750 առաջադրումներից «Ավրորան» ընտրել է 3 հերոսի

Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ճանաչման է արժանացրել երեք մարդասերի։ Օսկարակիր դերասան եւ մարդասիրական գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող ընտրող հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրել է երեք հերոսի։

Նրանցից մեկն ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունն է, ով թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, բայց իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն «72. տուն եւ ապաստան՝ միգրանտների համար» կազմակերպության հիմնադիրն է։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրն ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50 հազար կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում՝ օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ սեփական երկրներից արտաքսվածներին։

Սունիտա Քրիշնան «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրն է։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը փրկել, ռեաբիլիտացրել եւ հասարակությանը վերաինտեգրել է սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17 հազար 800 կանանց եւ երեխաների կյանքում։

Ի տարբերություն 2016 եւ 2017 թվականների հանդիսությունների, 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի 3 մասով։ Առաջին մասը՝ «Ավրորա․ մեծարելով մարդասերներին» միջոցառումը, տեղի կունենա հունիսի 9-ին, «Թումո» կենտրոնում եւ կներկայացնի 2018թ. «Ավրորա» մրցանակի երեք մարդասեր հերոսներին։ Երկրորդ մասը տեղի կունենա այգաբացին` Երեւանից 30 րոպե հեռավորության վրա գտնվող մի վայրում՝ Հայաստանի սահմաններին հնարավորինս մոտ Արարատ լեռանը։ 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչի արեւածագին՝ մարդասերների փոքր խմբի ներկայությամբ։

«Ավրորայի» հիմնական միջոցառումները կհանգուցալուծվեն հունիսի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հանդիսությունների շարքի եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կպարգեւատրվի ինչպես 100 հազար դոլարի պարգեւով, այնպես էլ 1 մլն դոլար դրամաշնորհով՝ ստանալով հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ 2016թ․ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Բուրունդիի «Մեզոն շալոմ» («Խաղաղության տուն») խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին եւ փախստականներին։ 2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։

Հիշեցնենք, որ 2016թ․ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Բուրունդիի «Մեզոն շալոմ» («Խաղաղության տուն») խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին եւ փախստականներին։ 2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X