Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողի քույրը ազատվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից

Թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Սոֆի Չիչոյանը այլեւս չի պաշտոնավարում։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լյուբով Շահբազյանը։

Հիշեցնենք, որ Սոֆի Չիչոյանին այդ պաշտոնում նշանակել էր Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, եւ այդ նշանակումը աղմուկ էր առաջացրել, քանի որ Սոֆի Չիչոյանի եղբայրը մեղադրվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ։

ԺՊ Շահբազյանը մեզ չցանկացավ հայտնել, թե ինքը երբ է նշանակվել, եւ թե ինչո՞ւ Չիչոյանը այլեւս չի պաշտոնավարում։

Մեր հարցին ի պատասխան ասաց, որ չի աշխատել թիվ 63 մանկապարտեզում, եղել է թիվ 71 մանկապարտեզի դաստիարակներից։

Շահբազյանը շտապեց միայն տեղեկացնել, որ մասնակցելու է մանկապարտեզի տնօրենի համար նախատեսված մրցույթին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Չիչոյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն. «Մոտ մեկ շաբաթ կլինի, ինչ ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, սահմանված կարգի համաձայն կհայտարարվի մրցույթ»։

Աննա Ստեփանյանը նշեց, որ ԺՊ-ի ընտրությունը կատարել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը։

Նշենք, որ Արտաշես Չիչոյանը և մի խումբ անձինք հունիսի 4-ին, մոր աչքի առաջ, այնքան էին ծեծել 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանին, որ նա մարմնական վնասվածքներից մահացել էր։ Մամուլն այն ժամանակ գրեց, որ Չիչո մականունով Արտաշես Չիչոյանին և Չիչոյանների ընտանիքին են «պատկանում «Էրեբունի+» տաքսի սերվիսը, «Լիդո» ռեստորանը, իսկ Չիչոյանի հորեղբայրը Ղազախստանում գողական աշխարհի հայտնի դեմքերից է։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X