Չբացվող նամակներ

Թավշյա հեղափոխության թեթև՝ համարյա թավշյա ձեռքով հայ հասարակությունը դառնում է «տեղեկատվական»: Վերջին ամսում այնքան տեղեկատվություն թափվեց գլխներիս, այնքան փոխվարչապետ, մարզպետ ու տեղակալ-օգնականներ նշանակվեցին (նշանակվածներից արդեն հրաժարական տվողներ էլ կան), այնքան շատ տեղեկություններ ու ասեկոսեներ հնչեցին նրանց հասցեին, որ վտանգ կա, թե առաջիկա օրերին, երբ նշանակումների հեղեղը բնականորեն կմարի (հուսանք), տեղեկատվության հեղեղին արդեն ընտելացած հանրությանը դժվար կլինի պահել «կուշտ» վիճակում:

Որ հայ հասարակությունը վերածվում է տեղեկատվականի, փաստում են ոչ միայն տեղեկատվության սպառող շարքային քաղաքացիները։ Տեղեկատվության հսկայական արժեքը գիտակցել և դա ի պետս յուրյանց օգտագործում են անշուշտ նաև պաշտոնյաները: Միայն այն տարբերությամբ, որ նրանք տեղեկատվության սպառողի ցածր կարգավիճակից մագլցել-հասել են մատուցողի կարգավիճակի: Այո, նրանց մոտ անդառնալի խորացել է տեղեկատվություն մատուցելու մարմաջը, ուստի վերջիններս ամենուր են՝ հեռուստա-ռադիոստուդիաներում, մամուլի ակումբներոմ, զանազան միջոցառումներում, սոցիալական ցանցերում: Նոր իշխանությունը, որդեգրելով կառավարման բաց և թափանցիկ աշխատաոճ, իր վրա է վերցրել նաև հասարակության համար անհրաժեշտ տեղակատվության մատուցման պարտականությունը, բայց դա, որքան էլ զարմանալի հնչի, հղի է վտանգներով:

Վտանգներից մեկն այն է, որ տեղեկատուի կարգավիճակով գայթակղված՝ նրանք իրենց համար իսկ աննկատելի դառնում են հասարակությանը առավելապես դրական տեղեկատվությամբ համակելու խոսափողներ։ Իսկ դա գրեթե անխուսափելի է, եթե նկատի ունենանք, որ նորերը իշխանության են եկել արմատական փոփոխություններ ակնկալող հասարակական պահանջով, հետևաբար իրենց նաև պատասխանատու են զգում այդ պահանջը բավարարելու առումով։

Բայց առավել մեծ վտանգը, մեր կարծիքով, այն է, որ տեղեկատվություն տալու երանելի ջանքի մեջ նրանք մոռանում են մի բան, որի համար «կանչված» են՝ հանրությունից տեղեկատվություն վերցնելու, դրանք մշակելու և իրենց գործունեությունը դրանց վրա հիմնելու իրենց պարտականությունը: «Վերևներն» արդեն այնքան են տարված տեղեկատվության տիրապետողի, դրանով բավարարվողի նոր դերով, որ «ներքևները» ճարահատ սկսել են բաց նամակներով հեղեղել տեղեկատվական հարթակներն ու տիրույթները, նամակներ, որոնք, սովորաբար չեն «բացվում»։

Մինչդեռ իշխանություն-հանրություն կապն արդյունավետ և ամուր է լինում, երբ վերջինս իր խնդիրները բարձրաձայնելու համար չի դիմում բաց նամակների։

Լևոն Սարգսյան

Մեկնաբանություն
X