Նիկոլ Փաշինյանը ճեղքել է անիծյալ շղթան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

- Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ ամիս։ Կառավարության գործունեության, կադրային նշանակումների մեջ եղե՞լ են Ձեզ համար անակնկալներ։

Ո՛չ մի անակնկալ. ամեն բան հրաշալի է արվում: Շատ կուզենայի, որ նույն տրամաբանությունը շարունակվեր:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ այն անվանելով երազանքների երկիր ունենալու ծրագիր։ Ինչպիսի՞ ծրագիր է այն՝ ըստ Ձեզ։

Կառավարության հաստատված ծրագիրը քաղաքական է և իդեալիստական, որի կարիքը Հայաստանն ուներ ավելի քան 20 տարի: Մենք խեղդվում էինք գավառական պրագմատիզմի ճիրաններում. պարոն Փաշինյանը ճեղքել է այդ անիծյալ շղթան:

-Կառավարության՝ երկրում փոփոխությունների հասնելուն ուղղված ո՞ր քայլն եք համարում ամենանշանակալիցը։

Բոլոր քայլերն էլ ընկալելի և ողջունելի են. առանձնացնել դեռևս չեմ կարող որևէ քայլ: Ամենից նշանակալին երևի կլինի այն, երբ կառավարման քաղաքականության մեջ կարձանագրվի հոգևոր-մշակութային ապասովետականացման, ապագաղութացման առաջին քայլը: Ամեն բան ածանցվում է հենց հոգևորից: Շատ կուզենայի, որ ոչ թե երբևէ հասնեինք սրան, այլ սկսեինք սրանից: Իրական քաղաքականությունը, եթե կարճաժամկետ ու դիպվածային չէ, ապա գոյում է հենց հոգևորում. սրա ապացույցն են առաջավոր ազգերի հաջողությունները։

- Նիկոլ Փաշինյանի հետ 2007 թվականից սկսած ընդդիմադիր գործունեության երկար ճանապարհ եք անցել։ Ձեզ եղե՞լ է առաջարկ՝ աշխատելու նրա ղեկավարած կաբինետում։

Վարչապետ դառնալուց ի վեր պարոն Փաշինյանի հետ որևէ կարգի շփում չի եղել:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X