100 տոկոսով մի՛ վերցրեք շտեմարանի բոլոր վարժությունները․ առաջարկում է լեզվաբանը

Վիճահարույց, ցավոտ մի շարք խնդիրների մասին է հասցրել արդեն բարձրաձայնել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ լատինատառ հայերեն, օտարալեզու միջոցառումների ժամանակ մայրենի լեզվով ուղեկցվող պարտադիր թարգմանություն։ Հերթը հասել է շտեմարաններին։ «Գիտելիքի ստուգման այս ձեւը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց միեւնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական եւ վերլուծական մտածողությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանի հեղինակած թեստերի շուրջ։ Իսկ ավելի ուշ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը լեզվաբանին առաջարկեց հեղինակել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի շտեմարանը։ Մեզ հետ զրույցում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը նշում է, որ ինքը ի սկզբանե դեմ է եղել շտեմարաններին։ «Երբ չկային շտեմարաններ, ես կազմել եմ թեստեր՝ առանց շտեմարանների։

Ընդհանրապես միջազգային թեստաբանության չափանիշներով այդ թեստը ստացավ գերազանց գնահատական։ Սակայն դա առաջացրեց հանրության բուռն վրդովմունքը։ Բոլոր հարցերը վերցված էին դպրոցական դասագրքերից։ Բայց քանի որ չկար շտեմարան, դա անակնկալ էր կրկնուսույցի, հանրության համար։ Եթե չկար շտեմարան, երեխան պետք է 4-12-րդ դասարանների բոլոր դասագրքերը շատ լավ, խորապես ուսումնասիրած լիներ։ Այդ թեստերի կիրառության ժամանակ չկար կոռուպցիա, միջին բալը 11,8-ն էր։ Ամբողջ հանրապետությունում երկու հոգի ստացան 20 գնահատական, 60 հոգի ստացան 18-20 գնահատական։ Այն ժամանակ աղմուկ բարձրացավ, որ պետք է լինի շտեմարան։

Ասում էին՝ թող լինի շտեմարան, դիմորդը լուծի առաջադրանքները, իմանա, թե որ գրքից է»,- նշեց լեզվաբանը։ Իսկ հիմա, ըստ նրա, որոշ կրկնուսույցներ երեխաներին ստիպում են անգիր անել վարժությունների պատասխանները։ «Որոշ մասնագետներ շատ լավ պարապում են ամբողջ ծրագիրը, իսկ շտեմարանը դիտվում է որպես վարժությունների ձեռնարկ, սկսում են լուծել վարժությունները։ Իհարկե, այս երկրորդ ճանապարհով գնացողների համար շտեմարանը շատ լավ տարբերակ է։ 12-րդ դասարանում, հունվարից հետո զբաղվում են շտեմարան լուծելով։ Այսինքն՝ դու պարտավոր ես մինչեւ 12-րդ դասարան գիտելիքներ ստանալ, իսկ արդեն 12-րդ դասարանում, շտեմարանների հիման վրա ստուգել քո գիտելիքները»,- ասաց մեր զրուցակիցը։

ԵՊՀ դասախոսը նկատում է, որ անգիր անելով դիմորդները ստանում են որոշակի միավորներ, սակայն չեն իմանում ո՛չ նորմալ ուղղագրություն, ո՛չ կետադրություն։ «Հստակ պետք է որդեգրվի այն քաղաքականությունը, որ պետք է շատ լավ սովորեն դպրոցական դասագրքերը 7-րդ դասարանում, 8-րդ դասարանում, 10-րդ դասարանում։ Եթե ուսուցիչը շտեմարանը ձեռքին է մտնում դպրոց, նրան պետք է վտարել դպրոցից։ Իսկ 12-րդ դասարանում պետք է լուծի շտեմարանի վարժությունները։ Շտեմարանի մեջ կան վարժություններ, որոնք ներառում են դպրոցական ծրագիրը։

Այսինքն՝ շտեմարանը պետք է դիտարկել որպես վարժությունների ժողովածու, որը երեխան պետք է օգտագործի միայն 12-րդ դասարանում՝ համոզվելու՝ ինքն անցած տարիների ընթացքում ստացե՞լ է համապատասխան գիտելիքներ, կարո՞ղ է լուծել այդ առաջադրանքները։ Մենք մի ուրիշ առաջարկ էլ ենք արել․ մենք ասել ենք՝ 100 տոկոսով մի՛ վերցրեք շտեմարանի բոլոր վարժությունները։ 10 հարցը վերցրեք դպրոցական դասագրքերից։ Դարձյալ չընդունվեց մեր առաջարկը։ Այսինքն՝ գերազանց գնահատականի հավակնողը թող շտեմարանում չգտնի այդ վարժությունը, թող նա տարիների ընթացքում յուրացրած գիտելիքներով ապացուցի, որ ինքը գերազանցի է արժանի։ Ես մասնակիորեն կողմ եմ շտեմարաններին, մասնակիորեն՝ դեմ»,- առաջարկում է Փառանձեմ Մեյթիխանյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X