Շփման գծում նկատվում են ադրբեջանական զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ կուտակումներ. ԱՀ ՊՆ

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ: Այս մասին ասվում է Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություն
X