Երբ ցուցարարը ցուցարար չէ, տերտերը` տերտեր

Նոր Հայաստանի թավշյա ոստիկանությունը հերթական հերոսական կեցվածքն է ցուցադրել` որոշելով, որ ցուցարարների ապրիլ-մայիս ամիսներին վնասված ավտոմեքենաները կնորոգվեն ապահովագրական ընկերությունների կողմից, եթե դրանց տերերը դիմեն Ճանապարհային ոստիկանություն: Թվում է` ավելի հայրենասիրական բան հնարավոր չէր մտածել, սակայն, երբ խորանում ես թավշյա հեղափոխության ծնունդ ոստիկանության այս հայտարարության մեջ, հասկանում ես, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ հայրենի իրավապահները խտրական վերաբերմունք են դրսեւորել:

Կներեք, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է վերանորոգեն քաղաքացի ցուցարար Սարգսի ավտոմեքենան, բայց չպետք է վերանորոգեն շարքային քաղաքացի Կիրակոսի ավտոմեքենան, որը վնասվել է ապրիլ-մայիսին եւ հենց Սարգսի մեքենային բախվելուց: Չէ, եթե ոստիկանությունում հեղափոխությունից հետո մարդիկ ավելի են խելոքացել, դա այլ հարց է, բայց որոշումը, գրողը տանի, որ նրանք կայացրել են, մեղմ ասած, խելամիտ չէ: Ինչպե՞ս են, օրինակ, որոշելու, որ Սարգսի ավտոմեքենան վնասվել է ապրիլ-մայիսին; Ինչպե՞ս են, օրինակ, որոշելու, որ հենց Սարգիսը կոպտորեն չի խախտել երթեւեկության կանոնները եւ պատճառ դարձել պատահարի: Մի առիթով գրել էի անձամբ ինձ հետ տեղի ունեցածի մասին: Մանկավարժական համալսարանի մոտ փողոցի լայնքով երթեւեկող տաքսին անզգույշ հետընթաց կատարեց եւ վնասեց իմ մեքենայի առջեւի բամպերը (վահան): Մինչեւ իջա, որ տեսնեմ ինչ եղավ, տաքսին` ՀՀ եռագույն դրոշներով զարդարված եւ պատուհաններից մինչեւ գոտկատեղը դուրս ընկած ցուցարարներով, փախավ դեպքի վայրից: Համարներն էլ՝ փակ: Հիմա այդ տաքսու վարորդն իր մեքենան պետք է նորոգի ապահովագրական ընկերության հաշվին, իսկ ե՞ս…

Բացառված չէ, որ այս խելոք միտքը ոստիկաններին հուշել են հենց ապահովագրական ընկերությունները, որոնք անցել են հեղափոխության կողմը եւ հիմա ամեն ինչ անում են, որ ԱԱԾ-ն ստուգումներ չսկսի իրենց մոտ: Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը, դեռ պատգամավոր, առանձնապես չէր համակրում այդ ընկերություններին` ապահովագրական գումարների մեծության պատճառով: Եվ հիմա սրանք, ըստ երեւույթին, որոշել են սիրաշահել հեղափոխության առաջնորդներին ու հեղափոխությանը, որպեսզի հացից չզրկվեն: Ստացվում է նաեւ, որ այդ ընկերություններում փողերը «գյոլ են տվել», եւ նրանք իրենց այսպիսի շռայլություններ են թույլ տալիս: Իսկ դա արդեն կոռուպցիա է, բարեկամներ, իսկ դա արդեն նշանակում է, որ ապահովագրական ընկերություններն այնքան գերշահույթ են ստանում, որ կարող են առանց աչքները թարթելու նորոգել ցույցերի ժամանակ վնասված ավտոմեքենաները:

Ես դեմ չեմ, իհարկե, որ Սարգսի ավտոմեքենան նորոգի ապահովագրական ընկերությունը, բայց ամենեւին էլ կողմ չեմ, որ դա արվի իմ վճարած գումարով եւ այն էլ այն դեպքում, երբ մեղավորը տաքսիստ-ցուցարար Սարգիսն է: Հասկանալի է, չէ՞, թե ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ մենք մի կողմից էլ իմացանք, որ ապահովագրական ընկերությունները պարտավոր են առնվազն 50 տոկոսով պակասեցնել ապահովագրական վճարները: Եվ սա պետք է անի հեղափոխությունը. ուզում է` բաց ձեռքերով, ուզում է` ԱԱԾ-ով:

Սա, իհարկե, հայրենի ոստիկանության միակ խելացի հայտարարությունը չէ` կապված հեղափոխության հետ: Ավելի վաղ որոշում էին կայացրել չտուգանել այն ավտոմեքենաների վարորդներին, որոնք փողոցներ են փակել, սիգնալ տվել, մայթեր բարձրացել եւ այլն, եւ այլն: Իսկ ի՞նչ անեն այն վարորդները, որոնք ճանապարհը փակած ցուցարարի մեքենան շրջանցելու համար հոծ գծեր են հատել, կանգնել-մնացել են անցումների վրա, իջել՝ մի երկու ջերմ խոսք են ասել ծխած, ծակված ուռոդներին, որոնց բութ հայացքներում ոչ միայն նոր, այլեւ հին եւ հնագույն Հայաստանի ոչ մի հետք չկար:

Պարոն Օսիպյան, բան չունե՞ք ասելու այս ամենի մասին: Իմ կարծիքով` քառակուսի մտածողության հետեւանք է այն, որ ճանապարհ փակողին չեք բռնում, բայց բռնում ու դատի եք տալիս Զեյթունում եւ Ավանում ճանապարհ փակելուն խոչընդոտած քաղաքացիներին: Իսկ գուցե սա նորաձեւ իրավապահությո՞ւն է, որից միայն ոստիկանությունն է գլուխ հանում:

Ճիշտն ասած` ես չգիտեմ, թե որքանով է ոստիկանության պարտականությունների մեջ մտնում Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությունը, բայց արդեն կասկածում եմ, որ նրան գահընկեց անելու համար ցույցի ելած տերտերների ավտոմեքենաներին թույլատրել եք Աբովյան փողոցում կանգնել ինչպես պատահի` լայնքով ու երկայնքով: Վաղը, գուցե, կորտեժով նրանց Էջմիածին էլ կտանեք, որ բանակցեն Վեհափառի հետ` վերջինիս հեռացման պայմանների շուրջ: Ոստիկանության մտահոգությունը, հավանաբար, միայն այն է, որ ցուցարար տերտերների թանկարժեք ավտոմեքենաները չվնասվեն: Եվ ի՞նչ փույթ, որ մի ողջ ժողովուրդ է ուծացվում «տաղանդավոր» տերտերների շարժման բովում: Ի՞նչ է նշանակում` նոր Հայաստանին` նոր հայրապետ: Ծայրապետ ձեզ… Ձեզնից ի՞նչ խաչ բռնող, ի՞նչ հավատացյալ, ի՞նչ քրիստոնյա: Սեւազգեստ այս խառնակիչների պատճառով չէ՞, որ Թուրքիո պատրիարքարանում այսօր տերուտնօրեն է Էրդողանը: Ի՞նչ կապ ունի եկեղեցին հեղափոխության ու պետության հետ, ինչո՞ւ իրենց հարցերը եկեղեցու պատերի ներսում չեն կարգավորում, որ այսպես, մինչեւ իրենց սուրբ հոգիների խորքը բացվել են իբր ժողովրդի, բայց իրականում հազար «շուն ու շանգյալի» առաջ: Այդ անհնազանդ սեւազգեստ ագռավներին պետք է բռնել, մորուքները խուզել եւ ուղարկել ճգնելու: Ցուցարար տերտերների հովված եւ ոչ մի եկեղեցի չպետք է մտնի հայ հավատացյալը, մինչեւ նրանց «դուխը» չկտրվի այնտեղից: Երեւի պետք է Նիկոլին կանչենք, որ հարցը կարգավորի եւ ձեռքի հետ էլ ոստիկանությանը հրահանգի` շատ երես չտալ դրանց: Ի վերջո, այնպես էլ չէ, որ ամեն ինչ փոխել ենք, ու մնացել է Վեհափառը:

Մամուլում աչքովս ընկավ, որ Վալերի Օսիպյանը (բոլոր գործընկերներիս հորդորում եմ նրա անունը գրել առանց վերջին «յ»-ի) իր նախորդի նման պարզ, հավատացյալ մարդ է, նույնիսկ աղոթելու անկյուն ունի: Լավ է: Բայց վատ է, որ մեր ազգի մեջ միակ ոստիկանապետը լինելով` հանդուրժում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մի քանի կղերականի կազմակերպած այս խայտառակությունը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X