Երբ դուխդ ելել՝ քեզ ուտում է

Նիկոլ Փաշինյանը սեփական որոշումների ու նշանակումների արդյունքում նկատելի դիսկոմֆորտի մեջ է հայտնվել: Նա, կարծում եմ, արդեն իսկ զգում է, որ Սերժ Սարգսյանի մարգարեությունը, թե «Նիկոլը շատ շուտով կրակը կընկնի սեփական շրջապատի ձեռքը», մոտ է իրականություն դառնալուն: Անձինք, որոնցով Փաշինյանը կոմպլեկտավորել է կառավարությունը, մեղմ ասած, հույսեր չեն ներշնչում, եթե չասենք` պարարտ հող են առաջիկա տապալումների համար: Թե էլի ինչեր կարող են անել ինքնահաստատման պրոցեսում գտնվող այդ երիտասարդները փոխվարչապետների, նախարարների ու մարզպետների պաշտոններում, կարելի է միայն ենթադրել, բայց այսօր էլ ակնհայտ է, որ նրանք իսկական բալաստ են Փաշինյանի համար:

Ամենայն անկեղծությամբ հաջողություններ եմ մաղթում նրանց, բայց հաջողությունները, սովորաբար, օդից չեն ընկնում, ինչպես նաեւ չեն ծնվում սեփական գերատեսչությունները յուրայիններով լցնելու ճանապարհով: Պետք է ուսումնասիրել փորձը, ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հասկանալ դրանք եւ նոր միայն քայլեր ձեռնարկել, որոնք, վստահաբար, չեն տանի փակուղի: Կառավարության նիստերի ժամանակ ակնհայտ է, որ նորաթուխ նախարարները եւ կառավարության մյուս անդամները, որոնք դուխով լծվել են գործի, տակավին պատկերացում չունեն բուն անելիքի մասին: Ո՞վ պետք է օգնի նրանց` ոլորտի ղեկավար դառնալ, հասկանալ խնդիրները, սեփական ծրագրերը մշակել: Բնականաբար` Նիկոլ Փաշինյանը, բայց Փաշինյանն էլ, ինչպես տեսնում ենք, իր դժվարություններն ունի:

Անձամբ ես, օրինակ, եթե իմ տարիքի չափ ոստիկան աշխատած մարդը կառավարության նիստում հայտարարեր, որ ուշ ժամերին հրավառություն անողներին հայտնաբերելը դժվար գործ է, մի պահ կմտածեի` ինչո՞ւ: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսանք, հրավառությունը պատկերացնում է միայն «գմփոցով եւ օդում սալյուտի հայտնվելով»: Այստեղից էլ եզրակացնում է` ոստիկանությանը մնում է լույսի վրա գնալ ու բռնել սալյուտ տվողին: Օսիպյանը չի համաձայնում նրա հետ, պնդում է իրենը` սալյուտ տվողը չի սպասում, որ գնան ու իրեն բռնեն: Բայց ի՞նչ իմանար Օսիպյանը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի արագ է բռնկվում, քան սալյուտը. «Դուք չեք կարող լուծել այդ հարցը` ես կլուծեմ»: Եվ հանկարծ հիշում է, որ օրենք կա ուշ ժամերին (23:00-ից հետո) հրավառություն թույլ չտալու մասին: Այսինքն՝ պարզվում է, որ գնդակը մեր օրենք հարգող, դուխով ու հպարտ քաղաքացիների դաշտում է, իսկ այդ դաշտով, ինչպես գիտենք, զբաղվելու մենաշնորհ ունի բացառապես Նիկոլ Փաշինյանը:

Այս միջադեպից առաջ եւս մի նիստ էլ տապալել էին առաջին փոխվարչապետը, փոխվարչապետներից եւս մեկը եւ մի քանի ուրիշ նախարարներ, որոնք չգիտես ում համար զեկուցում էին, թե այսքան ու այսքան կրճատել են ավտոպարկը` ես 2 ավտո եմ կրճատել, ես` 3, ես` 4 եւ այսպես շարունակ: Լավ են արել, բայց ի՞նչ են ուզում ասել դրանով, եթե պահել են իրենց սպասարկող թանկարժեք մեքենաները, ի՞նչ խնայողությունների մասին են խոսում, երբ իրենց շրջապատել են օգնականների ու խորհրդականների մի այնպիսի բազմությամբ, որը ո՛չ օգնելու, ո՛չ էլ խորհուրդ տալու ունակություն չունի: Որի հետ շփվում ես` հասկանում ես, որ նախարարի օգնական կամ խորհրդական է դարձել` թողնելով մատնահարդարի կամ տաքսի ծառայության դիսպետչերի պաշտոնը: Ո՞ւր ենք գնում:

Նիկոլ Փաշինյանը ժամանակին Վիգեն Սարգսյանի մասին ասում էր. «Մի հատ էլ եկել է այստեղ, մատ է թափ տալիս, թե՝ գիտե՞ք, ես քաղաքական գործիչ եմ: Դու այդ ի՞նչ քաղաքական գործիչ ես, որ ողջ կյանքում Սերժ Սարգսյանի ընդունարանում ես աշխատել»: Ժամանակը չէ՞, արդյոք, որ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղենք` քանի՞ քաղաքական գործիչ ես բերել կառավարություն: Նայում ես Վիքիպեդիայում նրանց կենսագրություններն ու մնում ես զարմացած` բոլորի անվան կողքին գրված է` «ՔՊ`կուսակցական-քաղաքական գործիչ»:

Անկասկած, կառավարության հերթական տապալումը պետք է համարել նաեւ վերջին արտահերթ նիստը, որի օրակարգում էր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը: Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում աշխատած լիներ, որ այդքան չվրդովվեր նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկումից: Ի՞նչ կարող ես անել, երբ բոլորը Նիկոլ Փաշինյան չեն եւ չեն կարող «ժողովրդական լայն աջակցության պայմաններում» մի տեսակետից թռչել հակառակ տեսակետի կողմը, ինչպես, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացից մինչեւ ԵԱՏՄ-ում ավելի պինդ նստելու գործընթաց, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը քննադատելուց մինչեւ այդ քաղաքականությունն առաջ տանելու խոստումներ:

Մարդը հիմա, հիշելով հանդերձ, որ ինքն էլ է դեմ եղել կուտակայինին, որոշել է, այնուամենայնիվ, ձեռքից բաց չթողնել մոտ 300 հազար քաղաքացիների աշխատավարձից պահվող գումարները, որոնք, եթե ուրիշ բան չասենք, օդից փող են կառավարության համար: Բա Հովիկ Աբրահամյանը չգիտե՞ր այդ «նուրբ պահը», որ նախապես շատ էր ուզում անել, բայց, ի վերջո, տեղի տվեց: Ի՞նչ ասեմ, տեսնենք, թե ինչպես կընդունեն ՀՀ դուխով քաղաքացիներն այդ նոր «բարեփոխումը», որին, ավաղ, կառավարությունը գնում է ծակ գրպանների պարտադրանքի տակ:

Փաշինյանը, առնվազն, պարտավոր էր իմանալ, որ կառավարության բաց նիստում կարող են գտնվել նախարարներ, որոնք իրենց չեն պահի համահարթեցված եւ կարող են հակադարձել, որ սպասվող որոշումը լավագույնը չէ: Հարցը միայն կուտակայինը չէ, դա կարող էր լինել տրանսպորտի հետ կապված հարց, որին դեմ լիներ, օրինակ, առողջապահության, ԿԳ կամ մեկ ուրիշ նախարար: Բայց դեմ լինելուց առաջ դեռ պետք է նաեւ նախարար լինել եւ պատկերացնել, թե տվյալ որոշումն ինչպես կանդրադառնա իր ղեկավարած ոլորտի վրա:

Եվ վերջում` մի նկատառում կառավարության բաց նիստերի հետ կապված: Փակ նիստում Նիկոլ Փաշինյանը գուցե կփորձեր ականջալուր լինել գործընկերներին եւ զերծ կմնար անհարկի հայտարարություններից, որոնցից մեկն էլ տիպիկ ՀՀԿ-ական հայտարարությունն էր. «Ովքեր էս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր էս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X