Տղուս գլուխը կերան, այսօր էլ կրակեցին հորեղբորս տղու վրա. մանրամասներ Սեւանում հնչած կրակոցներից

Այսօր Սեւանում հնչած կրակոցներից հրազենային վիրավորվում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը: Դեպքը տեղի է ունեցել փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի աղմկոտ սպանության գործով Սևանի դատարանում այսօրվա նիստից առաջ:

Ռաֆիկ Հակոբյանին նախ բուժօգնություն է ստացել Սեւանի ԲԿ-ում: Կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւան: Միջադեպի մանրամասները իմանալու համար կապ հաստատեցինք փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հետ. «Տղուս գլուխը կերան, այսօր էլ մարդասպանները կրակեցին հորեղբորս տղու վրա: Թիրախը ես էի: Նախ ճանապարհին ինձ հետապնդել են, հետո Մեխակ Հարությունյանի քեռին եւ պապին կրակեցին մեր ուղղությամբ: Քեռին նախկինում դատապարտված է եղել մարդասպանության համար: Ես կասկածներ եմ ունեցել, որ իմ տղայի սպանությունը Մեխակի պապիկի, քեռու հորեղբոր եւ հորեղբոր տղաների կազմամակերպածն է եղել: Այսօր մեկ անգամ եւս ապացուցվեց, որ իրենք են սպանողները, դա կազմակերպված սպանություն է: Ինչի զինված դատի՞ են գալիս»:

Այն հարցին, թե մինչեւ կրակոցները իրենց եւ Հարությունյանների միջեւ ծեծկռտուք չի՞ եղել, Անդրանիկ Հակոբյանն ասաց. «Ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել»: Փաստաբան, տուժող Անդրանիկ Հակոբյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը մանրամասն պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը. «Դատարանի բակում սպասում էինք, որ գնանք դատական նիստի: Այդ պահին ինչ-որ մեքենաներ մոտեցան, մարդիկ իջան: Մեկը ավտոմատով սկսեց սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքեր տալ: Թիրախը Անդրանիկ Հակոբյանն էր: Ամբաստանյալի՝ Մեխակ Հարությունյանի քեռին էր եւ պապիկը: Քեռին նստեց մեքենան, շրջադարձ կատարեց ու հետո հանեց երկարափող հրացանը եւ կրակեց մեր ուղղությամբ: Այդ ուղղությամբ կանգնած էր Անդրանկիկ Հակոբյանի հորեղբոր տղան՝ Ռաֆիկ Հակոբյանը, ով ոտքից վիրավորվեց: Այս պահին նրան վիրահատում են: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր»:

Փորձեցինք զրուցել նաեւ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի հետ, ով ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի հորեղբայր է: Նա մեզ ասաց, որ դեպքի վայրում չի եղել. «Ես այնտեղ չեմ եղել, իսկ Մեխակի հայրը Հայաստանից դուրս է»:

-Պարոն Հարությունյան, ի՞նչ կասեք այսօրվա դեպքի մասին, կրակողները Մեխակ Հարությունյանի քեռին եւ պապի՞կ են եղել։

-Ինչ ասեմ, չեմ կարա ասի, իրավաբաններից ճշտեք։

Սեւանում հնչած կրակոցների դեպքով կա՞ն ձերբակալվածները, հարցրինք քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին. «Մարզային վարչությունում կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով որսորդական հրացանից արձակվել է կրակոցներ, որի հետեւանքով 1 անձ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, 1 անձի վրա կա բռնության հետքեր: Մի փոքր ավել ուշ մենք մանրամասն ինֆորմացիա կտրամադրենք»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ Մեխակ Արտակի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին,ժամը 12.20-ի սահմաններում սպանել է համագյուղացի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Անդրանիկի Հակոբյանին: Հավելենք, որ այսգործով նիստերը պարբերաբար լարված մթնոլորտում են անցել. եւ դատարանը որոշել էր նիստերը դռնփակ անցկացնել:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X