Նախարարի սկանդալային բացահայտումները, «հլը մի արի տունն» ու «Սփյուռք» ամառային դպրոցի ճակատագիրը

Սփյուռքի հանրահայտ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս Ֆեյսբուքում «Լայվ» գործիքի միջոցով մի քանի հայտարարություններով հանդես եկավ, նախ ասաց, որ նախարարության «Արի տուն» եւ «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերը հետաձգվում են, ապա նշեց պատճառը։

Ըստ նախարարի՝ իրենք մտավախություն ունեին եւ այժմ էլ ունեն, որ ծրագրերում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր եւ հավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվել տենդերների ժամանակ։

«Ծրագրերը ժամանակավորապես հետաձգվում են, ծրագրերը չեն կասեցվում, խոսքը գնացել է հետաձգելու մասին։ Մենք մտավախություն ունեինք , որ առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր եւ չեն ապահովվել թափանցիկությունը, հավասար մրցակցային պայմանները տենդերների իրականացման ժամանակ։ Սա էր պատճառը, որ մենք մեր առջեւ խնդիր դրեցինք, որ ծրագրերը հարկավոր են ժամանակավորապես հետաձգել, եւ նոր մրցույթ հայտարարվի կազմակերպությունների համար։ Մենք օպերատիվ խումբ ենք ձեւավորել եւ սկսել ենք աշխատել ծրագրերի ուղղությամբ։ Միանշանակ իրատեսական է, որ ծրագիրը կիրականացվի ամռանը, եւ այդ ընթացքում մենք կկարողանանք մրցույթներ հայտարարել եւ իրագործել ծրագիրը։ «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը կհամատեղվեն»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրերը հիմնականում կիրականացվեն, նախնական տվյալներով, օգոստոսի 10-ից։ Դրսում ապրող մեր հայրենակիցներին, որոնք հնարավորություն են ունեցել արդեն իսկ գնված տոմսի ժամկետը փոփոխել, կսպասեն օգոստոսի 10-ին, իսկ մոտ 150 հոգի, որոնք տեխնիկական պատճառներով չեն կարողացել ետ վերադարձնել տոմսերը կամ փոխել ժամկետները, նախարարությունը նրանց կաջակցի, եւ իրենց համար ծրագիրը կիրականացվի հուլիսին։ Կհայտարարվի նոր մրցույթ, կմասնակցեն բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կապ չեն ունենա նախարարության աշխատակիցների, ՊՈԱԿ-ների հետ։

Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախատեսված է 4 փուլ անցկացնել ծրագրերի շրջանակում․ «Հուլիսի 1-ից սկսվում է մինչեւ օգոստոսի 11-ը եւ հետո սկսվում է օգոստոսի 10-ից մինչեւ օգոստոսի 25-ը։ Դա արդեն ընդհանուր ծրագիր է։ Երկուշաբաթանոց ծրագրեր են լինելու»։

Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ նախարարի հայտարարությանը՝ դեռ Հրանուշ Հակոբյանի ժամանակներից աշխատած պաշտոնյան նշեց․ «Այդ հարցերով զբաղվել է մեր համապատասխան ՊՈԱԿ-ը, մենք զբաղվել ենք միայն կազմակերպչական հարցերով, դրա համար ես այդ մասով չեմ կարող տեղեկություն Ձեզ տալ, մանավանդ, որ ուսումնասիրություններ կատարվում են, պատկան մարմինները կատարեն, որից հետո կլինի կոնկրետ եզրակացություն, բայց մեր վարչությունը նմանատիպ հարցերով չի առնչվել։ Ինձ թվում էր՝ դա պետք է պարզ լիներ, բայց որ տվեցիք, պատասխանեցի։ Ես գիտեմ, որ ՊՈԱԿ-ն է կազմակերպել, Ձեր հարցից հարց առաջացնելը ինձ համար հետաքրքիր էր, դրա համար ասում եմ՝ ուզո՞ւմ եք ավելի սպառիչ պատասխան, կարող եք մամուլի պատասխանատուի հետ կապվել։ Բայց Դուք ինձ զանգեցիք մի հարցով, ես հարգեցի որպես լրագրող, թե տենդերները երբ են տեղի ունենում, հիմա սկսում եք հարցազրույց անել»։

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը չցանկացավ խոսել Հայրապետյանի «բացահայտումների» մասին, միայն նշեց, որ դա նախարարի կարծիքն է. «Ես որեւէ բան չեմ ուզում ասել, ես հանգստի մեջ եմ գտնվում։ Թող միառժամանակ անցնի։ Ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն անել, 100 օր թող աշխատի, նոր հարցազրույց կտամ։ Ես չեմ խուսափել, միշտ պարզաբանել եմ, բայց չեմ ուզում։ Ինչ-որ եղել է, եղել է, իմ անունը հիմա մի հնչեցրեք, ես հիմա չեմ ուզում որեւէ մեկնաբանություն անել։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, ժամանակ ա պետք։ Եթե որեւէ մեկը որեւէ սխալ է թույլ տվել, անպայման օրենքով պատասխանատվության կենթարկվի , հիմա չեմ ուզում ավելորդ մեկնաբանություններ անել։ Եթե որեւէ բան կա, դա օրերի, շաբաթների հարց է, իմաստ չունի էսօր։ Ինչ որ ինքը ասել է, այդ բոլորը իր մոտ կասկածանքներ են։ Երբ կբացահայտվի, ինչ-որ մեկը, եթե սխալ է արել, ապա պատասխանատվության կենթարկվի, հիմա անիմաստ խոսկացություն է, ամեն մեկը մեկին կասկածում է։ Հիմա չեմ ուզում ասել՝ մարդը ինչքանով է կոմպետենտ, ինչքանով կոմպետենտ չի, չարժի այսօր ես նման կարծիք ասեմ»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X