Մինչև ե՞րբ․․․

Կարծում եմ, որ ամենևին էլ սխալված չեմ լինի, եթե աստ պնդեմ, թե շուրջ հազարամյա խոլ դեգերումներից հետո Արևելյան Հայաստանի ընդամենը մի փոքրիկ հատվածի վրա Հայոց անկախ պետականության վերականգնումը Հայրենյացս պատմության նշանավոր իրողություններից մեկն է, եթե չասեմ՝ ամենանշանավորը ներկա պահիս դրությամբ: Կամ՝ գոնե թե պիտի այդպիսին լինի: Ըստ այդմ կարծում եմ նաև, ավելին՝ համոզված եմ, որ նշանավոր այդ իրողության 100-ամյակը պիտի որ հավուր պատշաճի նշվեր ի երկիրս Հայոց և ի Սփյուռս: Ու բնավ մեծ գյուտ արած չեմ լինի, եթե պնդեմ նաև, որ ըստ էության այն արժանի էր տոնվելու մեծ շուքով, հիրավի պետական ամենաբարձր մակարդակով և, իհարկե, լայն ու ընդգրկուն միջազգային ներկայացվածությամբ, ասենք Առաջին Համաշխարհային պատերազմում հաղթող պետությունների՝ Անտանտի բոլոր երկրների բարձր պատվիրակությունների մասնակցությամբ (ինչո՞ւ ոչ՝ ղեկավարների մակարդակով): Այն երկրների, որոնք և իրենց ուխտադրուժ առաջնորդները ժամանակին խիստ են մեղանչել որոշ առումներով դյուրահավատ, որոշ առումներով՝ աններելիորեն երազկոտ մեր նախնյաց ու մեր բազմաչարչար Հայրենյաց հանդեպ, որ միշտ մնացել է հավատարիմ իր դաշնակցային պարտավորություններին՝ ի հատուցում դրա վայ-դաշնակիցներից ոչինչ չստանալով, փոխարենը՝ նրանց իսկ թողտվությամբ, իսկ որոշ պարագաներում՝ նաև անմիջական ու գործուն մասնակցությամբ մաս-մաս է արվել, և ի վերջո կորցրել իր պատմական տարածքների հիրավի գերակշիռ մասն ու... անկախությունը: Ի հետևանք այս ամենի, նաև բազում աննպաստ ու խրթին այլ հանգամանքների ազդեցությամբ, ավա˜ղ, Հայոց պետականության անկախ կարգավիճակի երկրորդ վերահաստատումից ավելի քան քառորդ դար անց (թեկուզ թե՝ դե յուրե անկախության պարագայում), թավշյա փամփլիկ անվանումն ստացած հեղափոխությունից հետո անգամ, իսկ ըստ իս՝ թերևս լավ կազմակերպված և հուրախություն ամենքիս՝ պարզապես խաղաղ ճանապարհով իրականացված անարյուն իշխանափոխությունից հետո էլ, ոմանք (ավա˜ղ, դեռ շատ են այդպիսիք) հավատարիմ լոկ հոմոսովետիկուսին յուրահատուկ ճորտահաճո դրսևորումներին՝ դեռ աչքի լույսի պես պահպանում են սովետաճորտին խիստ հարիր նոստալջիկ բնույթն իրենց, այդպես էլ փորձ չանելով՝ ձերբազատվել դրանից, ուստի և արդյունքում չենք հաջողում ազգովին: Ըստ այդմ սովետաճորտային նոստալջիկան դեռ ամուր նստած է մեր մեջ, ու կարծես թե պիտի հարատևորեն մեզնից անպակաս լինի: (Ներողամիտ եղեք օտարահունչ բառի համար, սակայն թախծահունչ, բայց և սքանչելիորեն արտահայտիչ «կարոտ» բառով կազմված թախծաբույր «կարոտաբաղձություն» բառն այս դեպքի համար գործածել ափսոսում եմ): Ի խորոց սրտի արդեն բազում տարիներ այդպես տկար է ներկայանում իրերի վիճակը Հայրենյացս կյանքի գրեթե բոլոր քունջուպուճախներում (հապա է´լ որտե՞ղ) ու համարյա բոլոր օրերին: Զորօրինակ բոլորովին վերջերս մեկ անգամ ևս մի նոր նսեմացում ապրեցինք ազգովին, թեև շատերը երևի չզգացին դա, կամ չուզեցին զգալ, կամ էլ նրանց համար միևնույն էր: Ինչպես վերը նշեցի՝ Հայրենյացս նշանավոր տոներից մեկի, տոն՝ որ կարծես թե պիտի մեզ հետ լիներ միշտ ու մշտապես, ուրեմն արարողությունն այդ տոնի ըստ իս ամենևին էլ չէր պատշաճում օրվա խորհրդին, և ընդամենը շառաչուն ապտակ էր մեր դարավոր խոնարհ այտերին: Ու երևույթն այդ հեչ էլ նոր չէ: Ահա տարիներ շարունակ զարմանալի ու նախանձելի հետևողականությամբ նսեմացվում է ամենանվիրականը, ու քիչ է ասել, թե պարզապես անհարգալից վերաբերմունքի է արժանանում անկախ պետությունն, ու նենգաբար ոտնակոխ արվում պետականության վեհ ու վսեմ գաղափարը: Այդ առումով այլ կերպ հնարավոր չէ (ես որ՝ չեմ կարող ու չեմ էլ ցանկանում) բնորոշել հենց իսկ 2018թ. մայիսի 28-ին այն, ինչ տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի շրջակայքում: Ցավոք, ընդամենը սովետաճորտի քծնանքի որոշակի չափաբաժնով հագեցած հույժ կոմսոմոլաշունչ այդ միջոցառումն Առաջին Հանրապետության 100-րդ հոբելյանական տարեդարձի տոնակատարության արարողություն անվանելն ըստ իս (թեկուզ թե ոչ մեծ) մեղք պիտի համարել պարզապես: Թերևս խնդրո առարկա՝ չերկնչենք նշել՝ որոշ տեղերում որոշ առումներով նաև անարվեստ միջոցառման ստվերառատ բոլոր կողմերը հավուր պատշաճի լայնորեն քննարկվեցին ու տարբեր խստությամբ ու խորությամբ նաև քննադատվեցին լրատվամիջոցներում ու համացանցում, ինչին անդրադառնալու հարկ չեմ տեսնում: Այս պարագայում ըստ իս արդարացում չի կարող լինել կամ շատ թույլ արդարացում կարող է դիտվել այն հանգամանքը, որ իբր «արարողության» ծրագիր ասվածն ամբողջությամբ կազմվել ու դրա սցենարն էլ գրվել էր նախորդ իշխանավորների և նրանց ոչ պակաս սովետաճորտ խամաճիկների ձեռամբ: Գուցե թե իրապես հավանական է, որ դա հենց այդպես էլ եղել է, ինչն իրականում ոչինչ էլ չի փոխում: Իսկ այն սին ու թերատ պնդումներին, թե նոր ձևավորված կառավարությունը ժամանակի սղության առումով չէր կարող ու բնավ ոչ մի կերպ չէր հասցնի համապատասխան շտկումների ենթարկել սցենար կոչված այդ խայտառակությունը, հարկ է հակադարձել, որ եթե միջոց ու հնարավորություն էր գտնվել վերանայել նույն նախորդների կողմից կազմված հրավիրյալների ցուցակն ու դրանում կատարել անհրաժեշտ ու ոչ այնքան անհրաժեշտ փոփոխություններ, ապա ինչ մի առանձնակի դժվարություն էր ներկայացնում, ասենք, «Յաբլոչկայի» ու «Կալինկայի» կողքին (գոնե թե դրանց մի արանքում) Բեռլին հասած մեր փառապանծ ռազմիկների կողմից ավերակ Ռայխստագի պատերն իր ժամանակին թնդացրած մի խրոխտ «Քոչարի», կամ թե՝ Արցախում ու Հայրենյացս այլ տարածքներում, սահմանամերձ գոտիներում գրոհի գնալուց առաջ մեր մարտիկների թնդացրած խրոխտաշունչ մի «Յարխուշտա» ավելացնելը: Մի՞թե դա մի մեծ խնդիր էր... Կամ ասենք՝ «Կատյուշա» և «Հաղթանակի օրը» երգերի հետ (գոնե թե դրանց մի արանքում) Մեծ Հայրենականին մասնակից հայ կարոտյալ զինվորին էլ տրվեր հնարավորություն, որ դադարի պահին գեթ մտքով թռչեր տուն, ուր մայրն է դեռ արթուն, ու սեղմեր ջերմ կրծքին մորն իր կաթոգին: Էլ չասենք սարերից իջնող մի խումբ ձիավորի և էլի համանման մարտական երգերի մասին, որոնց ուղեկցությամբ արցախյան ազատամարտի ժամանակ գրոհի էին գնում ազատամարտիկները... Բայց դե՝ չէ´, էդ ո՞նց, ինչպե՞ս... ու հայերեն երգի ու պարի համար, ավա˜ղ, տեղ չէր գտնվել: Հը˜մ, երևի թե այստեղ հենց իսկ դաժան «վենդետա» է պետք կիրառել այսպիսի «խոնարհ ու զուսպ» ծրագրեր կազմող և իրագործող սովետական ժառանգության ու ժառանգականության ախտաժետ չար բացիլը կրողների նկատմամբ, որպեսզի այսուհետ այլևս երբեք դրանք ու դրանց նմանները՝ մինչև ուղնուծուծն անդառնալիորեն վարակված հոմոսովետիկուսի այդ անարգ մնացուկները մոտ չթողնվեն համանման տոնական լուրջ միջոցառումների կազմակերպամանը: Որպեսզի ինչպես մոտավորապես նույնական պարագաներում Ժվանեցկին կասեր՝ մշտական խորը, իսկ ես էլ կհավելեի՝ նաև համապարփակ փոփոխությունները չտանեն... դեպի վատն ու վատթարը՝ դեպի լավն ու լավագույնն առաջնորդելու փոխարեն:

Ըստ ամենայնի ողջ տոնակատարության փայլն ու պսակն եղավ Էլթոն Ջոնի այցելությունը: Այստեղ էլ պիտի երկմտենք. եթե հնարավոր էր հրավիրել Էլթոն Ջոնին՝ իր ամուսնու հետ, այդ դեպքում ինչո՞ւ չհրավիրել նաև աշխարահռչակ թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովային կամ հոլիվուդյան աստղ Ջոդի Ֆոսթերին՝ իրենց կանանց հետ...

Թերևս այս ամենն այնքան էլ ծիծաղելի չհնչեր, եթե իրոք այդչափ ցավալի չլիներ իրականում: Պիտի ասեմ, որ միտումնավորություն չտեսնելով հանդերձ (իսկ գուցե միտումնավոր է՞ր արված այդ ամենը), բայց մի բանում համոզված եմ. ճորտերի շնորհքն հազիվ դա պիտի լիներ, ու սոսկ այդքան նսեմ պիտի լիներ: Եվ ամենևին էլ համամիտ չեմ կարող լինել նաև այն՝ ըստ իս միանգամայն թյուր տեսակետներին, թե սա պարզապես պիտի վերագրել ներկա ժամանակների նոր իրողությունների տրամաբանությամբ թելադրված փոփոխություններին ու դիտարկել որպես դրանց ամենաուղղակի արդյունք հանդիսացող (հուսանք՝ ժամանակավոր) անփութությանը: Ախր, չէ՞ որ Առաջին Հանրապետության 100-ամյակը մեկ անգամ է լինում: Ինչևէ, թերևս համարենք, ինչպես ասում են, միջադեպն անցած: Բա˜յց...

Բայց անհրաժեշտ հետևություններ անել հարկավոր է, ավելին՝ պարտադիր է: Ուստի օգտվելով այս առիթից, ի հավելումն տեղի ունեցածի, հենց այդ խորապատկերին հարկ եմ համարում մտահոգիչ ևս մեկ բարձրաձայնում կատարել: Խոսքս վերաբերում է բազմիցս չարչրկված մի թեմայի, այն է՝ հայրենի հեռուստաեթերի աղտոտվածությանը, որը պակաս չի նսեմացնում տոնի զգացողությունը: Թերևս սա էլ պարզից պարզ է ու լավ բացատրելի. ներկան գորշություն է, որ այդ նույն ճորտերից է բխում: Եվ մի՞թե դա միտումնավոր է արվում, ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել: Տեսեք, ուրեմն, հայկական բոլոր (կամ գրեթե բոլոր) հեռուստաալիքներով տոնական այդ օրն, ինչպես և դրա նախորդ ու հաջորդ օրերին՝ ցուցադրվում էին հենց իսկ Առաջին Հանրապետության անկման մասին դեռևս սովետական տարիներին էկրան բարձրացած հույժ հնաոճ ու հնացած ֆիլմեր («Երկունք», «Սարոյան եղբայրներ», «Նվագախմբի տղաներ» և այլն), որոնք եթե անգամ գեղարվեստական բարձրարժեք գործեր լինեին, միևնույն է՝ անկախ պետականության վերականգնումից ավելի քան քառորդ դար անց (թեկուզ թե՝ դե յուրե անկախության պարագայում) չպիտի ցուցադերվեին ընդհանրապես: Մինչդեռ, որքան նկատել եմ վերջին տարիներին, ցավալիորեն այդպես է լինում գրեթե բոլոր տոնական օրերին (հունվարի 28, մայիսի 28, սեպտեմբերի 21 և այլն), էլ չասենք այլ օրերի մասին: Դեռ լավ է (երևի պիտի մխիթարվե՞նք, օ˜, թո˜ւյլ մխիթարություն), որ արդեն «Զանգեզուր» ֆիլմը չի ցուցադրվում (գոնե թե իմ աչքով չի ընկել վերջերս), որը վերը հիշատակվածների հետ նախկինում հաճախ էր ցուցադրվում:

Հասկանալի է, որ համապատասխան «արտադրանք» դեռ չունենք (ընդունելի՞, թե՞ ոչ ընդունելի պատճառներով), բայց դե գոնե աղբն էլ եթեր մի հանեք, Աստված սիրեք: Հետո ի՞նչ, որ այդ ֆիլմերում դերասանական կարող ու սիրելի դեմքեր են հանդես գալիս: Այստեղ ամենևին էլ տեղին ու պատշաճին չեմ համարում թերևս հիպոթետիկ մտահոգությունն ըստ դասականի, թե «ցորեն հաց էլ ա չկա, գոնե ճաթը տանք՝ չթիլանա», քանզի միևնույն է՝ բոլոր դեպքերում «ճաթը դժարամարս ա»: Մանավանդ այն «ճաթը», որ կինո է կոչվում, ու նաև քարոզչական հզոր ներուժ ունի, հանց սովետաճորտերի անթաղ առաջնորդն էր ավանդում իր հետևորդներին...

Բազմիցս եմ անդրադարձել այս հանգամանքին: Այնպես որ այս համատեքստում չեմ կարող ինձ զսպել ու թույլ չտալ՝ ևս մեկ անգամ ընդամենը մի քանի մտահոգիչ նկատառում հայտնել «Երկունք» ֆիլմի առնչությամբ: Անկեղծ ասած, մինչ օրս (մի կողմ թողնելով ակնհայտ պատմական կեղծիքներն այդտեղ) ինձ համար միանգամայն անընկալելի են այս ֆիլմի մի շարք դրվագներ, այնպես որ՝ որոշակի պահից հետո արդեն, սա էլ որերորդ անգամ, այդ ֆիլմը մինչև վերջ դիտելու ճիգս չի բավականացնում, ու ներքին զայրույթս ու անհամաձայնությունս ինձ ստիպում են դադարեցնել դիտումը: Չգիտեմ, թե ո՞վ կպատասխանի հարցիս (գուցե լենինյան բոլշևիզմի չորցածուղեղ մնացուկ սովետաճորտերի ավագ ընկերնե՞րը, թե՞ պարոնայք «երիտնժդեհականները»). երբ Մյասնիկյանը գաղթականներին այցելելու տեսարանում ինչ-որ անորոշ հղում էր կատարում՝ ի դեմս հզոր Ռուսաստանի, դա պիտի ընկալվի՞ որպես զգուշացում տաքգլուխներին, թե՞ կոչ՝ չընկճվելու և պայքարելու (ո՞ւմ դեմ, հանուն ինչի՞. չի ասվում ու չի էլ հասկացվում ոչինչ): Իսկ ֆիլմի տեսարաններից մեկը, որ ինչ-որ նիստ է պատկերում, ինչպես ասում են՝ «վերջն Է»… և իհարկե խիստ վիրավորական, որովհետև ոմն Սերգո Օրջոնիկիձե հանձնարարականով Մյասնիկյանին Զանգեզուր է ուղարկում և հրահանգում՝ Նժդեհից երկրամասը մաքրել (այո´, այո´, հենց՝ մաքրել), ու ժամկետ է նշանակում: Ապա քիչ անց (հաջորդ տեսարաններից մեկում) իբր ստացվում է ոմն զինկոմ Սվիրիդովի հեռագիրը՝ «հակահեղափոխականներից» (ումի՞ց) Զանգեզուրն ազատելու և Նժդեհի՝ Պարսկաստան փախչելու մասին (դեռ լավ է, ու դրա համար երևի պիտի գոհ լինենք, որ չի ասվում՝ գլխապատառ): Այ սրա համար ոչ թե անպատասխան լռություն պիտի ակնկալենք, այլ անկեղծ ու հոդաբաշխ (առանց լոլոների) պատասխան պահանջենք ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սովետաճորտ գործիչներից (քաղաքական թե՞ մշակութային): Ու կարծում եմ, որ ազգովին պիտի պահանջենք այդպիսի պատասխանն անհապաղ՝ անկասկած դեպի պատմության աղբանոցն ուղղություն վերցրած հեռացողներից, որպեսզի գոնե թե նորերը զերծ մնան նմանօրինակ գայթակղություններից: Որովհետև ի թիվս այլևայլ արտառոց դրսևորումների՝ դեպի ապագան միտված մեր անցյալի նվիրյալների նկատմամբ, ինչպիսին զորօրինակ Նժդեհն է, հենց նրա նկատմամբ հենց այսպիսի աններելիորեն արգահատելի վերաբերմունքի, ես կասեի՝ անթաքույց ցուցադրության ու դրա հանդուրժողականության ուղղակի ու խիստ ցավալի արդյունք և, իհարկե, անմիջական հետևանք է, որ այդպես էլ մեզանում պետականության զգացողություն ոչ մի կերպ չի ձևավորվում, ու քառորդդարյա (թեկուզ՝ դե յուրե) անկախության պարագայում էլ անփութորեն արդեն իշխանության տարբեր ճյուղերի միջև է կամա թե՞ ակամա նկատելի խտրականություն, անհասկացողություն հանդես բերվում: Միով բանիվ դեռ անհուսորեն դոփում ենք նույն տեղում՝ ծուռտիկ մեր ոտքերն ամենեքյան ծառայեցնելով նվիրական ամենայն ինչ ոտնակոխ անելու «սրբազնագույն» գործին:

Կասեք՝ մանրուք է՞, չնչին դե՞պք: Գուցե, մանավանդ մեր նորօրյան կյանքի ներկայիս շատ ու շատ աննպաստ իրողությունների համապատկերին՝ արդեն իսկ տեղի ունեցող հուսադրող գործընթացների պարագայում. իբր ջուրը ջրաղացն է տարել, իսկ մենք, ահա, ընկել ենք ինչ-որ չախչախի ետևից: Բայց՝ ո´չ: Ամենևին: Այս պարագայում չնչին դեպքեր չկան: Դեռ ավելին: Ընդհանրապես հեռուստատեսության ոչ համարժեք (ավելին՝ միանգամայն հրահրիչ քարոզչությամբ հագեցված) նման փիս դրսևորումներին անմիջապես խիստ արձագանքումների հանգամանքը հույժ արդիական եմ համարում: Արդյոք լռության ուղղակի հետևանքը չե՞ն խուժանի խուլիգանական բռնարարքները, որ չափազանց լայն տարածում են գտել ու մեծ տեղ ունեն մեզանում, որ ոմն ուռածգլուխ քաղաքագլուխ ու անգլուխ փոխքաղաքագլուխ, ինչ-որ թիկնապահներ ու դրանց փեսաներ ու եղբայրներ, ասել կուզի՝ ախպեր-տղերքով խմբովին, ոհմակով հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա ու ծեծուջարդի ենթարկում նրանց: Ի՞նչ ասել, երբ ժամանակին ճիշտ նմանակերպ ուռածգլուխների կողմից նույնիսկ ծեծվում էին, անգամ ծեծվելով սպանվում ազատամարտիկներ (հո եղել են դեպքեր): Ու դա մնալով անպատիժ՝ այնքա˜ն սովորական մի բան էր դարձել, որ տարածքի ազատագրմանն ակտիվ մասնակցություն ունեցողներին արդեն թույլ չէր տրվում մուտք գործել այդ տարածք, ու նրանք էլ էին դաժան ծեծի ենթարկվում, այն էլ՝ իբրև ծաղր, իրենց ընտանեաց՝ կանանց ու զավակաց, հավանաբար զարմացած հայացքների ներքո: Հը˜մ, հապա չասե՞ս, որ նամարդության վերջին ու ստոր աստիճանն է՝ հերոս հորը ծեծել որդու աչացն ի տես...

Այնպես որ, ըստ ամենայնի, ոչինչ հնարավոր չէ փոխել, ու ոչ մի լավ բանի, որևէ բարի արդյունքի հասնելն էլ իր հերթին դառնում է միանգամայն անհնար, քանի դեռ մեզանում՝ որպես ետխորհրդային հանրույթ՝ ամբողջովին ու լիովին չի հաղթահարվել սին սովետական ժառանգությունն ու վնասակար ու վտանգավոր ժառանգականությունը, ու դրա ռազմահայրենասիրական ոգու (իբր թե), իսկ ավելի շուտ և ավելի շատ՝ ձևի փոխանցումն ապագա սերունդներին, որ դեռևս շարունակվում է: Ասածիս վկայություն է վարչապետի՝ մշակութային գործիչների հետ սովետաոճ իներցիայով կազմակերպված հանդիպումը, թեև դրա ընթացքում ի թիվս որոշ հուսադրող շեշտադրումների՝ վարչապետը կատակով նկատեց, որ ամեն սև բան Օթելլո չէ (ինչն ավանդված է հանճարեղ Վահրամ Փափազյանի շրթամբ), և ամեն բան, որ տեղի է ունենում բեմում (ես կհավելեի՝ նաև էկրանին), արվեստ չէ իհարկե: Այ հենց իսկ էդ ոչ արվեստ կոչվածը՝ իբրև վարակահարույց բացիլ, իսպառ պիտի արմատախիլ արվի ու հանվի մեր մեջից, մեր մարդկանց մեջից, մեր ողջ հասարակության մեջից: Լոկ այդ պարագայում հետագա հաջողությունները կուղեկցեն մեզ, ու թերատ միջոցառումներ էլ այլևս չեն սպրդի մեր իրականություն:

ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մեկնաբանություն
X