր: Իրականում 1918թ. հունիսի 26-ին թուրքական բանակի էքսպեդիցիոն կորպուսը Գյանջայում զորահանդես է անցկացրել՝ ի պատիվ Թիֆլիսից նոր ժամանած ԱԴՀ կառավարության: Բայց դա չէ էականը: Հիմնական հարցադրումն այն է, որ ցանկացած զորահանդես ուժի ցուցադրում է եւ ինչ-որ ազդակ է պարունակում:

Այս տեսակետից ինչի՞ է ձգտում Ադրբեջանը: Անկասկած, հունիսի 26-ի զորահանդեսին Ադրբեջանը կցուցադրի վերջին տարիներին ձեռք բերած բոլոր սպառազինությունները՝ ներառյալ բելառուսական Պոլոնեզները: Դա տեղի կունենա ԼՂ հարցով բանակցային գործընթացը վերսկսելու՝ միջնորդների ջանքերի ֆոնին: Եւ ակնհայտ կդառնա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է նախապատվությունը տալ ուժի ցուցադրությանը: Ի՞նչ կհետեւի դրան:

Մեկնաբանություն
X