Երիքովի անկումը

եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելուիս. եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամեն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան:

Աստվածաշունչ, Հեսու 6:20

Երկար ժամանակ ուզում էի մեր Անդարդ հեղափոխության մասին մի բան գրեմ, բայց մտքիս թելը չէի գտնում, որ ուղեղիս կծիկը քանդեմ: Էդպես՝ մեկ օր, երկու օր, երեք օր… Մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ… մեկ էլ, ըհը՜, ոնց որ գտնվեց։

Էդ օրը վաղ առավոտյան շորերս էի հագնում, որ դուրս ելնեմ: Կինս առաջվա պես գամված էր բազկաթոռին: Նրա անբուժելի ոտքերը շուրջ 21 տարի չգիտեին դուրսն ինչ է: Իսկ էդ պահին դրսում հեղափոխություն էր: Թոռնիկիս մի այլ բան էր հետաքրքրում, թե ուր եմ գնում, որ իր համար ինչ բերեմ: Դրա համար էլ հարցրեց

Պապիկ, ո՞ւր ես գնում…

Ասի. - Գնում եմ քո համար նոր տատիկ բերեմ

Բբա… բբա…,- կարկամեց թոռնիկս,- բա… բազզ… բազզզ… բազկաթոռն էլ հե՞տն ես բերելու…

Դե արի ու էդ երեք տարեկան էրեխուն բացատրի, որ տատիկ չէ, նոր երկիր եմ բերելու, բազկաթոռ չէ՝ հլա դեռ կարող ա շատ ու շատ բաներ էլ հետը բերեմ…

Դրսում երիտասարդություն էր, հոծ բազմություն. ոնց էլ գնում էի, գլխարկներ էին՝ վրան դաջված՝ «դուխով»… Չգիտեի ում հետ խոսամ… Հազարավոր մարդիկ ու հազարն էլ՝ դուխով… Երեւանը նման էր հսկա փեթակի, որտեղ հեղափոխությունն էր բզզում: Ժրաջան մեղուների պես մարդիկ էին՝ բռունցքները վեր պարզած: Օդը թնդում էր ձայներից: Հեղափոխության յոթերորդ օրն էր՝ առաջին պտույտս հարազատ քաղաքում: Գործադուլ էր. հիմնարկությունները չէին գործում, խանութներն ու առեւտրի կետերը փակ էին, երթեւեկ չկար, կրթական հաստատություններում դասադուլ էր… Փողեր էին հնչում, թմբուկներ զարկվում, ականջներս խլանում էին ավտոմեքենաների չընդհատվող ազդանշաններից… Մի մեծ ոգի էր թեւածում քաղաքում՝ անտեսանելի ու անըմբռնելի... Կյանքն ասես կանգ էր առել: Եվ ոչ երջանկությունից… Փողփողուն դրոշներ, «դուխով» գլխագիր դաջվածքներ, Նիկոլի դրոշմով շապիկներ, եռագույնով պաստառված ավտոմեքենաներ… Խելահեղ հորձանքը հեղեղել էր փողոցները:

Քա՛յլ արա՝ մերժիր Սերժին… Քա՛յլ արա՝ մերժիր Սերժին…,- դղրդում էր քաղաքը:

Վարար սելավի պղտոր ջրերն ուր որ է՝ քշել-տանելու էին ամեն ինչ: Մինչդեռ փողոցները խցանված էին: Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեր ու տնօրենը մեր թաղի Սանասարն էր: Դեղին գույնի տաքսին եկել՝ խաչմերուկում դեմ էր առել մարդկային պատնեշին: Վարորդը ցախավելի պես ցցված մազերով էր, քրքրված ջինսով, սպիտակ-կապույտ վերնաշապիկով՝ բենզինի ու քսայուղերի հետքերով, բայց վրայից առավելագույնս օղու եւ սպիրտի հոտ էր բուրում:

Տղերք ջան,- ասաց դաստակի ժամացույցին նայելով,- ես պիտի գնամ՝ հերս ա մեռել…

Իսկ Սանոյին ուրիշ բան էր թվում: Նա էլ կարծում էր, որ կլիենտից զանգ է ստացել ու ընդամենը իր հազար դրամի ետեւից է գնում:

Ո՞ւր ես գնում,- ասաց:

Էջմիածնի Զովունի գյուղ,- դասը սերտած գերազանցիկ աշակերտի պես վրա տվեց վարորդը:

Կարա՞ս ձեր գյուղապետի հեռախոսի համարը տաս,- հարցրեց Սանոն:

Չգիտեմ,- ասաց:

Ախպորդ համարը…

Ախպեր չունեմ…

Քրոջդ համարը…

Քիր էլ չունեմ…

Մորդ համարը…Մերս էլ ա մեռել…,- անդրդվելի էր վարորդը:Արի կլինի՝ զանգենք հորդ,- գյուտ արածի պես փայլատակեցին Սանասարի աչքերը,- ոնց ըլնի-չըլնի՝ մեկը հեռախոսը կվերցնի…

Վարորդն էլ էն գերազանցիկ աշակերտը չէր:

Կգնանք իմ մեքենայով,- համառում էր Սանասարը,- դագաղն էլ՝ իմ կողմից...

Դագաղը դու ինչի՞ ես առնում…,- տարակուսել էր տաքսու վարորդը:

Բա սիրո եւ համերաշխության հեղափոխություն չի՞,- թավշյա, բարյացակամ ժպիտով ընդառաջում էր Սանոն։- Եթե իսկապես հերդ մեռել ա, թող էդ դագաղն ինձանից նվեր լինի, բայց եթե մեռած չլինի,- էստեղ էր, որ Սանոյի թավշյա ժպիտը փոխվեց փշոտ ցոլքերի,- ուրեմն էդ դագաղի մեջ դու պիտի պառկես…

Ալկաշ շան որդի…,- արհամարհանքով ասացին:

Վախդ ա գալիս,- ասաց եւ մի Սիմոն ծերունի՝ խոհուն աչքերով ու սպիտակ, պսպղան բեղ ու մորուքով,- երբ բոլոր խմող մարդիկ դառնում են նույն մարդը՝ թե՛ տեսքով, թե՛ հոգեբանությամբ եւ թե՛ բարոյականությամբ…

Էս վերջերս,- մեկն էլ ընկել էր հիշողությունների գիրկը,- արխիվում մեր գյուղի ծխական մատյանն էի ուսումնասիրում: Ուզում էի իմանամ՝ ովքեր են ապրել, ինչից են մեռել… Սիրուն-սիրուն ձեռագիր էր՝ մարգարիտի պես ուլունքաշար… Տերտերն էր գրել: Գիտեք ի՞նչն էր գրել. ով երբ է մեռել ու ընչից… Անխտիր՝ նույն դիագնոզն էր․ «Մեռավ իր մահով», «Մեռավ իր մահով»… «Մեռավ իր մահով»... անկախ այն բանից՝ հանգուցյալը երկու տարեկան է, տասը, տասներկու, թե քառասուներկու… Միայն մի դեպքում էր կոնկրետ պատճառը գրել: Գրել էր՝ Սաղաթելյան Աշխարհաբեկ Սարիբեկի, հարյուր տարեկան, մեռավ գլխացավից…

Իհարկե, այդ ամենը վարորդին չէր հետաքրքրում: Այլայլված էր: Դժվար է ասել՝ ընդունած օղու դոզայի՞ց, թե՞ Սանոյի եւ մյուսների դիմահար սրսկումներից… Օրորվելով գնաց դեպի դեղին տաքսին… Ղեկի շրջելն ու ոտքը թափով գազի ոտնակին սեղմելը մեկ եղան… Մեքենան սուրաց մեր կողքով:

Տխրությունն անցավ…

Ուրախությունն էլ՝ հետը…

Կանչեցին ետեւից…

Ես էլ մի օրի չէի: Յոթանասունս մոտենում էր: Ասվածը կարող էր եւ իմ տարիքին վերաբերեր: Ես իմ պտույտն էի գործում քաղաքի փողոցներով՝ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ: Եվ իմ հետ Ողջն էր պտտվում՝ ծափողջույններով, զրնգոցով, դղրդոցով, աղմուկ-աղաղակով, գոռգոռոցով, սուլոցով, չխկչխկոցով, ազդանշանելով, շեփորահարելով, հռհռոցով… Եվ մենք ասում էինք՝ մենք ենք տերը մեր երկրի… Եվ մենք էինք տերը մեր երկրի: Կոռուպցիան, կաշառակերությունը, թալանը, անօրինությունը, ունեզրկումը, ստորացումը, անարդարությունը ատելությամբ, թույնով ու թարախով ներծծված մի հսկա պալար էր առաջացրել երկրի սրտում: Նիկոլը եկել էր սիրով, միասնությամբ ու համերաշխությամբ խոցելու այն: «Հաղթահարել ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ»,- ասել ու այդ ամենը հաղթահարել էր Մահաթմա Գանդին, երբ ընդամենը քառասունհինգ կիլոգրամ էր: Իսկ ինչո՞ւ այդ նույնը չէր հաջողվելու Նիկոլ Փաշինյանին, երբ նա արդեն իսկ յոթանասունհինգ կիլոգրամ էր: Վերադասի ձեռքով ստեղծված բուրգը փլվելու եզրին էր: Դա առավել շատ հուզում էր երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին, ով ինքն իրեն շինարար էր համարում: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ քաքով սարքվածը կարող էր եւ շեռով փլվել: Միամտաբար դժգոհում էր երրորդ նախագահից՝ Սերժ Սարգսյանից: Ու մի անգամ էլ անկեղծացել էր.

Կուբիկ, կուբիկն շինալ իմ,- ասել էր,- տվալ իմ քե՝ տու քանդում իս…

Մաշտոցի պողոտայում ջահելությունն անդարդ վոլեյբոլ էր խաղում: Փողոցը վերից վար փակ էր տրանսպորտի համար: Առավել դարդոտվածները վազում էին գնդակի ետեւից ու եռանդով լուսացույցերի արանքից գոլ խփում: Խնամքով կոստյում հագած, կերած-խմած ճաղատը մե՛կ գնդակին նայեց, մե՛կ ինքնամոռաց խաղով տարված երիտասարդներին ու արհամարհանքով ասաց.

Վաղը, մյուս օրը սրա՞նք են երկիրը ղեկավարելու…։

Նա չէր էլ թաքցնում լամբակին փակցված Հանրապետականի ոսկեհուռ կրծքանշանը:

Ինչի՞ որ…,- ասացի:

Երկրի գլուխը,- ասաց,- որբի գլուխ չի, որ ով ասես վրեն դալլաքություն սովորի…

Ախր,- ասի,- ձեր դալլաքն էլ մի բան չի… Քսան տարի ա՝ կտրել, փրթել, արյունլվիկ ա արել էս խեղճ ժողովրդին…

Շրջափակման մեջ ենք,- ասաց,- դիմանալ է պետք, դիմանալ…

Էդ էլ հո մեր գեղի վարսավիր Գեւո՞ն չի,- ասի,- թիզուկես բոյ ունի, ձեռքը իսկի կլիենտի գլխին չի հասնում, բայց անունը դալլաք ա: Թրաշելիս էլ, երբ երեսները կտրում ա, ու մարդիկ համարձակվում են դժգոհել, փոխանակ արյունը չորացնի, հլա դեռ մի բան էլ ինքն ա մուննաթ գալիս… Ասում ա՝ իրանք դիմանում չեն, ասում են՝ ածլիդ փունջ ա…

Էդ մեկը ճիշտ ես ասում,- ասաց ճաղատը,- որ մեր ածելին սուր լիներ, հիմա էսքան ժողովուրդ չէր հավաքվի…

Ասաց, ձեռքը արհամարհանքով թափ տվեց ու վհատ քայլերով հեռացավ մեզանից:

Էդ ո՞վ էր,- հարցրին:

Էդ մարդն էնքան հարուստ ա, էնքան հարուստ ա,- ասին,- որ իրա վարորդը վարորդ ա պահում…

Մաշտոց-Թումանյան խաչմերուկով թեքվեցի դեպի Հյուսիսային պողոտա: Հոծ բազմություն էր հավաքված: Գույնզգույն թաշկինակներ էին փողփողում, բյուր փուչիկներ օդ բարձրանում: Փչում էր զուռնան: Մարդիկ, ուս ուսի տված, ամուր պատ էին կազմել: Թնդում էր հայկական քոչարին: Շատ բան տեսա… Սակայն տեսածս միայն խաղ ու պար չէր: Հինգերորդ եւ վեցերորդ պտույտի ժամանակ ես տեսա, թե Երիքովն ինչպես է պաշտպանվում: Դաժան մարտեր էին: Անառիկ ամրոցի ամրակուռ պարիսպը կազմում էր ազգային ոստիկանությունը, որ զինված էր մահակներով, մարդաբոյ վահաններով, անխոցելի կրծքկալներով, թափանցիկ դիմակներով եւ պլաստիկ սաղավարտներով: Հիմնական մարտերն ընթանում էին Հանրապետության հրապարակում: Նախկինում պայքարի թատերաբեմն Ազատության հրապարակն էր: Այն ժամանակ կռվում էին ազատության համար: Հեղափոխականները սահուն անցում էին կատարել դեպի Հանրապետության հրապարակ: Թավշյա հեղափոխության խնդիրը հանրապետության կերտումն էր: Սարսափելին սեւ դիմակներ հագած հատուկ գունդն էր: Ոտից գլուխ սեւ, հռոմեական լեգեոնի պես գետինը դոփելով՝ առաջանում էին: Դիմակի վրա արված անցքերից նկատելի էին կարմիր մռութներն ու կատաղի սեւ աչքերը: Հարձակվում էին բազմության վրա ու միջից մարդիկ առեւանգում: Բռնում էին, ինչպես անասուններին՝ վերին ու ստորին վերջույթներից, եւ քաշ տալիս դեպի ոստիկանական ավտոբուսները:

Էհե՜յ, ի՞նչ եք անում…,- կատարվածի ազդեցության տակ պոռաց կողքիս տարեց մարդը: Ճիչն ակամայից էր բերանից պոկվել:

Դիմակավորներին էլ նման թիրախ էր պետք: Սեւ գամփռների պես հարձակվեցին զոհի վրա: Անպաշտպան կենդանու պես բռնել էին ձեռքերից ու ոտքերից: Անակնկալ երկյուղից մարդը գիտակցությունը կորցրեց: Դիմակավորները միայն կես ճանապարհին նկատեցին, որ մարդը փալասի պես կախված է իրենցից: Մարդուն իջեցրին գետնին: Բարակ պարանոցի վրա գլուխն անուժ տարուբերվում էր: Օգնեցի՝ երկու ձեռքերս հպելով այտերին: Գլուխը զգուշությամբ տեղավորում էի մայթեզրի քարին: Աչքերը կուլ էին գնում: Գունատ էր: Մաշկը մոմի պես թրթռուն ու թափանցիկ էր, որի դեղնասպիտակ երանգները մերթ ընդ մերթ փոխվում էին կանաչի եւ կապույտի:

Ջուր… ջուր… ջուր…,- գլխապատառ բղավում էի:

Գլխավերեւում մարդիկ հավաքվեցին: Այլեւս կորցրել էի ինքնատիրապետումս: Ինձնից անկախ՝ ուսերս ցնցվում էին: Արցունքի գնդերը գլոր-գլոր ոռոգում էին այտերս: Անճարակությունից հեկեկում էի:

Ի՞նչ է եղել, Լեւոն…

Տիկին Վալյան էր՝ մեր Արմինեի մայրը: Արտասվախառն դեմքս շրջեցի ուշակորույս մարդու կողմը: Լավ էր՝ շտապ օգնության բժիշկներն արդեն առաջին օգնությունն էին ցույց տալիս:

Ես դրանց գլուխը հողեմ…,- աննկարագրելի էր տիկին Վալյայի զայրույթը,- դրանց հակառակ,-ասում էր,- պիտի գնամ հրապարակի կենտրոնում կանգնեմ, ուղիղ կենտրոնում… Հլա տեսնեմ ինձ ի՞նչ են անելու…

Գործ չունես, տիկին Վալյա, խնդրում եմ, խնդրում եմ…,- աղաչանք-պաղատանք էի անում:

Չլսեց: Թեւը ձեռիցս ազատեց ու խրոխտ քայլերով գնաց դեպի հրապարակի կենտրոնը: Անկարող էի նրան հետեւել: Ինձ, հաստատ, էն խեղճ մարդու օրը գցեցին:

Ճարահատյալ՝ զանգեցի Արմինեին: Ասի՝ հենա, մերդ կարմիր մռութավոր ոստիկանների միջով գնում ա դեպի անորոշ ապագա… Ոստիկաններն էլ, ասի, ավելի շատ կատաղած շների են նման…

Աջալն էկե՞լ ա…,- հիմա էլ վրդովվելու հերթն Արմինեինն էր:

Մեր բախտից տիկին Վալյայի արշավը աղետի չհանգեցրեց…

Զուռնա-դհոլով, գոռգոռալով, աղաղակելով, զնգոցով, զրնգոցով, շվշվոցով… յոթերորդ պտույտն էինք գործում Երիքովի շուրջը: Վերջին՝ յոթերորդ պտույտը միջնաբերդի երկայնքով էր, որ կոչվում էր Հանրապետության հրապարակ: Մի մեծ Ոգի էր թեւածում մեր գլխավերեւում, մի անտեսանելի ոգի, որ անկոտրում էր՝ ինչպես տիեզերական կամքը, անդիմադրելի՝ ինչպես ուժն աստվածային, հաղթական՝ ինչպես բազմաց միասնությունը, եւ մոլեգին՝ ինչպես անապատի հողմը: Եվ կոչնակներ էին հնչում համայն երկրով, կոչնակներ՝ աման ու չաման, կաթսա ու կաստրուլկա, կուժ ու կուլա, գավաթ ու բաժակ, դանակ ու պատառաքաղ եւ անհամար գդալներ, գդալներ… Դժոխային չխկչխկոց էր, անտանելի աղմուկ… Եվ յուրաքանչյուր տուն ամրոց էր. բերդի դեմ՝ բերդ, ուժի դեմ՝ ուժ, թրի դեմ՝ սուր, իշխանության դեմ՝ իշխանություն… Հանրապետության հրապարակում ծով ժողովուրդ էր կոհակվում: Ջուրը նետված տաշեղի պես ծփում էի օվկիանում. թթվածնի սակավություն էի զգում, գլխապտույտ, ուր որ է՝ խեղդվելու էի անեզր ժխորում: Ափը հեռու էր, գրեթե անտեսանելի: Ո՛չ մնալ էի կարողանում եւ ո՛չ էլ դուրս գալ:

Հ ո՛ւ ո՛ւ ո՛ւ ո՛ւ ՛ո՛ւ…,- մոլեգնում էր օվկիանոսը եւ որոտում,- ծա՛փ, ծա՛փ…

Կատաղի փոթորիկն աշխարհ կկործաներ: Վերջին հրամանը եղավ Բարձրյալից: Համայն բազմությունը մեկեն եւ միաձայն աղաղակեց: Երկնքից կայծեր շանթեցին: Օդը որոտաց: Հազար փայլակ խաղաց հորիզոնում: Եվ բարձր աշտարակներն ասես չէին ելել: Ամրակուռ պարիսպները փլատակների վերածվեցին: Երիքովն ընկավ:

Անցած իշխանություններից մեդալդ քյար մնաց…

Երեկոյան չուշացավ Թավշյա հեղափոխության հետ կապված Լեւոն Մեհրաբյանի ֆեյսբուքյան շնորհավորանքը:

Մեդալը, մեդալը…,- հիշեցնում էր Վահե Խեչոյանը:

Ասես ոչ թե պարգեւ, այլ պարսավանք էի ստացել…

Իմ հաղթանակն էլ էդպես հարամ եղավ: Իսկ Նիկոլն ասում էր՝ ատելության էջն այլեւս փակված է: Ավաղ: Ատելության էջը չէր փակվել, ընդհամենը էջերն էին թերթվում… Էջերից մեկում էլ իմ մեդալն էր: Հեղափոխությունն ամենքիս մեջ է, յուրաքանչյուրս մեր հոգու պրիզմայով ենք ընկալում այդ մեծ իրադարձությունը: Ավելի քան քսանհինգ տարի Վերնիսաժում արծաթ եմ վաճառում: Ես Վերնիսաժում կանգնել եմ Լեւոնի օրոք, Ռոբերտի օրոք, Սերժի օրոք եւ կկանգնեմ նաեւ Նիկոլի օրոք… (իսկ ինչպե՜ս եմ նստել ՆԷՊ-ի օրոք…): Եվ մեդալը չէ, որ պիտի ինձ զարդարի: Իմ հարգն ու պատիվն իմ կյանքն է, որ ըմբոշխնում եմ կում առ կում՝ մեծագույն վայելքով… Իսկ ինչ վերաբերում է «քյարիս», ապա այն իմ ազատությունն է, որը ո՛չ փողոցում է եւ ո՛չ էլ հրապարակում: Այն իմ մեջ է, իմ ներսում, եւ ով էլ գա, էդ մեդալն ինձանից անկարող է խլել: Եվ թող մեծամտություն չհնչի՝ որքան էլ հեղափոխություններ լինեն, լինեն դրանք արյունոտ, թե թավշյա, քանի դեռ Վերնիսաժում իմ պես մարդիկ են կանգնելու, ուրեմն աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ… Նիկոլն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի մոտ բարեկամս է: Եվ եթե հարկ լինի, ապա առաջին քարը նրա վրա ես եմ գցելու: Եվ այդ քարը լինելու է նրա հարստությունը…

Կատարվածը սոսկ հեղափոխություն չէր: Այն Սիրո մեծագույն հորձանք էր ատելության նկատմամբ: Սերը պատասխան է ակնկալում…

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Մեկնաբանություն
X