Ամենակարեւորը մարդն է

Շատ տարիներ առաջ, երբ նշանակվել էի մի գերատեսչական թերթի խմբագիր, առաջին ծանոթությունս խմբագրակազմի հետ շոկային էր․ ամենաերիտասարդ աշխատակիցը ծնողներիս տարիքին էր, եւ ակնհայտ էր, որ ես չէի կարող լիարժեք ղեկավարել մի կոլեկտիվ, որտեղ հոգնած ու հին մտածողության տեր մարդիկ էին։ Բայց իմ առաջ մարդիկ էին, որոնք ընտանիք էին պահում, ինչ-որ զբաղվածություն ունեին, կարգավիճակ, որից զրկվելը չէր կարող ցավոտ չլինել։ Դժվար կացության մեջ էի հայտնվել, բայց այդպես էլ չհամարձակվեցի ասել՝ դիմում գրեք՝ գնացեք։ Մի մասն իրենք գիտակցեցին ու հեռացան, մի մասը մնաց ու աշխատեց, մյուսներն էլ ավելի ուշ, երբ ակնհայտ դարձավ, որ պահանջները նոր են, իրենց մոտեցումները՝ հին, հեռացան։ Առակս զի՞նչ ցուցանե։

Երիտասարդ կառավարիչները, որոնք իրենց նշանակումից մի քանի րոպե կամ մի քանի ժամ անց մարդկանց ազատում են աշխատանքից, խղճի խայթ, հոգեկան ապրումներ բոլորովին չե՞ն ունենում։ Վստա՞հ են, որ ազատվում են ավելորդ կադրերից, եւ նրանց փոխարինողներն ավելի լավն են լինելու։ Իսկ որ 30 տարի նախարարությունում աշխատած, բայց դեռ թոշակի տարիքի չհասած մարդուն ազատում են, մտածե՞լ են, թե նա ինչպես է ապրելու, ինչով է լցնելու իր օրը, երբ 30 տարի շարունակ առավոտյան աչքը բացել է ու շտապել աշխատանքի։ Հասկանո՞ւմ են, որ իրենց առաջ մարդիկ են կանգնած՝ որոշակի կյանքի ճանապարհ անցած, որոշակի փորձով ու հմտություններով։ Եվ նրանց կոռումպացվածության, ոչ պիտանիության, բարոյական մաշվածության մասին կարելի է եզրակացնել գոնե մի քանի օր ու շաբաթ նրանց հետ աշխատելուց հետո միայն։ Իսկ գուցե նրանք է՞լ էին երազում ազատվել ՀՀԿ-ական լծից եւ պատրաստ են նորովի աշխատել, կատարել երիտասարդ հեղափոխականների պահանջները, ծառայել իրենց երկրի առաջընթացին։

Մեկնաբանություն
X