Աննա Հակոբյանի հուզմունքն այնքան մեծ էր, որ չկարողացավ խոսել. վարչապետի կինն ու մշակույթի նախարարը Գյումրիում էին

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շարունակվում են Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» բեմադրության ներկայացումները : Դեռ ամիսներ առաջ hraparak.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը խոսել էր այս ներկայացման մասին՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմը՝ առանց պատերազմական տեսարանների, վառոդի եւ ծխի, գերիշխելու է զգայական եւ հուզական դաշտը: Պետք է նշենք, որ դերասանական կազմին հաջողվեց անել այն, ինչին պիեսի հեղինակ, դրամատուրգ Անահիտ Աղասարյանը ձգտել էր: Առաջնախաղն այնքան հզոր էր, որ ներկայացման տոմսերն սպառվում են աննախադեպ արագությամբ: «Հարսանիք թիկունքում»-ը հասցրել են դիտել մշակույթի եւ շոուի բիզնեսի ներկայացուցիչներից շատերը: Տպավորությունները անգնահատելի էին. արտասվեցին բոլորը: Երեկ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մանկունցը Գյումրու դրամատիկական թատրոն էին այցելել՝ դիտելու «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Բոլոր հանդիսատեսների նման Աննա Հակոբյանն ու Լիլիթ Մակունցը նույնպես չկարողացան զսպել իրենց արցունքները: Վարչապետի տիկինը, որ խոստացել էր ներկայացումից հետո կիսվել տպավորություններով, այլևս չկարողացավ խոսել. հուզմունքը խորն էր: Հատկանշական է, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը առաջին անգամ էր Գյումրու թատրոն այցելում: Նա հիացած էր հանդիսատեսով եւ դերասանական խաղով:

Հիշեցնենք, որ բեմադրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյան է, նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն։

Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։

Ներկայացումն սկսվում եւ ավարտվում է ուրախ նոտայով, սակայն հանդիսատեսին ստիպում են հուզվել միջանկյալ գործողությունները: Գյումրվա շախով-շուխով հարսանիքն ընդհատվում է պատերազմի գուժով: Մեկ վայրկյանում ամեն ինչ խամրում է, թասիբով երիտասարդները պատերազմ են մեկնում՝ թիկունքում թողնելով իրենց սպասող հարազատներին, ծնողներին եւ սիրած կանանց: Պատերազմն առանց կորուստների չի լինում, եւ բոլորը չեն, որ վերադառնում են, բայց որ ամենակարևորն է՝ հարսանիքը կայանում է՝ թեկուզ պատերազմից հետո:

Արեւիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X