Առանց ԼՂ հարցի լուծման՝ ժողովրդավարությունն արմատներ չի գցի Հայաստանում

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը հեղափոխություն էր ներքեւից: Կոռուպցիայի եւ տնտեսական լճացման դեմ ընդվզումը ներհատուկ է հետխորհրդային երկրներին, եւ նման նախադեպեր արդեն եղել են Ուկրաինայում եւ Վրաստանում: Մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին: Ամերիկացի հեղինակավոր վերլուծաբանը թվարկեց այն հիմնական քայլերը, որոնք, իր կարծիքով, պիտի կատարի Հայաստանի նոր կառավարությունը՝ իրական առաջընթացի հասնելու համար: Դրանց թվում առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը, առանց որի ժողովրդավարությունն արմատներ չի գցի, եւ պատերազմը կամ առնվազն «սառեցված հակամարտությունը» թույլ չեն տա Հայաստանին ազատվել Ռուսաստանի կոռումպացված, լճացած, հետամնաց եւ ռեպրեսիվ ուղեծրից:

- Պարոն Բլանկ, ի՞նչ կասեք ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Կարծում եք՝ տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, եւ որո՞նք էին Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ ընդվզման հիմնական գործոնները:

Նախ՝ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, իսկական հեղափոխություն էր ներքեւից, որը հարուցվեց կոռումպացված կառավարության նկատմամբ ժողովրդական ատելության պատճառով: Այդ կառավարությունն օրը ցերեկով խաբում էր մարդկանց եւ թալանում էր երկիրը: Այսպիսով, ակնհայտ է, որ հեղափոխությունն սկսվեց ինքնաբուխ կերպով ներքեւից՝ ինչպես լինում է բոլոր իսկական հեղափոխությունների ժամանակ: Թեեւ հեղափոխությունը շուտով գտավ իր առաջնորդին՝ ի դեմս պարոն Փաշինյանի, այն ստանում էր իր էներգիան նույն չափով, եթե չասենք՝ ավելի, թե՛ ներքեւից եւ թե՛ շարժման ղեկավարությունից, նույնիսկ եթե այն շատ խորաթափանց էր: Ես նաեւ կարծում եմ, որ կոռուպցիայի եւ տնտեսական լճացման դեմ ընդվզման խթանները ներհատուկ են հետխորհրդային պետություններին, օրինակ, Ուկրաինային՝ 2004-ին եւ 2014-ին, Վրաստանին եւ այլն:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նոր կառավարությունը՝ իրական բարեփոխումներ իրականացնելու եւ իրական առաջընթացի հասնելու համար:

Իրական եւ տեւական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Պետք է վերջ տրվի հանրային կարծիքի եւ այլախոհության ճնշմանը: Բայց նաեւ քայլեր պետք է ձեռնարկվեն ԼՂ հարցի լուծման ուղղությամբ՝ դուրս գալու փակուղուց եւ հասնելու իրական խաղաղության: Այս վերջին կարեւորագույն պայմանի բացակայության դեպքում ժողովրդավարությունն արմատներ չի գցի, եւ պատերազմը կամ առնվազն «սառեցված հակամարտությունը», պատերազմի մասին խոսակցությունները կարգելակեն քայլերը ժողովրդավարության ուղղությամբ, թույլ չեն տա Հայաստանին ազատվել ռուսական կոռումպացված, լճացած, հետամնաց եւ, վերջապես՝ ռեպրեսիվ ուղեծրից:

- Ինչպե՞ս են Հայաստանի իրադարձությունները գնահատվել Արեւմուտքում, Միացյալ Նահանգներում: Եթե մենք հիմա ավելի մոտ ենք ժողովրդավարությանը, կարծում եք՝ դա ավելի՞ է մեզ մոտեցնում Արեւմուտքին, արեւմտյան արժեքներին եւ կառավարման արեւմտյան մոդելին:

Ըստ էության, ես գրեթե չեմ տեսել որեւէ հանրային մեկնաբանություն Ամերիկայում, թե ինչպես է այս հեղափոխությունը գնահատվել, եւ սա մեծ հիասթափություն ու ողբերգություն է, քանի որ կորցնում ենք հնարավորությունը առաջ մղելու ե՛ւ հայկական, ե՛ւ ամերիկյան շահերը եւ միաժամանակ ավելի լայն ու անսքող դեր ստանձնելու բարեփոխումների հրապարակային աջակցության հարցում: Ես չեմ կարող խոսել եվրոպացիների արձագանքի մասին, քանի որ չեմ հետեւել նրանց: Բայց ես չեմ կասկածում, որ եթե Հայաստանի կառավարությունը մոտենա իրական ժողովրդավարությանը, Հայաստանը ոչ միայն կդիտվի որպես ավելի մոտիկ երկիր արեւմտյան արժեքներին եւ կառավարման մոդելներին, այլեւ իրեն ավելի համապատասխան կզգա Արեւմուտքի հետ:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանություն
X