Գոնե վարչապետին լսեք

Եթե մեր առաջ խնդիր դնեինք՝ հետեւողականորեն վերլուծել նոր կառավարության քայլերը, այնպես, ինչպես անում էինք նախկինների պարագայում, ապա օրական մի քանի սուր հրապարակում պետք է անեինք նոր նախարարների «զարմանահրաշ» մտքերի ու նախաձեռնությունների, գործադիրում աշխատող օգնական-խորհրդականների «ուշագրավ» պահվածքի, կառավարության՝ իրար հակասող որոշումների ու նախկին ընդդիմադիր կեցվածքին հակասող քայլերի մասին։ Բայց մենք «թողնում ենք, որ աշխատեն», թեեւ իրենք մեզ «չեն թողնում, որ աշխատենք»։

Միայն երկու փաստ բավական է՝ հասկանալու համար, թե որքան է նոր իշխանության խոսքը գործից տարբերվում։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մամուլի քննադատությունն անհրաժեշտ է եւ օգտակար։ Իսկ փաստերը խոսում են այն մասին, որ վարչապետի թիմակիցները բոլորովին այլ կարծիքի են այդ հարցում։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, օրինակ, մեր լրագրողի հարցին ի պատասխան, ուղիղ հայտարարել է․ «Ես «Հրապարակի» հարցերին չեմ պատասխանում»։ Պատճառը թերեւս այն է, որ «Հրապարակն» է գրել Դուշանբե կատարած թանկ ու անկրկնելի ուղեւորության մասին։ Իսկ Ընտրական օրենսգիրք մշակող Դանիել Իոաննիսյանն առհասարակ պատերազմ է հայտարարել «Հրապարակին»․ սպառնում է դատի տալ, բոլոր հակա«Հրապարակային» ստատուսների տակ իր պարտքն է համարում մեր թերթի դեմ ինչ-որ բան գրել, իսկ իր խորհրդանշական անունով կայքն ուղղակի օգտագործում է մեր դեմ հոդվածներ գրելու համար։

Մեզ, իհարկե, քիչ է հուզում Միրզոյանի եւ մյուսների կարծիքը, բայց երբ «նորերը» հայտարարում են, որ մամուլի դեմ ուղղված այս արշավը, որը սկիզբ է առել իրենց իշխանության գալով, «ինքնաբուխ» հանրային արձագանք է, ուզում ենք հիշեցնել, որ գոնե իրենց թիմին զգուշացնեն՝ «բուռն» չարձագանքել։

Մեկնաբանություն
X