Ճարտարապետները՝ Նարեկ Սարգսյանի պաշտոնանկության մասին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Նարեկ Սարգսյանին ազատել կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Նարեկ Սարգսյանը, ով 2014-2016 թվականներին եղել է քաղաքաշինության նախարար, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում պաշտոնավարում էր 2016թ. հոկտեմբերի 11-ից:

Թե այս որոշումը ինչպես կանդրադառնա քաղաքաշինության ոլորտի վրա, հատկապես որ տարիներ շարունակ այս ոլորտում առկա խնդիրները հենց Նարեկ Սարգսյանի անձի հետ են կապում, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն այդ խնդիրներն անձերով չի բացատրում, քանի որ անձը եղած իրավիճակի արդյունք է․ «Խնդիրը այն քաղաքականությունն է, որ տարվել է մինչեւ հիմա, այն կոպիտ սխալները, սովետական ժամանակաշրջանի ճարտարապետական կոթողների ոչնչացումը, այսինքն անտեսվել են շատ քաղաքաշինական նորմեր։ Հիմա եթե փոփոխությունը կնպաստի, որ մի քիչ գրագետ վերաբերվեն այդ խնդիրներին՝ լավ է, որովհետեւ քաղաքը դա օրգանիզմ է, չի կարելի մի հարցին կպնել առանց մյուսը հաշվի առնելու, քանի որ մեկը մյուսի հետ ներդաշնակվում է»։

Մուշեղյանի կարծիքով մենք ունենք լավ ճարտարապետներ, բայց ցավոք քիչ մարդիկ կան, ովքեր քաղաքաշինական փորձ ունեն եւ Երեւանի պատմությանը տեղյակ են․ «Հարկավոր է մի քիչ ավելի լրջորեն մոտենալ քաղաքաշինական մեր խնդիրներին, որովհետեւ դրանք ծագում են եղած իրավիճակից, որը պետք է հաշվի առնի անցյալը, լուծի այսօրվա խնդիրները եւ չփակի ապագայի ճանապարհը։ Այսօրվա քաղաքականությունը լուծել է միայն այսօրվա խնդիրները առանց հաշվի առնելու ոչ անցյալը, ոչ էլ ապագան, սա է ամբողջ խնդիրը»։

Հիմա ոչ պակաս կարեւոր է, թե ով է փոխարինելու Նարեկ Սարգսյանին, ո՞ւմ եւ ինչպիսի՞ մարդ է տեսնում այդ պաշտոնին, Մուշեղյանն ասաց․ «Չեմ կարծում, որ կառավարությունը կգնա նրան, որ ավելի ստաժավոր տարեց մարդիկ ընդգրկի, պետք է ընտրի գիտակից, երիտասարդ խավից, ով ձգտում ունի, ով սիրում է հայրենիքը եւ ուզում է հայրենիքին ծառայել, բայց այդ մարդկանց կողքին պետք է լինեն մարդիկ, ովքեր կարողանան ճիշտ խորհուրդներ տալ եւ ճիշտ ուղորդել։ Քաղաքաշինությունը դա մի հոգու խնդիր չէ, դա բոլորի խնդիրն է, որովհետեւ սկում է տարաբնակեցման խնդիրներից, որն այսօր գոյություն չունի, քանի որ ամբողջ Հայաստանը կենտրոնանում է Երեւանում, Երեւանն էլ՝ Երեւանի կենտրոնում, իսկ սրանից բխում են հազար ու մի խնդիրներ»։

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը համաձայն չէ, որ մեր խնդիրները ճարտարապետության ոլորտում պայմանավորված են եղել մի անձով, որովհետեւ քաղաքաշինության սխալները պայմանավորված են ամբողջ համակարգով, ճիշտ այնպես, ինչպես դատական համակարգում է․ «Այսինքն պատվիրատուների՝ փողով մարդկանց գերակայությունը օրենքի նկատմամբ։ Այնպես որ Նարեկ Սարգսյանը չլիներ, իր տեղն ուրիշ մարդ լիներ, էլի նույն բանն էր լինելու։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ում կնշանակեն, շատ կուզեի, որ նշանակեին նույնչափ գիտակ քաղաքաշինությունից եւ ճարտարապետությունից մարդ, որովհետեւ մենք ունեցել ենք շատ ծանր անցյալ եւ ով ասես՝ գյուղատնտես, մեքենավար եղել է քաղաքաշինության նախարար»։

Նոր կառավարության կադրային քաղաքականությունն ուղղված է դեպի երիտասարդները, օրինակները շատ են, դրանից ակնառուն սփյուռքի նախարարն է, ով 27 տարեկան է․ «Տարբեր նախարարություններ տարբեր հնարավորություններ ունեն, քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը հասուն, փորձառու մարդու մասնագիտություն է, այնպես չի, որ տաղանդավոր երիտասարդ մեկը եկավ ու ամեն ինչ փոխեց, նա պիտի երկար տարիների փորձառություն ունենա, որպեսզի կարողանա այդ բարդագույն խնդիրներին լուծում տա։ Այնպես որ երիտասարդ էլ կա՝ երիտասարդ էլ»։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X