Մարտի 1-ի գործը «սվաղողներից» մեկն էլ Աղվան Հովսեփյանն է

2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հաշված օրեր անց, մարտի 4-ին, ԱԺ գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում «ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին» հարցն էր։ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը կալանավորվեցին, ներգրավվեցին որպես մեղադրյալներ հանրահայտ «Յոթի գործով», իսկ Խաչատուր Սուքիասյանի եւ այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Նրանց նկատմամբ ԱԺ-ն համաներում հայտարարեց 2009թ․ հունիսին։ Գլխավոր դատախազն այն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր։

«Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը Աղվան Հովսեփյանի հրաժարականի լուրն ընդունեց ոգեւորությամբ։ «Ամբողջ աշխարհը գիտի, որ Մարտի 1-ի գործերը շինծու էին, պետական հեղաշրջում էին արել, խլել ժողովրդի հաղթանակը, մարդկանց գնդակահարել են Երեւանի կենտրոնում եւ մեզ մեղադրել են պետական հեղաշրջման մեջ։ Մենք պայքարել ենք, ասել ենք, որ հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարել, որ պետք է բացահայտվի «Մարտի 1-ի» գործը։ Իսկ հանցագործների գործերը «սվաղողներից» մեկն էլ Աղվան Հովսեփյանն է»,- մեզ հետ զրույցում նշեց Մյասնիկ Մալխասյանը։ Նա հիշում է, որ երբ ինքը կալանավորված է եղել եւ եղել է ԱԱԾ մեկուսարանում, Աղվան Հովսեփյանն այցելել է իրեն։

«Ես իրեն այն ժամանակ ասացի, որ ժամանակը գա, իրեն են բերելու այս մեկուսարան, եւ ինքն էլ կգիտակցի, թե ինչ է անում՝ մեզ այդ մեղադրանքը առաջադրելով։ Անգամ այն ժամանակ իրենք հասկացան, որ դա ահավոր ծանր բեռ է եւ չէին կարողանում դուրս գալ այդ բեռան տակից։ Եվ հարկադրված մեր վրայից հանեցին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը , որպեսզի կարողանան հանել պետական հեղաշրջման մեղադրանքը։ Իսկ հետո մեզ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով։ Լինելով իր հայրենակիցը՝ ապարանցի, ինձ եւ Սասուն Միքայելյանին էլ մի հոդվածով էլ ավելի էր մեղադրանք առաջադրել։ Հիմա իրենց առաջադրած շինծու մեղադրանքներ համար, ես կարծում եմ, որ իրենք պետք է պատասխանատվություն կրեն»,- հիշում է մեր զրուցակիցը։

Հիշում է նաեւ, թե ինչպես է Աղվան Հովսեփյանը ԱԱԾ մեկուսարան այցելած ժամանակ իրեն եւ իր ընկերներին առաջարկել կնքել հաշտություն, ինչը տեղի չի ունեցել։ «Այսօրվա հաղթանակը նաեւ մեր պայքարի արդյունքն է, մեր զրկանքներն իզուր չանցան, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կարողացանք հաղթանակել։ Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ՀՀԿ-ականները ելույթներ էին ունենում, չքմեղանում՝ մոռանալով, որ իրենք քննարկել ու վավերացրել են պետական հանցագործությունը, պարետային ժամ են մտցրել եւ, առանց հիմքերի, քվեարկել են իրենց գործընկեր ԱԺ պատգամավորներին կալանավորելու օգտին։ Իրենք բարոյական իրավունք ունե՞ն խոսելու հանդուրժողականությունից»,- հարցնում է նախկին քաղբանտարկյալը։

Մեկնաբանություն
X