Կոռուպցիայի դեմ կպայքարեն խորհրդո՞վ, թե՞ առանց խորհրդի

Հեղափոխությունից հետո վերաֆորմատավորման, վերախմբագրման կարիք ունեն նախկին իշխանություններից ժառանգություն մնացած խորհուրդները, որոնք «անունը կա, ամանում չկա» հայտնի թեւավոր խոսքով էին գոյատեւում։

Դրանցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն է, որի մասին համապարփակ տեղեկատվություն կա կառավարության gov.am կայքում։ Այս խորհրդի մասին զավեշտով խոսում էին, թե կոռուպցիոներները պայքարում են ընդդեմ կոռուպցիայի։ Խորհրդի կազմը ձեւավորվել է նախորդ վարչապետների օրոք, դրա կազմում են վարչապետը, փոխվարչապետը, որը եղել է նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության, ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարները, գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը (համաձայնությամբ), ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչ, այդ թվում՝ մասնավոր հատվածի հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանից հետաքրքրվեցինք, թե այսուհետ է՞լ է գործելու այդ խորհուրդը, ի՞նչ կազմով եւ ի՞նչ սկզբունքներով։

«Կայքի ճակատագիրը դեռ նախկին իշխանությունների օրոք անորոշ էր։ Հաշվի առնելով, որ վարչապետն ունենալու է իր կայքը, նախարարությունները՝ իրենցը, փոքր-ինչ անորոշություն է, թե ինչ է լինելու, դրա համար էլ կայքի գործունեությունը սառեցվել էր։ Հիմա, երբ կա նոր իրավիճակ, եւ կա տեղեկատվություն, որը չի տեղավորվում ո՛չ վարչապետի մասին տեղեկատվության ձեւաչափում, ո՛չ նախարարությունների մասին լրատվության մասին ձեւաչափում, մտածում ենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծել gov.am-ի ձեւաչափում։ Խոսքը կառավարության գործունեության մասին է, փոխվարչապետների մասին։ Հիմա մենք մասնագետների հետ աշխատում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք տեղադրելու լրատվությունը»,- կայքի թարմացման մասին մեզ տեղեկացրեց Արման Եղոյանը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, ապա Ա․ Եղոյանը դժվարացավ ասել՝ կգործի՞ այն, թե՞ ոչ։

Նա միայն հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը կոռուպցիայի մասին․ «Կոռուպցիայի վերացման կարեւորագույն նախապայմանն այն է, որ պետության բարձրագույն ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ։ Եվ, բնականաբար, քանի որ վարչապետը ներգրավված չէ կոռուպցիայի մեջ, ինքը համարում է, որ դա ամենամեծ քայլն է կոռուպցիայի դեմ պայքարում»։ Իսկ խորհրդի՝ հետագայում լինել-չլինելու մասին Արման Եղոյանը խոստացավ տեղեկացնել ավելի ուշ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X