Օրենքի կիրառումը միայն հրաժարականներով չէ պայմանավորված

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականին հաջորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրաժարականը։ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազը եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության հիմնասյուներից մեկը։ Ինչպես այլ առանցքային դերակատարների, այնպես էլ Աղվան Հովսեփյանի անվան հետ են կապվում ընդդիմության ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, նրանց տարբեր մեղադրանքներ առաջադրելը, որոնց պատճառով այդ մարդիկ ամիսներ կամ տարիներ են անցկացրել բանտերում, իսկ հետո համաներմամբ կամ այլ վճռով ազատ արձակվել։ Ինչպե՞ս պետք է արձագանքել տարիներ անց, արդեն հրաժարականից հետո, Աղվան Հովսեփյանի նախկին մեղադրանքներին, գործունեությանը, որոնց պատճառով մարդիկ ազատազրկվել են, իրավապաշտպան կազմակերպությունները նրանց ճանաչել են քաղբանտարկյալներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ բավարարել է նրանց վերաբերող որոշ հայցեր՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Փաստաբան Տիգրան Եգորյանը կարծում է, որ պետք է քննարկվեն կոնկրետ առանձին գործողությունները, արարքները պետք է քննարկել եւ դրանց վերաբերյալ տալ քրեաիրավական գնահատականներ։ Սակայն, ըստ փաստաբանի, դա առանձին պրոցես է եւ չի մեկնաբանվում հրաժարականի փաստով։

«Դա արդարադատության համակարգի, դատական իշխանության, ինչպես նաեւ՝ դատախազական համակարգի աշխատանքի արդյունքում համապատասխան փաստեր ի հայտ գալու պարագայում պետք է քննարկվեն։ Հիմա թե ինչ ի հայտ կգա՝ ես չեմ կարող կանխատեսել։ Էական է, որպեսզի բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք քննության փուլում են, առաջին հերթին արժանանան խորքային ուշադրության, եւ եթե այդ հարցերի շրջանակներում կպարզվի, որ որոշ պաշտոնյաներ ունեցել են այնպիսի դերակատարում, որը նախատեսված չէ օրենքով եւ համարվում է պատժելի, բնականաբար, դրանց պետք է տրվի հավուր պատշաճի գնահատական եւ արձագանք։ Դա, իհարկե, չպետք է լինի օբյեկտիվ մեղսայնացման գործընթաց, այլ դառնա կոնկրետ փաստերի, գործերի քննության առարկա։ Եվ օրենքի կիրառումը չպետք է միայն հրաժարականներով լինի պայմանավորված»,- նշեց Տիգրան Եգորյանը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի առողջացմանը, ապա փաստաբանը կարծում է, որ այն չի ենթադրում համակարգի տոտալ փոփոխություն, եւ միայն դա չի կարող լինել առողջացման գրավական։ «Բնականաբար, կան կոնկրետ անձինք եւ խմբեր, որոնք պետք է սեփական օրինակով նպաստեն այդ պրոցեսների խթանմանը, բայց դա չի կարող վերաբերել դատական ամբողջ իշխանությանը կամ նախաքննության մարմնին։ Կառավարության հստակ ուղերձը եւ միջամտության բացառումը կարող են լինել համակարգի առողջացման նախադրյալ։ Իսկ Մարտի 1-ի դեպքերին վերաբերող գործերը պետք է քննվեն արդյունավետ եւ ողջամիտ ժամկետում»,- ասաց փաստաբանը։

Մեկնաբանություն
X