Օրբելյանն ինձ ասում է՝ արի, ենթարկվի, բայց ինչի՞ն ենթարկվեմ

ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը պատրաստվում է հանդիպել մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ եւ խոսել ոչ միայն իր նոր նախաձեռնության մասին, այլեւ օպերային թատրոնի ներկա կացության, որովհետեւ, ինչպես ինքն է նկատում, 2 տարի է արդեն՝ ոչինչ չի արվել եւ չի արվում։ «Հիմա ինչ-որ փառատոն են անում, բայց չես հասկանում, թե ինչու են ներկայացումները հանում, օրինակ՝ ամսի 5-ին «Դոն Կիխոտ» պետք է լիներ, բայց չկա, «Մանոն Լեսկո» օպերայի վրա այդքան ծախսեր արվեցին, բայց չգնաց, նույնը՝ «Կարինե» օպերայի դեպքում, ու չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Իմ բեմադրած 30 անուն ներկայացումներից ոչ մեկը չի գնում այսօր, Օրբելյանն ինձ անընդհատ ասում է՝ արի աշխատանքի, ենթարկվի, բայց ինչի՞ն ենթարկվեմ»,- ասում է Ռուդոլֆ Խառատյանն ու ընդգծում, որ իր պայմանագրի մեջ նշված է՝ պետք է բեմադրի նոր ներկայացում, բայց Օրբելյանը հանել է այդ ներկայացումը՝ պատճառաբանելով, որ ինքը դրա իրավունքն ունի։

Խոսքը վերաբերում է «Շերբուրյան հովանոցներին», որը Խառատյանը պետք է բեմադրեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, ու թեեւ գեղխորհուրդը հաստատել էր ներկայացումը, բայց Օրբելյանը միանձնյա որոշել է, որ այն չպետք է բեմադրվի։ «Ինձ ասում է՝ ես հանել եմ, բայց ինչո՞ւ ես հանել, գեղխորհրդի որոշումը ցույց տուր։ Այդ մարդը չգիտի, թե թատրոնի ստրուկտուրան ոնց աշխատեցնի, ոչ էլ գիտի թատրոնի տեսլականը, թե որոնք են մանկական, եվրոպական կամ հայկական ներկայացումները։ Ինքն ուղղակի դիրիժոր է, բայց թատրոնում այսօր 2 պաշտոն է զբաղեցնում»,- ասում է Խառատյանն ու հավելում, որ թատրոնում չի տեսնում Օրբելյանին, որպեսզի խոսի, քանի որ նա համարյա չի լինում թատրոնում։

Բալետմայստերն ընդգծում է՝ թատրոնն այսօր 24 ժամ պետք է աշխատի, անելիքները շատ են․ «700 հոգի չգիտի ոնց եւ ինչ անի, որն է ճիշտը։ Տասը հազար ժամ պետք է, որպեսզի մարդը մարզի իր մկանները, զգացական աշխարհը։ Այս ամենն ինքը չի պատկերացնում ու կարծես կապրիզներ բանեցնի՝ բողոքելով, թե արի ենթարկվի, բայց ո՞ւմ ենթարկվեմ, ո՞րն է նպատակը։ Ինքը խառնում է փորձավարին բալետմայստերի հետ։ Օրինակ՝ «Ժիզել» բալետը բեմադրվել է 1841-ին՝ Կորալի կողմից, բայց ամեն անգամ «Ժիզելը» բեմադրելուց թատրոնը Կորալին չի կարող բերել, որպեսզի նա փորձ անի, որովհետեւ Կորալը խորեոգրաֆ է, ինչպես որ ես, ով 30 անուն ներկայացում է բեմադրել։ Արդեն 3 նամակ եմ գրել իրեն, բայց չի պատասխանում, թե ինչու դրանք խաղացանկում չեն գնում»։

Ինչ վերաբերում է գեղխորհրդի դերակատարությանը, ապա, ըստ Խառատյանի, 2014-ից սկսած՝ այն միայն խորհրդակցական ուժ ունի, ցանկացած դեպքում որոշողն Օրբելյանն է։ «Այսինքն՝ ես պիտի նստեմ սպասեմ, թե ինքը երբ կուզի․ ես էլի կենթարկվեի ինչ-որ տեղ, եթե իմանայի, որ թատրոնը շատ ներկայացումներ, նորարարություններ ունի, բայց ես նորարարությունները բերում եմ, ինքը ջնջում է, եւ մենք նորից հին տաշտակի առաջ ենք կանգնում, ու եթե նայեք՝ թատրոնի օպերային եւ բալետային ներկայացումները մեր թվարկությունից առաջ արված գործեր են»,- ասում է Խառատյանն ու հավելում, որ անընդհատ բախվում է մի անձի որոշումների հետ․ «Բայց հո քո ուզելով չէ՞, եղբայր, ես քեզ ինչքան էլ հարգեմ, բայց իմ երկիրն ավելի եմ հարգում եւ ուզում եմ, որ իմ երկիրն առաջ գնա»։

Ռուդոլֆ Խառատյանը նոր ծրագրեր ունի Գյումրիի հետ կապված, ծրագրում է նոր արվեստի կենտրոն հիմնել, այդ առիթով երեկ Գյումրու քաղաքապետի հետ է հանդիպել, ում հետաքրքրել է իր ծրագիրը․ «Նախկին մշակույթի պալատը, հավանաբար, կտրամադրի իմ ծրագրերին, եւ կաջակցեն մեզ։ Կենտրոնը կհանդիսանա ոչ միայն բալետային դպրոց, այլ նաեւ կկազմակերպի ամառային կրթական դպրոցներ, փառատոներ, կիրականացնի հետազոտական աշխատանքներ, երաժշտական, նկարչական ծրագրեր։ Ցանկությունն այն է, որ երիտասարդները լուծեն իրենց զբաղվածության եւ կրթության հարցը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X