«ՔՊ»-ում չեն ցանկանում «դավաճանների» հետ շարունակել ճանապարհը

«Ելք» դաշինքում արշալույսները կրկին խաղաղ չեն, մի քանի օր է՝ խմբակցությունն սկսել է մեկ միասնական կուսակցություն դառնալու քննարկումները։ Այդ դրույթն ամրագրված էր դեռեւս դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ Քանի որ քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են նախապատրաստվել արտահերթ ընտրությունների, դաշինքի ֆորմալ կարգավիճակի հարցը դարձել է օրախնդիր։ Սակայն քաղաքական նոր իրողությունից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական անհնազանդության շարժման արդյունքում եկավ իշխանության, փոխվել են նաեւ գործընկերների փոխհարաբերություններն ու կշիռը։

Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմի երիտթեւում հակված չեն «դավաճանների»՝ փողոցային պայքարում իրենց միայնակ թողած «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ ճանապարհը շարունակելու եւ ուզում են ընտրությունների գնալ միայնակ։ Այստեղ դեր է խաղում նաեւ այն, որ «ՔՊ»-ն հիմա ավելի ինքնավստահ է դարձել եւ կարծում է, որ միայնակ էլ կհաղթի ընտրություններում։ Սակայն ավելի փորձառու գործիչները կարծում են, որ միասին ճանապարհ են անցել, եւ պետք է շարունակելու ձեւը գտնել։ Բնականաբար, խնդիրը ոչ միայն մեկ ուժ դառնալու հարցն է, այլեւ թե ինչ ֆորմատով են այդ ուժերը մասնակցելու ընտրություններին, որ թիմից քանի հոգի եւ ինչ համամասնությամբ են ձեւավորելու ընտրացուցակը։

Ըստ այդմ՝ առաջարկվել է 60/20/20 հարաբերակցությունը։ Այսինքն՝ ցուցակի կեսից ավելին կլինեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած անձինք, իսկ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի թիմերից 20-ական տոկոս ներկայացվածություն կլինի։ Սակայն պարզվում է՝ «ՔՊ» երիտթեւն անգամ այս համամասնությանը համաձայն չէ, եւ լավագույն փոխզիջումը տեսնում են միայն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին ցուցակում ընդգրկելու ճանապարհը։ Մյուս կողմից՝ դաշինքի մյուս ուժերը վստահեցնում են, որ միայն միասնաբար է հնարավոր դիմագրավել «Ծառուկյան դաշինքի» նկրտումներին, որն ընտրություններին ձգտելու է 50+1 ձայն տանել եւ այդ մասին արդեն իսկ հայտարարել է։ «ՔՊ»-ից չեն շտապում փակագծերը բացել, թե ինչ օրակարգով են քննարկումներն ընթանում։

Լենա Նազարյանը ճիշտ չի համարում խոսել դրա մասին, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել։ Էդմոն Մարուքյանը նույնպես չի բացահայտում «ՔՊ» իրենց գործընկերների առաջարկները․ «Այն, ինչ առաջարկում է «ՔՊ»-ն, հրապարակման ենթակա չէ, երբ կլինի որոշում կամ որոշման չկայացում, դա կհրապարակենք, բայց քանի դեռ չեն ավարտվել քննարկումները, ոչինչ ասել չեմ կարող»։

Թե ինչպես կավարտվեն քննարկումները, դաշինքում կգա՞ն արդյոք համաձայնության, այս պահին խիստ անորոշ է։ Սակայն Էդմոն Մարուքյանը չի կորցնում լավատեսությունը․ «Կարծում եմ՝ ինչպես միշտ, այս հարցում էլ մեզ կհաջողվի գալ համաձայնության, ընդհանուր հայտարարի»։ Ուշագրավ է, սակայն, որ Արամ Սարգսյանը կտրականապես հերքեց, թե նման քննարկումներ են ընթանում։ «Գուցե «Քաղաքացիական պայմանագրում» սկսել են նման քննարկումներ, բայց «Հանրապետություն» կուսակցությունում նման քննարկումներ դեռեւս չկան»,- ասաց նա։ Արամ Սարգսյանը չի կարող ասել՝ առաջիկա ընտրություններին դաշինքը միասնաբա՞ր կմասնակցի, թե՞ առանձին-առանձին: «Ելք» դաշինքը, Սարգսյանի խոսքով, ներկայումս թե՛ խորհրդարանում, թե՛ քաղաքապետարանի ավագանիում աշխատում է համագործակցությամբ՝ առանց որեւէ պրոբլեմի։ «Մարդկային առումով էլ խնդիրներ չկան։ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նախկինում, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն, եւ ժամանակը ցույց կտա՝ «Ելք» դաշինքը միասնակա՞ն կգնա, առանձի՞ն, թե՞ կուսակցություն կդառնա։ Բոլոր տարբերակներն էլ քննարկման թեմա են»,- ասաց նա։ Կուսակցություններն իրենց ներսում պետք է սկսեն քննարկումներ, որից հետո պարզ կդառնա՝ կպահպանվե՞ն ներկա դաշինքի ձեւաչափն ու ստորագրած փաստաթղթում եղած կետերը, թե՞ ոչ։

«Չեմ բացառում նաեւ առանձին գնալը, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր արդեն համաժողովրդական շարժումից հետո բոլորովին այլ կարգավիճակում է։ Կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակները եւ ըստ այդմ էլ կշարժվեն։ Կարող եմ ասել, որ մենք երբեք որեւէ միավորումում կամ դաշինքում չենք եղել աղքատ բարեկամի կարգավիճակում եւ առաջիկայում էլ չենք լինի»,- ասում է Արամ Սարգսյանը։ Սակայն փաստ է, որ համաժողովրդական շարժմանը չաջակցեցին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, եւ արդյոք արդարացի՞ է, ու բարոյական իրավունք ունե՞ն Փաշինյանի ռեյտինգի ներքո մասնակցել ընտրություններին։ «Արդարն ու անարդարը որոշում է հանրությունը, մեզանից յուրաքանչյուրս, այնպես որ՝ դա խիստ անհատական ու հարաբերական է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X