Իշխանության երկու թևերի նկատմամբ ունենք ընդդիմադիր դիրքորոշում․ Արմեն Մարտիրոսյան

Հետհեղափոխական Հայաստանում հատկապես հետաքրքիր իրավիճակում են հայտնվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ պայքարել են ռեժիմի դեմ, բայց այսօր իշխանություն չեն։ Դրանցից մեկն, օրինակ, «Ժառանգությունն» է։ «Ժառանգություն»-ից միայն նրա անդամ Դավիթ Սանասարյանին են նշանակել ՀՀ վերահսկողական ծառայության պետ։ Այս առումով հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նկատմամբ ինչ դիրքորոշում է ունենալու երկարամյա ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես է պատկերացնում իր առաքելությունը քաղաքական դաշտում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է․ «Դավիթ Սանասարյանը որպես «Ժառանգության» անդամ չէ ներկայացված կառավարությունում, այլ որպես Դավիթ Սանասարյան»։ Մեր ճշգրտմանը, թե դադարեցրե՞լ է Դավիթ Սանասարյանն իր անդամակցությունը կուսակցությանը, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց․ «Չի դադարեցրել, բայց ինքը կուսակցությունը չի ներկայացնում։

«Ժառանգությունը» որեւէ պաշտոնական առնչություն չունի նոր կառավարության հետ»։ Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքական դաշտում «Ժառանգության» դիրքավորումը այս պահին չի մտնում քաղաքագիտական որեւէ նորմի մեջ։ «Տեսեք, մենք ԱԺ-ում ունենք այլ մեծամասնություն, եւ կեղծված ընտրությունների արդյունքները չեն փոխվում։ Ուրեմն՝ միանշանակ ընդդիմադիր ենք օրենսդիր իշխանությանը։ Գործադիր իշխանությունը նոր ուժերի ձեռքին է մասամբ, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Սակայն բուրգը, որը ձեւավորվել է գործադիր իշխանության անվան ներքո, ձեւավորվել է ծանոթների, բարեկամների, ընտրակեղծարարների համախմբմամբ։ Դրա համար գործադիր իշխանության վերին հատվածի հետ որեւէ խնդիր չունենք, բայց բուն համակարգն ունի բազմաթիվ ճշգրտումների կարիք։ Դատական իշխանությունը, ըստ էության, ձեւավորվել է ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից տարատեսակ կոռուպցիոն սխեմաներով, տարատեսակ հանցագործություններով, անմեղ մարդկանց դատապարտելու, այդ թվում նաեւ՝ քաղբանտարկյալներ ունենալու պատվերով։

Եվ բնականաբար այդ իշխանությանը եւս ընդդիմադիր ենք։ Մենք ունենք նոր անաչառ, անկախ դատական համակարգ ստեղծելու անհրաժեշտություն։ Իշխանության երկու թեւերի նկատմամբ, մենք, փաստորեն, ունենք ընդդիմադիր դիրքորոշում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Գործադիր իշխանության վերին օղակների հետ «Ժառանգությունը» խնդիր չունի, քանի որ առաջին օրվանից եղել են պայքարի մեջ, ճանապարհ անցել, մասնակցել համաժողովրդական շարժմանը։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, սա էլ է քաղաքագիտական նորմերից դուրս։

«Եթե գործադիր իշխանությունը ձախողի, ապա դա կլինի նաեւ մեր ձախողումը, որովհետեւ հակառակ դեպքում տեղի կունենա ռեւանշ, եւ համաժողովրդական պայքարը կձախողի»,- նշեց «Ժառանգության» փոխնախագահը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ստեղծվել է կազուսային, աբսուրդ իրավիճակ, որի հանգուցալուծման լավագույն ուղին կարող է լինել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X