Համակարգերը պետք է մաքրվեն, որ «Մարտի 1»-ի գործին ընթացք տրվի

Ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ քաղաքական հայացքների համար ազատազրկված անձինք ԱԺ պատգամավորների երաշխավորագրերով կամ գրավով ազատ են արձակվում, հաճախ է արծարծվում այն հարցը, թե ինչպես պետք է վարվել քաղաքական պատվեր կատարած եւ ակնհայտ ապօրինի վճիռներ կայացրած դատավորների հետ։ 2001թվականից ի վեր, ինչ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին, աղաղակող խախտումներով բազմաթիվ հայցեր են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ թե՛ Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների ոտնահարման, թե՛ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար քաղաքացիների նկատմամբ կայացված վճիռների, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Էլ չենք խոսում մնացած հայցերի մասին։ Դրանց որոշ մասը բավարարվել է, ՄԻԵԴ-ը նշել է, որ խախտվել են հայցվորների իրավունքները եւ պահանջել կառավարությունից փոխհատուցում։ Տարբեր ժամանակներում թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ընդդիմության տարբեր ակտիվիստներ ճանաչվել են քաղբանտարկյալներ կամ քաղհալածյալներ։

Ժամանակին «Մարտի 1»-ի գործով վճիռներ կայացրած դատավորների, իրավապահ համակարգի ներկայացուցիչների լուսանկարները տպագրվել են թերթերում։ Ամիսներ առաջ էլ «Հայ ազգային կոնգրեսը» հրապարակեց «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով փաստավավերագրական գիրք, որում ներկայացված են իշխանության հրահանգով վճիռներ կայացրած դատավորների եւ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիների մասին տեղեկություններ, թե որ գործերով ինչ վճիռներ են նրանք կայացրել։ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության նորամուտին կարեւորում է «Մարտի 1-ի» բացահայտումը։ Թե ինչ ընթացք կստանա այդ գործի քննությունը արդեն նոր իշխանությունների օրոք՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն օրախնդիր է դառնում այն հարցը, թե ինչպես կարելի է արդարադատություն հաստատել, գործերի օբյեկտիվ քննություն անցկացնել նոր Հայաստանում հին դատավորներով, որոնք իրենց գործունեությամբ տարիներ շարունակ միայն հանրության վրդովմունքն են առաջացրել։ Իսկ առայժմ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է իր դիմումի համաձայն հեռացել աշխատանքից։ Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու նպատակով 2008թ․ ստեղծված եւ կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարված փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ այն դատավորները, որոնք չեն կարող աշխատել, պետք է դիմում գրեն եւ հեռանան։

«Պարտադիր չէ, որ հանրությունը գնա, կանգնի շենքերի պատերի տակ, գոռա եւ պահանջի, որ հեռանան։ Իրենք պետք է նամուս ունենան, որոշեն, որ այս պայմաններում չեն կարող աշխատել, իրենք չեն կարող ունենալ նոր մտածողություն, կաշկանդված են նախկինում իրենց կայացրած վճիռներով, մարդկանց ճակատագրերը սխալ տնօրինելու հարցերով եւ թողնեն հեռանան։ Դատավորին ազատ արձակելն ինչ-որ հատուկ ընթացակարգ էլ չի ենթադրում։ Ում նկատմամբ շատ բողոքներ կան, թող բարձրագույն դատական խորհուրդն անդրադառնա այդ խնդիրներին։ Մեր հանրապետությունը շատ փոքր է, դատավորներին շատ լավ գիտենք, եւ նրանց, ովքեր ակնհայտ անարդար դատական ակտեր են կայացրել, շատ լավ գիտենք։ Եվ պարտադիր չէ, որ միայն «Մարտի 1-ի» գործով նրանք վճիռներ կայացրած լինեն։ Այնպես չէ, որ իրենք Մարտի 1-ից հետո շատ արդար են դարձել, տարիներ շարունակ նույն դիրքորոշումն են ունեցել, շարքային գործերով էլ են նույն կերպ վարվել։ Հարցը պետք է դրվի այնպես, որ դատական համակարգն առողջանա եւ գործի լիարժեք։ Համակարգերը պետք է մաքրվեն, այլ տարբերակ չկա »,- նշեց Սեդա Սաֆարյանը։ Փաստաբանը բավարար է համարում այն հանրային ճնշումը, որ գործադրվում է այսօր դատարանների նկատմամբ։ «Վարչապետի ծրագրի հենքում հենց դա է՝ քննչական մարմինների, իրավապահ, դատական համակարգի բնականոն գործունեություն, որպեսզի մարդու՝ դատարանին առնչվելը չվերածվի տանջանքի։ Տարիներ շարունակ իրենք շատ վատ են վարվել հանրության հետ (նկատի ունի իրավապահ համակարգին), եւ պետք է ակնկալեին, որ լինելու էր հանրային ճնշում։ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է անդրադառնալ այդ դատավորների գործունեությունը»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «Մարտի 1-ի» գործը բացահայտելու նախանձախնդրությանը, ապա Սեդա Սաֆարյանը նշում է․ «Մարտի 1-ի» գործի բացահայտման հետ կապված պետք է լինեն համակարգային փոփոխություններ։ Նույն Հատուկ քննչական ծառայության եւ Քննչական կոմիտեի քննիչները, բարձրաստիճան անձինք չեն կարող շահագրգիռ լինել, որ Մարտի 1-ը բացահայտվի, իրենց նախկին դիրքորոշումներին հակասող գործեր քննեն։ Չի լինի առողջ հետաքննություն։ Հետեւաբար պետք է համակարգերը մաքրվեն, որպեսզի «Մարտի 1-ի» գործին ընթացք տրվի»։

Քաղաքական մի շարք դատավարություններում ներգրավված փաստաբան Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ պետք է ապացուցել՝ այս կամ այն դատավորը կատարե՞լ է քաղաքական պատվեր, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ, թե ով ինչպես է պատկերացնում այդ մեխանիզմը, բայց կա սահմանված կարգ՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արծարծի այդ հարցը, դատավորի նկատմամբ սկսի կարգապահական վարույթ, եւ եթե կարգապահական վարույթի հիմքերով կբացահայտվեն քրեական գործերի հարուցման առիթներ, այդ դեպքում պետք է մտածեն այդ ուղղությամբ»,- կարծում է Հարություն Բաղդասարյանը։ Փաստաբանը նշում է, որ յուրաքանչյուր դատավորից պետք է հնարավոր լինի ռեգրեսիվ հայցով ոչ իրավաչափ կայացրած ակտի համար ոչ միայն պետությունը պետք է փոխհատուցի քաղաքացուն կրած վնասները, այլեւ պետությունը հնարավորություն ունենա ռեգրեսիվ հայցի միջոցով դատավորից պահանջել փոխհատուցում։ Նրա կարծիքով՝ դա կլինի այն մեխանիզմը, որը թույլ չի տա դատավորին քաղաքական պատվեր կատարել։ «Հիմա այդ մեխանիզմը չի գործում, որեւէ դատավորից ՄԻԵԴ վճռով գանձված գումարը չեն պահանջում։ Եթե օրենքում լինեն փոփոխություններ, եւ դատավորներին կախվածության մեջ դնեն, ապա հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ։ Այս պարագայում ես իրավական հարթության մեջ չեմ տեսնում, թե ուրիշ ինչ է պետք անել»,- նշեց փաստաբանը։ Նա առայժմ դատավորի վրա ազդելու մեխանիզմներ չի տեսնում՝ կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարին լրանալը, եթե ինքնակամ հրաժարական չեն տալիս։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X