Մարզերի ավերված մշակութային կյանքը

Կառավարության նոր ծրագրում մշակույթի ոլորտը ներկայացնող ենթագլխում ասվում է․ «Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը, հասանելիության ապահովումը ՀՀ մարզերում: Կարեւոր ենք համարում նաեւ հայկական մշակույթի ճանաչելիության ընդարձակումը ՀՀ սամաններից դուրս: Կառավարությունը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ...»:

ՀՀ մարզերի մշակութային կյանքի վերաբերյալ սահմանված մոտեցումը, ըստ իս, կարեւորագույն կետն է, ներեցեք, բայց այս պահին առավել կարեւոր, քան Հայաստանի մշակույթի ճանաչումը երկրի սահմաններից դուրս: Աղքատության, տնտեսական ծանր կացության մեջ գտնվող մարզերը, ըստ էության, ամբողջական մշակութային կյանք ունենալու, մշակութային դրսեւորումներ ի հայտ բերելու հնարավորություններից ուղղակիորեն զուրկ են եղել: Տարիների ընթացքում գրեթե իսպառ ոչնչացվել են գյուղական գրադարանները, տեղի մշակութային փոքրիկ օջախները, պատշաճորեն չեն համալրվել մարզային գրադարանները: Ակտիվ, անմիջական կապը, երկխոսությունը, բանավեճը մայրաքաղաքի մշակութային կյանքի հետ խզվել է: Իհարկե, փաստ է, չնայած այս ամենին՝ մարզերում ծանր կացության մեջ գոյատեւող տասնյակ տաղանդավոր արվեստագետներ շարունակ ստեղծագործել են, Գյումրիում, Վանաձորում, Կապանում բացվել են ցուցահանդեսներ, վերջիվերջո՝ գրքեր են գրվել, գրվել է երաժշտություն, նկարահանվել են ֆիլմեր, ստեղծվել են կտավներ, ստեղծվել է ժամանակակից արվեստ: Եվ, այդուհանդերձ, մարզերում առարկայացած արվեստային այս միտումները միշտ էլ «մշակութային կյանք» սահմանված եզրույթի շրջանակից դուրս են կայացել:

Ահա՝ տարիների ընթացքում իբր «մշակութային քաղաք-պետության» վերածվող Երեւանը, մարզերի ռեսուրսները խժռելով եւ հիմնականում այդ ռեսուրսների հաշվին ապրելով, այդպես էլ ոչինչ չի վերադարձրել: Բոլորը գիտեն՝ մարզերում մշակութային կյանքի բացակայությունը երիտասարդ արվեստագետներին միշտ էլ մղել է դեպի Երեւան՝ գոնե թվացյալ, գոնե պատրանքային մշակութային իրականություն վերագտնելու հուսահատ հույսերով: Իսկ, ինչպես գիտենք, Երեւանից «հետո»-ն արտագաղթն է, այլ երկրներում մշակութային կյանքի երեւումներ, խթաններ որոնելու մտայնությունները: Մարզերի մշակութային կյանքը գետնակետում է, եւ նոր կառավարության հիմնավոր հոգածությունից, մշակույթը, արվեստը գնահատելու նրա կարելիությունից է կախված լինելու այդ կյանքի վերակենդանացման հնարավոր վերջին իրական շանսը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X