Հայկական դասական ֆիլմերը կվերականգնվեն 3 ծրագրով

Ֆիլմերի, կինոժապավենների, արխիվային նյութերի պահպանման և թվայնացման ծրագրերի բրիտանացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է հայկական դասական կինոյով, երեկ նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրել է հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը, որը կազմված է երեք փուլից: Ծրագրի առաջին փուլը (2018-2019) ներառում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում:

Դանիել Բըրդի ներկայացմամբ՝ վերականգնված ֆիլմերի բոլոր իրավունքները պատկանում են հայկական կողմին: Ֆիլմի վերականգնումը պետք է սկսվի հունիսին, որպեսզի ֆիլմը ժամանակին ներկայացվի ԱՄՆ-ի Telluride փառատոնի բացման հանդիսությանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր հերթին նախատեսում է վերականգնված ֆիլմն ուղարկել Լիոնում կայանալիք Լումիեր եղբայրների անվան փառատոն։ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի սքանավորման ու վերականգնման աշխատանքներից հետո լեհական «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում սքանավորվելու և վերականգնվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ Նովա) ֆիլմի հում նյութը, որը վերջնական մոնտաժից հետո, դուրս է մնացել ֆիլմից։

Վերականգնված հատվածներից, միջագային համագործակցությամբ, մտադրություն կա ստեղծել «Անհայտ Փարաջանովը» աշխատանքային վերնագրով փաստագրական ֆիլմ։ Նախատեսում են այն 2019 թվականին ցուցադրել Ռոտերդամի և Վենետիկի փառատոններում։ Ծրագրի երկրորդ փուլում՝ 2020-2024 թթ․ ընթացքում, բրիտանացի պրոդյուսերը նախատեսում է սքանավորել և ամբողջովին վերականգնել Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, առաջին հերթին՝ «Պեպոն», որը 2019-ին նախատեսում է ներկայացնել Կաննի փառատոնում։ Դանիել Բըրդն առաջարկում է սքանավորել և վերականգնել հայ դասական 10-12 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարելու է ազգային և միջազգային ժյուրին։ Նախատեսվում է այդ ֆիլմերը թողարկել DVD- կրիչով: Ծրագրի 3-րդ փուլում «Ֆիքսաֆիլմի» մասնագետներն անցկացնելու են սեմինարներ՝ պատրաստելով արհեստավարժ մասնագետներ Երևանում վերականգնողական անկախ ստուդիա ստեղծելու նպատակով: Նախարար Մակունցը ողջունել է ծրագրի իրականացումը՝ խոստանալով օժանդակել հնարավոր բոլոր միջոցներով:

Մեկնաբանություն
X