18 տարվա պաշտոնյան լքում է Գյումրին՝ մեկնելով Երևան

Մի քանի օր է, ինչ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։ Նա այս պաշտոնին էր 2002թ-ից եւ Շիրակի մարզ էր ուղեգրվել մայրաքաղաքից։ Գյումրեցիների խոսքերով՝ Խաչատուր Պողոսյանն այսքան տարիների ընթացքում, աշխատելով բոլոր մարզպետների հետ, ամեն առումներով հասցրել էր թրծվել։

Աշխատակազմի ղեկավարից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե հատկապես ինչով էր պայմանավորված իր աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը։

«Հեռանալուս առիթն, այո, այսօրվա փոփոխություններն էին, բայց պատճառը մի քիչ ավելի խորքային է։ Ես 18 տարուց ավելի է Գյումրիում եմ աշխատում, 1999 թ-ից Շիրակի մարզ եմ եկել։ Հիմա հիմնական պատճառն այն է, որ հուլիսի մեկից հանրայն ծառայության մասին օրենքը փոխվում է եւ աշխատակազմի ղեկավարները դառնում են գլխավոր քարտուղարներ, որով կարգավիճակի փոփոխություն է տեղի ունենում, ըստ էության կազմակերպչական պատասխանատու ես դառնում եւ կարելի է ասել, որ սպասարկումը կազմակերպող ղեկավար ես դառնում։ Երկրորդ պատճառ նույնպես կարող եմ ասել։ Ի վերջո իշխող կուսակցությունն էլ հայտարարել է , որ մարզում իշխանությունը փոխվելու է։ Այո, ողջունելի է, երիտասարդներ են գալիս, համենայնդեպս ղեկավարությունը փոխվում է, առաջին ղեկավարը հենց աշխատակազմի ղեկավարն է։ Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե պաշտոնից կառչած եմ, նման բան չկա։ 18 տարի անց ավելի քիչ լիազորություններով նույն բանը սկսելը, այն դեպքում, երբ ես գյումրեցի էլ չեմ, արդեն անիմաստ է»-hraparak.am-ի հետ զրույցում պարզաբանեց Խաչատուր Պողոսյանը՝ ընդգծելով, որ իրեն ոչ ոք չի ստիպել դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից, ու չնայած աշխատանքային պայմանագրի ժամկետը այս տարվա դեկտեմբերին էր լրանում էր, այնուամենայնիվ սպասելն անիմաստ է համարում․ «Ընտանիքս Երևանում է արդեն, եւ ես էլ վերադառնում եմ տուն»,-ավելացրեց նա։

Ի դեպ, Խաչատուր Պողոսյանը լրացնում էր այն պաշտոնյաների շարքը, որոնք Շիրակի մարզ էին մեկնել «խոպանչու» կարգավիճակով։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X