Մեծ սուտ

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիսին և այնպես ոգևորեց մեր ժողովրդին, իրականում տեղի չունեցած, թվացյալ իշխանափոխություն է, այլ կերպ` իշխանափոխության իմիտացիա: Իշխանափոխություն Հայաստանում տեղի կունենար Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով, ինչը տեղի չունեցավ, որովհետև ՀՀ օրվա իշխանությունը հստակ գիտակցում էր, որ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով՝ Հայաստանում լրջագույն պրոցեսներ էին սկսվելու, հատկապես սեփականության վերաբաշխման ուղղությամբ:

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների: Պատասխանը հստակ է` Կարեն Կարապետյանը քաջ գիտեր, թե ով էր Նիկոլ Փաշինյանը, և ինչ խնդիր էր լուծվում նրա միջոցով: Բազմամարդ ցույցերի առաջին օրերին Կարեն Կարապետյանը գուցե դեռ հավատում էր «իր աստղին», բայց ուժային կառույցների ղեկավարների և միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո արդեն իսկ պարզ էր, որ պայմանավորվածություններ են խախտվել, և Հայաստանում տակավին չեն ցանկանում զիջումների գնալ մրցակցող կապիտալի առաջ:

Ում հետ բանակցել

Կարեն Կարապետյանը չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների և խուսափեց ԱԺ մայիսի 1-ի և 7-ի նիստերում խայտառակվելուց, ինչը չհաջողվեց ՀՀԿ-ին: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ հիասթափություն էր ապրելու նա, եթե շարունակեր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, իսկ հարազատ կուսակցությունը, որը խորհրդարանում ուներ վարչապետ նշանակելու բոլոր հնարավորություններն, իր թեկնածությունը չառաջադրեր: Հրաժարվելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից` Կարեն Կարապետյանը որոշ չափով խառնեց «դրածո վարչապետ» ծրագրի հեղինակների խաղաքարերը, բայց իշխանությունը պահելու պրոցեսը, ինչպես ասում են, թափ էր հավաքել և կանգնեցնելն այլևս անհնար էր: Մայիսի 8-ին մենք ականատես եղանք ՀՀ ԱԺ պատմության մեջ ուշագրավ ֆարսի, որ իշխանական և մի շարք այլ լրատվամիջոցների, ինչպես նաև սոցցանցերի համընդհանուր աղմուկի մեջ որակվեց իբրև պատմական քվեարկություն: Արժե՞ նորից թվարկել, թե ՀՀԿ-ից ովքեր կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Համակարգ փոխելը հեշտ բան չէ

Ժողովրդի թեկնածուն հաղթեց, ուռա… Իմ հարևան Շմավոնը, որ ողջ կյանքում ինձնից է խորհուրդ հարցրել, սկսել է խորհուրդներ տալ ինձ: Ասում է` հը՞, ո՞նց ես, վլաստը փոխվեց չէ՞, բա որ ասում էի՞, հեսա կտենաս ինչ ա անում Նիկոլը: «Էսա սաղին ծակն ա կոխելու, սնանկացնելու ա…»։ Յա՛ա՛ա` զարմանում են մեզ լսողները: Շմավոնի ոգևորությունից հիմա համարյա ոչինչ չի մնացել: Նա հազվադեպ է բակում երևում, բայց շարունակում է ամուր կապեր պահպանել մեր թաղային իշխանությունների, ընդհուպ համատիրության ղեկավարության հետ: Մի օր պետք է հարցնեմ` Շմավոն, բա ասում էիր վլաստը փոխվել է…

Շմավոնն, իհարկե, ինձ համար չափանիշ չէ: Ինձ համար չափանիշ են այն քայլերը, որոնք կատարում է «նոր իշխանությունը»` թաքնվելով դեռ հեղափոխության օրերին հռչակած «վենդետա չի լինելու» հայտարարության հետևում: Նորերը համակարգ փոխելու խնդիր չունեն, նրանցը ժամանակ ձգելն է, գոնե մեկ տարի դիմանալը, մինչև ոգևորության ալիքը մարի, և հասարակությունն այդ ընթացքում ազատ անկման զգացողություն չունենա: Աղմուկներ դպրոցների տնօրենների շուրջ, մի քիչ աղմուկ ՊԵԿ-ում, նեղացած կեցվածքներ ՀՀԿ-ից, Կարեն Ավագյանը «անանիմկա» կգրի իր ղեկավարած հիմնադրամի տնօրենի վրա, Տարոն Մարգարյանին մի փոքր կքաշքշեն, «Երևան սիթիները» բոյկոտելու մերկապարանոց կոչեր կլինեն, ֆեյսբուքյան էլի մի քանի ստատուս և վերջ: Գեղեցիկ ներկայացումը կհասնի իր տրամաբանական ավարտին: Շմավոնը կասեր` տեսա՞ր ինչ արեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Վայ, Շմավոն: Ախր Արամ Սիմոնյանն այս ողջ պատմության հետ կապ ունի այնքանով, որքանով տեղավորվում է սցենարի մեջ: Մյուս ռեկտորները հրեշտա՞կ են: Ինչո՞ւ հենց Արամ Սիմոնյանը, մի՞թե միայն այն պատճառով, որ ԵՊՀ-ի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ Արամ Սիմոնյանն` ամենախոշորն ու ակնառուն ռեկտորների մեջ:

Ծրագիր գրելը՝ նույնպես

Կարդացինք, հասկացանք, ըմբռնումով մոտեցանք: Շատերը կառավարության ծրագրին անուններ դրեցին` կենացների գիրք, բարի ցանկությունների ժողովածու, տնտեսության զարգացման ծրագիր, որտեղ տնտեսությունը վերջին տեղում է և այլն: Ես ձեռնպահ կմնամ անուն տալուց, բայց լռել այլևս հնարավոր չի լինի, եթե ՀՀԿ-ն ԱԺ-ում կողմ քվեարկի այդ սպիտակ թղթին` ինչպես և խոստացել է:

Պրոյեկտներին փող չեն տալիս

Ով մտածում է, թե մենք այնպիսի վարչապետ ու կառավարություն ունենք, որ իսկականից չեն տարբերվում, կարծում եմ, խիստ սխալվում է: Ոգևորված հայ հանրությունից բացի, բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պուտինը կամ Թրամփը հաստատ այն մարդիկ չեն, որոնց կարելի է մոլորեցնել, ինչպես իմ հարևան Շմավոնին: Գնալ ԵՏՄ գաղափարական հայրերի մոտ և հայտարարել, թե սրանից հետո ԵՏՄ-ում գործերն ավելի լավ են ընթանալու, մեղմ ասած, ցնցող չէ: Ավելին, նույնիսկ հիասթափեցնող է, երբ նման բան է ասում մի մարդ, ով դեռ երեկ պատրաստվում էր ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Մյուս կողմից էլ Արևմուտքն է զարմացել, թե ինչպե՞ս կարող է ԵՏՄ-ից դուրս գալու կոչ անող ղեկավարը Սոչիում սիրո խոստովանություններ անել Պուտինին: Մյուս կողմից էլ հայ քաղաքագիտության արև Տեր-Պետրոսյանն է ասում, որ վարչապետը, թարսի պես, լեգիտիմ չէ, պնդելով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Բա ի՞նչ անենք, երբ փող են տալիս լեգիտիմին, երբ ներդրում են անում լեգիտիմ իշխանություն ունեցող երկրում և այն երկրներում, առհասարակ, որտեղ բիզնեսը կապ չունի իշխանության հետ:

Լավ էլի, պապ, մի քիչ էլ խաղամ

Խաղա, բալիկ ջան, խաղա, քանի դեռ այս ամենը ճշմարտանման է, քանի դեռ Շմավոնը հավատում է, խաղա: Մի հատ էլ որ Արցախում սալյուտ տանք, ամեն ինչ իր տեղը կընկնի, մարդիկ ավելի կհավատան, կմտածեն, որ Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ տեղի է ունենում: Արդեն իսկ որոշ գիտնականներ պատմականացնում են այս «իշխանափոխությունը»: Զուգահեռը շատ գեղեցիկ են տանում: Ասում են` ցարական Ռուսաստանին փոխարինեց խորհրդային կայսրությունը, որը ոչնչով չէր տարբերվում ցարական կայսրությունից: ԽՍՀՄ փլուզումից հետո, մի քանի բացառություններ չհաշված, ստեղծվեցին ավտորիտար փոքրիկ կայսրություններ, որոնցում իշխանություններն իրենց հոգեբանությամբ չէին տարբերվում խորհրդային ժամանակների իշխանություններից: Բայց Նիկոլի հետ Հայաստանում հրաշք տեղի ունեցավ, և մենք այսօր ունենք նոր տիպի իշխանություն, և դա հիրավի պատմական իրադարձություն է: Չուզողը, ինչպես ասում են, ես լինեմ: Միայն թե նոր իշխանությունն արդեն մեկ ամիս է` քեֆ-ուրախության մեջ է, «ֆեյսբուքից» դուրս չի գալիս, որ հասկանանք, թե որն է նորությունը: Պաշտոններ բաժանելու և մարդկանց գործից հանելու թղթերից բացի, դեռ ոչ մի թուղթ չեն ստորագրել, պատասխանատվություն չեն ստանձնել, որևէ գործ, որ կարելի է մարդու աչք կոխել, չեն արել: Իմ ինչի՞ն են պետք առողջապահության նախարարի «ստերիլ» գրառումները «Ֆեյսբուքում», եթե դրանք մի գեղեցիկ օր կարող են անհետանալ նրա մատի մեկ հպումով: Դե եկ ու դրանից հետո քամի փնտրիր դաշտերում, հասկացիր, թե ինչու մարդը հայտնվեց այդ պաշտոնում և ինչ էր ուզում անել, որ չկարողացավ:

Կառավարության ծրագրում ասվում է, որ մտադիր են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել մեկ տարի հետո, երբ ԸՕ-ն կփոփոխվի և կվերանա ռետինգային ընտրակարգը: Հուսանք, որ այդպես էլ կլինի, բայց երբ մի փոքր ուշադիր ես կարդում ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացման մասը, հանկարծ տեսնում ես, որ մտադիր են մի «բռնող» կառույց էլ հատուկ ընտրակաշառքները բացառելու համար ստեղծել: Ականջդ կանչի Վլադիմիր Գասպարյան: Ձեր ժամանակներում էլ էին բռնում կաշառք տվող-վերցնողներին: Փաստորեն, ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի փոխվել Հայաստանում:

Հ.Գ. Նրանք, ովքեր հավատում են «թավշյա հեղափոխությանը», վստահ եմ, կանիծեն ինձ այս ամենի մասին գրելու համար, կբանադրեն, խարույկ կհանեն, բայց դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև մի գեղեցիկ օր, գուցե մեկ տարի անց, կպարզվի, որ երկրագունդն, այնուամենայնիվ, կլոր է:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X