ՀՔԾ-ի քննիչների աշխատասենյակներում որևէ պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի․ Փաշինյանը ներկայացրեց ՀՔԾ պետին․ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրեց կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

Փաշինյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց արդեն նախկին պետ Վահրամ Շահինյանին, իսկ Սասուն Խաչատրյանին մաղթեց հաջողություններ առաջիկա աշխատանքներում։

Վարչապետը նաեւ նշեց, որ ՀՔԾ-ի առաջ դրված խնդիրներից ամենակարեւորներից մեկը 2008 թվականի Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է․ «Այն , ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ որ մենք ուզում ենք։ Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանիցպետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան։

Ուզում եմ հստակ ընդգծել, որ Հատուկ քննչական ծառայության առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը, եւ ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը։ Եվ հիմա ուզում եմ ի վերջո լուծել իմ եւ ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ։ Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպիտի լինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ... Կարծում եմ, որ ամենակարեւոր գործերից մեկը, որը պետք է անի ՀՔԾ-ն, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է»։

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է եղել: Հունիսի 8-ին, կառավարության որոշմամբ, Վահրամ Շահինյանն ազատվել էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X