Առաջ չընկնենք․ հորդորում է ՀԱԿ անդամը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ համագործակցելո՞ւ են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ, թե՞ կլինեն ընդդիմադիր։ «Ի՞նչ է նշանակում հանդես գալ որպես ընդդիմադիր։ Շատ բնական գործընթաց է։ Ոչ մի խնդիր չկա, պրոբլեմ չկա, այդպիսի հարցադրումներ մեզ մոտ չեն էլ հնչում։ Մենք սովորական աշխատանքային գործունեությամբ ենք զբաղված»,- արձագանքեց մեր զրուցակիցը։

Վահագն Խաչատրյանը նշեց, որ իրենք պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Միայնա՞կ կմասնակցեք, թե՞ դաշինքով»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։

«Առաջ չընկնենք»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ո՞րն է Վահագն Խաչատրյանը համարում նոր կառավարության ամենանշանակալից քայլը։ «Բոլորն էլ նշանակալից են»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ «Եղե՞լ է որեւէ սխալ կամ վրիպում այս մեկ ամսվա ընթացքում»,- հարցրեցինք ՀԱԿ անդամին։

«Կարծում եմ՝ այսօր նոր կառավարության աշխատանքը գնահատելու ժամանակը չէ։ Մարդիկ նորմալ կատարում են իրենց պարտականությունները, կգա ժամանակը, ինչ-որ ժամանակ հետո կգնահատենք։ Այս պահին որեւիցե ձեւով գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ժամանակավրե՛պ է»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Մտավախություններ կան, որ կարող է լինել նախկին իշխանության ռեւանշ, կարող է հաղթել հակահեղափոխությունը։ Չէ՞ որ մենք 1998թ․ ականատես ենք եղել դրան։ «Ես չունեմ այդ մտավախությունը»,- ասաց ՀԱԿ անդամը։

Մեկնաբանություն
X