Կլինեն պլանային ստուգումներ. նորանշանակ մարզպետ

Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արդեն մի քանի օր է ինչ ստանձնել է մարզպետի պաշտոնին, արդեն հասցրել է մի շարք փոփոխություններ կատարել: Մարզպետի կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներ՝ Սմբատ Եղիազարյանը, Գեղամ Հայրապետյանը և մարզպետի օգնականներ՝ Արտակ Գրիգորյանը, Վարդգես Սեպոյանը և Հերմինե Ադամյանը:

Կոտայքի մարզպետի տեղակալներից միայն Համլետ Հայրապետյանն է ազատման դիմում ներկայացրել: Բացի կադրային փոփոխությունները, մարզպետը որոշել է Կոտայքի մարզպետարանի (Հրազդանի քաղաքապետարանի) շենքում հիմնել հանրային գրադարան՝ Կոտայքի մարզի և մասնավորապես՝ Հրազդանի քաղաքացիների համար եւ հանդիպել քաղհասարակության ներկայացուցիչների, հատկապես երիտասարդների հետ: Մի քանի հարց ուղղեցինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

-Պարո´ն Պետրոսյան, ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը մարզում առկա խնդիրների լուծման համար:

Քայլերս բաղկացած են 3 հիմնական ճակատներից: Առաջինը՝ օպերատիվ մարզի վերահսկողությունը վերցնել ձեռքս. որեւէ տեղ, որեւէ բան բաց չթողնել: Երկրորդ՝ մեր բարեփոխումների փուլի մեկնարկը սկսված է՝ կլինեն կադրային փոփոխություններ: Կլինեն խորքային փոփոխություններ, հանդիպում բնակիչների հետ: Այցելելու եմ բոլոր համայնքներ, դեռ չեմ նայելու ճանապարհներին կամ խմելու ջրին, չնայած դա էլ պակաս կարեւոր չի: Պետք է իմանամ բոլոր համայնքները ունե՞ն ջեռուցվող դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն: Բոլոր համայնքները այս երեքը պետք է ունենան, հետո անցնենք մյուս խնդիրների լուծմանը: Պետք է կրթենք Կոտայքի մարզի բնակչին:

-Մամուլում հրապարակումներ կան մարզի որոշ համայնքների ղեկավարների չարաշահումների հետ կապված: Նախկին իշխանության օրոք հասկանալի պատճառներով քայլեր չձեռնարկեցին պաշտոնեական դիրքը չարաշահած համայնքի ղեկավարին պատասխանատվության ենթարկել: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս հարցում:

-Կլինեն պլանային ստուգումներ: Այն բոլոր համայնքի ղեկավարները բայցի այն, որ թույլ են տվել չարաշահումներ, կան նաեւ ժողովրդի մեծ մասի մտահոգությունները այն մասին, որ համայնքի ղեկավարները համայնքի բյուջեները արդյունավետ չեն ծախսել: Արդեն կան նամակներ չարաշահումների վերաբերյալ: Իսկ այն ստուգումները, որ չեն մտնելու պլանային ստուգումների մեջ, միջնորդություն կներկայացնեմ տարածքային կառավարման նախարար՝ պարոն Պապիկյանին, իր հետ համաձայնեցնելով, ինչպես օրենքն է պահանջում այդտեղ ուսումնասիրություններ կկատարվի:

Չի վրիպելու ոչ մի պաշտոնեական դիրքը չարաշահած պաշտոնյա: Ես արդեն ասել եմ, որ 10 տարի ավելի համայնքներ ղեկավարած համայնքապետերի հետ զրույց եմ ունենալու, հասկանալու իրենց աշխատելու հետագա նպատակահարմարությունը: Արդյոք իրենք 10 տարի աշխատելով որեւէ արդյունքի հասե՞լ են, որ եւս 5-10 տարի աշխատել են: Կոտայքի մարզում ունենք 32 տարվա գյուղապետ: Եթե 32 տարվա մեջ այդ գյուղապետը ինչ-որ բան արած լինի համայնքի համար, ես իր ձեռքը կսեղմեմ, իսկ եթե բնակիչները գոհ չլինեն, ես իրեն կասեմ, որ գնա վաստակած թոշակի եւ տեղը զիջի երիտասարդի:

-Պարո´ն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք գրադարան բացել մարզպետարանի շենքում:

-Մարզպետարանի շենքի երկրորդ հարկում գրադարան է լինելու, այնպես չի որ սա առաջնահերթ խնդիր է, բայց անկարեւորն էլ չի: Դա մշակութային լուրջ խնդիր է: Կոտրելու եմ այս շենքի անհրապույր եւ մերժված տեսքը: Քաղաքացին պետք է մուտք գործի հանրային տարածք, դա կլինի մարզպետարան, թե´ քաղաքապետարան, որպես իր սեփական տարածք ե´ւ համագործակի այդ կառույցների հետ, միաժամանակ հանգիստն անցկացնի այստեղ:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X