«Թատրոն՝ տանիքում». ալտերնատիվ տարբերակ՝ դասական թատրոնին

Ռեժիսոր Մխիթար Դանիելյանն ու դերասանուհի Շողեր Խաչատրյանը դեռ ուսանելու տարիներից ինքնարտահայտման հարթակներ էին փնտրում, որն ալտերնատիվ լիներ դասական թատրոնին։ Թեեւ տանիքում ներկայացում անելու միտքն ավելի վաղ կար, բայց համապատասխան պիեսը չէր գտնվում, ուստի՝ նաեւ հիմնավորումը, թե ինչու հենց տանիքում։ Մխիթար Դանիելյանի ավարտական աշխատանքը կանգ է առնում ուկրաինացի հեղինակ Նեդա Նեժդայի «Միայնության ինքնասպանություն» գործի վրա, որի իրադարձությունները կատարվում են տանիքում։

Տանիքում արված ներկայացումը դառնում է նոր թատերախմբի ստեղծման հիմքը, որը հենց այդպես էլ կոչվում է․ «Թատրոն՝ տանիքում»։

Ներկայացումը հաջողությամբ բեմադրվում է եւ ստանում մասնագետների բարձր գնահատականը։ «Այս ներկայացումը, գաղափարն ինքնին ռիսկային էր, որովհետեւ չէր եղել նման բան Հայաստանում, ու չգիտեինք, թե մեր ավանդական թատրոնի մասնագետները ոնց կնայեին դրան,- ասում է Մխիթարն ու նկատում՝ քանի որ իրենց նախաձեռնածն ալտերնատիվ թատրոն էր ու ծախսատար, վարկ է վերցնում բանկից։- Դա ռիսկային էր այնքանով, թե գաղափարն արդյոք կհաղթի՞ ու հետ կբերի՞ այն գումարը, որ կարողանան բոլորը վճարվել։ Պատկերացրեք՝ մենք գումարը հետ բերեցինք, փակեցինք վարկը եւ գոնե զրոյի վրա կանգնեցինք։ Իսկ հաջողեցինք, որովհետեւ մեզ պես ինտուզիազմով մարդիկ հավատացին գաղափարին, ինչն ամենակարեւորն էր այս գործի հաջողության մեջ»։

Շողերն ասում է, որ իրենց՝ դերասանների համար էլ հաճելի էր խաղալ նման տարածության մեջ․ «Իրականում շատ արտասովոր էր նման պայմաններում խաղալ, 14, 16-րդ հարկում ենք խաղացել, հիմա նոր խաղաշրջանում կփորձենք 18-րդ հարկում խաղալ»։ Դերասանուհին նկատում է՝ սա ոչ թե իրենց համար փող աշխատելու տարբերակ է, այլ նախեւառաջ հաճույք՝ աշխատել նման էքստրեմալ պայմաններում․ «Սա նոր ձեւի թատրոն է, որովհետեւ հանդիսատեսը հիմա ո՛չ դերասանական խաղից է զարմանում, ո՛չ թատերական հնարքներից։ Այս տարբերակում նա գալիս է մինիմալ մի դաշտ, որովհետեւ տանիքում մենք ոչինչ չենք դրել, բացի աստիճանից։ Այսինքն՝ իրավիճակը շատ ռեալիստական է՝ լույս, աթոռ, սեղան, լուսին եւ քամի, որոնք դառնում են արդեն գործող ռեկվիզիտ, ներկայացման դեկոր»։

Միայն առաջին հայացքից է թվում, որ նման թատրոն ունենալը ծախսատար չէ՝ իր խոսքում նկատում է Շողերը, բայց տոմսեր վաճառելու ընթացքում հասկացան, որ բավականին գումար է պահանջվում, որովհետեւ անձնակազմից մինչեւ բեմ, լույս, ձայն, գրիմյոր, բարձրանում են տանիք։ Այդ ամենից բացի, կա նաեւ տարածքի վարձակալության խնդիր, որը բավականին թանկ արժե։

Առաջին հաջող ներկայացումից հետո թատերախումբը հասկացավ, որ գաղափարը պետք է շարունակություն ունենա, ավելին՝ ինչպես Մխիթարն է նշում, այս տարի ընդլայնվելու են, եւ լինելու է մի քանի հարթակ։ Ըստ այդմ՝ լինելու են ներկայացումներ ոչ միայն տանիքում, այլ նաեւ սրճարանում, որը հուլիսին արդեն պատրաստ կլինի։ Կլինեն ներկայացումներ նաեւ տանը, տրանսպորտի մեջ․ «Մենք այս քայլով ավանդական թատրոնին ոչ թե մարտահրավեր ենք նետում, այլ, իմանալով ավանդական թատրոնը, կանգնում ենք պինդ հողի վրա ու ձգտում ենք ավելիի։ Բրենդը կլինի «Թատրոն՝ տանիքում»-ը, որի տակ կլինեն տարբեր հարթակներ, որոնցից յուրաքանչյուրը կունենա էքստրիմի իր սիրահարներին, եւ ամեն մեկի համար կգա իր հանդիսատեսը»։

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա մի քանի ներկայացում խաղալուց հետո հասկացան, թե ով է իրենց հանդիսատեսը․ դա այն մարդիկ են, ովքեր գնում են փաբեր, ակումբներ ու նախընտրել են գալ ալտերնատիվ թատրոն․ «Մեր հանդիսատեսը սովորական թատրոն գնացող հանդիսատեսներից չէ, այլ այն մարդն է, որ նոր բան է ուզում գտնի եւ երեւի գտնում է մեր ներկայացումների մեջ»։

Թատրոնի պրոդյուսեր Արտաշես Դավթյանն ասում է, որ ցանկացած մարդ կարոտ է լավ թատրոնի, ներկայացման, բայց․ «Այն ֆորմատը, որ տասնամյակներ, դարեր շարունակ եղել է՝ բեմ, կուլիսներ, հանդիսատես, որի հետ ոչ ոք չի մրցում, արդեն դասական է, բայց մյուս կողմից դա դեռ չի նշանակում, որ այն շարունակում է մնալ արդի։ Մարդիկ այսօր կարծես չեն ուզում գնալ ստատիկ թատրոն, ալտերնատիվը շատ կարեւոր է, որովհետեւ թեկուզ այդ ձեւաչափում, բայց, միեւնույն է, թատրոնը շարունակում է գործել։ Այդ առումով մեր թատրոնն էլ, ըստ էության, հեղափոխական է, որովհետեւ ալտերնատիվ է կլասիկ թատրոնին։ Մենք ունենք գաղափարներ, որ անընդհատ քննարկում ենք, որովհետեւ այս ձեւաչափի թատրոնն ակտուալ է։ Հանդիսատեսը շատ տարբեր է լինելու, սա այն թատրոնն է, որ ինքն է գնում հանդիսատեսի մոտ։ Մենք պլանավորում ենք ունենալ տարածքային բեմահարթակներ, որոնք հետագայում կլինեն Հայաստանի տարբեր կետերում։ Այսինքն՝ մենք ընդառաջ կգնանք հանդիսատեսին եւ չենք ասի՝ արի թատրոն։ Եթե այսօրվա Հայաստանը նոր է, մենք մնացած ոլորտներում էլ պետք է ցույց տանք այդ նորությունը եւ մեր սփյուռքահայ բարեկամներին ցույց տանք, որ ավելի լավ բաներ կարող ենք անել, քան այն երկրներում, որտեղ իրենք ապրում են»։

Թե ինչպես են կարողանալու այդ շարժական հարթակներում հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել, Արտաշես Դավթյանն ասում է, որ այդ գործոնը ստուգելու համար իր ծանոթներին հրավիրել է սրճարան՝ հասկանալու փոխազդեցության աստիճանը։ «Այդ ընթացքում մենք հասցրինք միմյանց հետ շփվել, գնահատել նաեւ խաղը, էմոցիաներ կիսել։ Այսինքն՝ ինքը շատ հետաքրքիր տարբերակ է։ Ի դեպ ասեմ, որ այդ ժամանակահատվածի համար սրճարանը փակվելու է»։

Դերասանուհի Շողեր Խաչատրյանն էլ իր դիտարկումն ունի այս հարցում․ թվում է, թե տանիքում մարդկանց ուշադրությունը շեղող հանգամանք չկա, բայց նույն այդ լուսինը, աստղերը տարածության մեջ մարդկանց շեղում են, սկսում են ուշադրությունը դրանց վրա սեւեռել․ «Տանիքում դժվար է նաեւ խոսքի առումով, որովհետեւ այդ տարածության մեջ ձայնդ ուղղակի կորում է»։ Ռեժիսոր Մխիթար Դանիելյանն էլ համոզված է, որ ուշադրությունը պահելու հարցը ռեժիսորի խնդիրն է, դերասանը ցանկացած դեպքում պետք է իրեն ազատ զգա, տիրապետի իր կերպարին եւ տվյալ վայրին․ «Մեր առաջ դրված խնդիրներից մեկը հենց այն է, որ թատրոնը չի մեռել, ու այն մարդիկ, ովքեր հիասթափվել են թատրոնից կամ թատրոնի դասական պատկերացումներից, մենք իրենց լավ իմաստով «կստիպենք» գալ թատրոն, որ գուցե մեզ մոտ գալով՝ իրենք շրջվեն նաեւ դեպի դասական թատրոն»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X