Թատերականն իր խնդիրները բարձրաձայնում է ԿԳՆ-ին

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները նախօրեին իրենց առաջարկություններով եւ դիտողություններով նամակ-փաթեթ են հանձնել կրթության եւ գիտության նախարարություն։ Ուսանողների հետ նամակը ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին է փոխանցել նաեւ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Իսրայելյանը։ Բանն այն է, որ վերանայվել եւ կրճատվել է «Արտասահմանյան գրականություն» առարկայի ժամաքանակը։

Հասմիկ Իսրայելյանն ասում է, որ թե՛ ինքը եւ թե՛ իր գործընկեր դասախոսները ԿԳՆ-ից ակնկալում են շուտ լուծում տալ իրենց բարձրացրած հարցերին, որովհետեւ ինստիտուտում անտարբերության մթնոլորտ է, եւ ռեկտորը չգիտի, թե ինչ է կատարվում իր ղեկավարած կառույցում․ «Ես փորձում էի չխառնվել ուսանողական շարժմանը, բայց մենք՝ դասախոսներս էլ խնդիրներ ունենք․ այդ խղճուկ աշխատավարձերը, պրոռեկտորների կամայականությունները, դյուրքաչափեր են փոխվել, սարքել են ժամավճարներ, դասախոսները դասագիրք են գրում, չի տպագրվում։ Այսպիսի անտարբերություն եւ ամենաթողություն է բառիս բուն իմաստով։ Նաեւ վարչակազմն է ուռճացված։ Չկա դասախոսներին խրախուսանք, նույնիսկ՝ բարոյական։ Եթե անգամ ինչ-որ մեկը փորձում է այս ինստիտուտում առաջարկ անել կամ ծրագիր ներկայացնել, ասում են՝ ինչի մեր բուհում չկա՞։ Այսինքն՝ թատերականը վերածվել է «ՍՊԸ» հասկացության ու ինչ ուզում՝ անում է, մինչդեռ այս բուհը մշակույթի հենասյունն է»։

Իսրայելյանը նկատում է, որ այստեղ իր կամ իր ժամերի խնդիրը չէ, ապա խնդրում է չանձնավորել այս հարցը․ «Խնդիրն այստեղ այն ղեկավարությունն է, ում հետաքրքիր չէ՝ ուսանողի վճարած 600 հազարից քանի տոկոսն է ծախսվում ուսանողի վրա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Թատերական ինստիտուտում սովորող ուսանողը չգիտի, թե հեռուստատեսությունն ինչ է, միայն իրենց ղեկավարների շնորհիվ գիտեն։ Սա հարցի լուծում չէ, բա ղեկավարության հոգածությո՞ւնը։ Ռեկտորատը գոհ-գոհ ասում է՝ բոլոր թատրոններում մեր էրեխեքը խաղում են, ենթադրենք՝ Երվանդ Ղազանչյանը թատրոն ունի, բայց այն ղեկավարները, որ թատրոն չունեն, ի՞նչ պիտի լինի այդ երեխաների ճակատագիրը։ Ես ռեկտորի օգնականն եմ կես դրույքով, բայց նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, պրոռեկտորները որոշում են, ինքը՝ հաստատում։ Աշխատավարձերի խայտառակ տարբերություն կա, իսկ եթե դասախոսը համարձակվի խոսել, պրոռեկտոր Նարինե Սարգսյանը նրան լռեցնում է, որ ժամերը դուրս կգան սովորական պլանից, մյուսի դեպքում որոշում է, որ սոցիումի հետ խնդիրներ ունի, ինքը բոլոր հարցերի պատասխանն ունի, բայց ռեկտորի օգնականը ոչ մի բանից տեղյակ չէ։ Երեւի պիտի շնորհակալ լինեմ, որ օգնական եմ»։

Ի պաշտոնե առիթ չի՞ եղել ռեկտորին զեկուցելու այդ խնդիրների մասին։ Հասմիկ Իսրայելյանն ասաց․ «Ռեկտորը լսում է, բայց քայլ չի անում։ Այդ մարդն իրավիճակին չի տիրապետում։ Ինչու եմ իմ խոսքում հեղափոխությունը շեշտել, որովհետեւ մտածել եմ, որ ունենք նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր մշակույթ, եւ արդեն կարող է մեր ձայնը մի քիչ լսելի դառնալ։ Ուսանողները բազմաթիվ պահանջներ են ներկայացրել, բայց իրենք բերում՝ շեշտը դնում են միայն առարկաների վրա։ Մեր 4 ուսանողներին տրված նախագահական մրցանակից են խոսում, բայց ինստիտուտը դրա հետ ոչ մի կապ չունի, պարզապես այդ երեխաներն ավարտական կուրսից են, ովքեր իրենց միջոցներով, կապերով հասել են այդ մրցանակներին։ Հետո՝ անընդհատ գնում են այս կամ այն երկրներ գործուղումների, ու միշտ մի հոգի է այդ խումբը ղեկավարում՝ մեր պրոռեկտորը, ով չի հանդուրժում ոչ մի խելացի կարծիք»։ Հասմիկ Իսրայելյանը հույս է հայտնում, որ նախարարը կարձագանքի եւ կհանդիպի իրենց հետ, իսկ եթե հանկարծ ընթացք չտրվի, դասախոսները նույնպես հանդես կգան նամակով։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նկատում է՝ երբ երկրում փոփոխությունների մթնոլորտ է, դա չի կարող շրջանցել նաեւ բուհերը։ Խնդիրներ կան, ընդ որում՝ բոլոր բուհերում։ Նա ընդգծում է՝ շատ ուրախ է, որ այդ հարցերը բարձրաձայնում է իր օգնականը, ապա նկատում՝ գուցե արժեր սկզբում այդ հարցերն իր հե՞տ քննարկել, նոր հանել հրապարակ․ «Ուսանողները մտահոգություն են հայտնում, որ մասնագիտական առարկաները պետք է լինեն ավելի շատ, իսկ հարակից առարկաները՝ ավելի քիչ։ Որոշ տրամաբանություն գուցե կա, բայց սա պրոֆտեխուսումնարան չէ, որ միայն մասնագիտություն սովորեցնեն, սա բարձրագույն կրթական հաստատություն է, որն այդ մասնագիտությանը սնող առարկաներ է ուսուցանում, որպեսզի մենք արդյունքում ունենանք ինտելեկտուալ արվեստագետ»։

Ռեկտորը նշում է, որ առաջարկել են կազմել աշխատանքային խմբեր՝ թատրոնի եւ կինոյի ֆակուլտետներում առանձին-առանձին, ներգրավել այդ խմբերում ուսանողության ներկայացուցիչներին՝ իրենց իսկ առաջարկով, եւ եկող ուսումնական տարվա ծրագրերը մշակեն համատեղ։ «Հետո այդ ամեն ինչը թող բերեն գիտխորհուրդ, որտեղ ուսանողները 25 տոկոս ներկայություն ունեն, քանի որ յուրաքանչյուր տարի այդ տարվա ուսումնական ծրագրերը հաստատվում են գիտխորհրդում»։

Ինչ վերաբերում է ինստիտուտի տեխնիկական հագեցվածության հարցերին, ապա, ըստ Մուրադյանի, իրենք ունեն որոշակի քանակի տեխնիկա, ձայնագրման տաղավար, մոնտաժային արհեստանոց, կինոխցիկներ եւ այլ պարագաներ, որը, բնականաբար, բավարար չէ, եւ գուցե դրա կրկնակին է պետք ունենալ․ «Եվ ես միայն երջանիկ կլինեի, եթե դրա կրկնակին ունենայինք, սակայն դա կախված է դրամաշնորհների, նվիրատվությունների, պետական ֆինանսավորման հետ, որը պրոբլեմատիկ է այս պարագաներում»։ Նա նշում է, որ 4 ամիս առաջ նամակ է գրել նախկին նախարար Արմեն Ամիրյանին, որպեսզի «Կինոյի մասին» օրենքի նախագծում առանձին տող հատկացվեր կինոկրթության մասին՝ կինոմասնագետներ պատրաստելու գծով։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրանք իսկապես ցածր են, ուստի նա անձամբ հրաման է տվել իր աշխատավարձը պակասեցնել՝ ֆինանսական միջոցները խնայելու համար։ «Վերջին 3 տարիների ընթացքում մեզ մոտ ժամավճարները բարձրացել են, բայց, միեւնույն է, այս կյանքի պայմաններում դա չի կարող լինել բավարար։ Եվ, բացի այդ, դասախոսներն առավոտվա 9-ից մինչեւ երեկոյան 6-ն աշխատանքի չեն գալիս եւ չպետք է գան, իրենք գալիս են իրենց դասաժամերին։ Մենք ուրախ կլինենք բարձրացնել աշխատավարձերը, բայց նվազել է դպրոցների շրջանավարտների թիվը, ըստ այդմ՝ խիստ նվազել է դիմորդների թիվը, եւ ունենալու ենք խնդիրներ, որոնք առաջացնելու են ֆինանսական մուտքերի ճեղքվածք։ Ինչ վերաբերում է բուհի վարձավճարների չափին, ապա մեր բուհում անվճար տեղերի համար վճարում է պետությունը, 1 անվճար տեղի համար 1 տարվա կտրվածքով պետությունը փոխանցում է 990 հազար դրամ, իսկ մեր վարձավճարը 600 հազար դրամ է եւ 450 հազար դրամ է մի քանի այլ մասնագիտությունների գծով»,-ասաց Մուրադյանն ու հավելեց, որ ոչ մի ժամ չի կրճատվել, դրանք ընդամենը հաջորդ տարվա նախագծեր են՝ ուսանողների պահանջով, քանի որ հենց նրանք են պահանջում բեռնաթափել ոչ մասնագիտական առարկաները։ Ռեկտորը նկատում է՝ ուրախ կլիներ, եթե այն էներգիան, որ ծախսվում է նախարարության շենքի դիմաց, ծախսվեր համատեղ քննարկումների վրա․ «Եվ շահարկել այն՝ դե քանի որ ես մասնակցել եմ հեղափոխությանը, դրա համար իմ ժամերը կրճատվել են, դա ինձ շատ վատ ժամանակներ է հիշեցնում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X