Ի՞նչ է ակնարկել նախարարը, եւ ինչո՞ւ են անհանգստացած համայնքապետերը

>

Հունիսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին: Ներկաներից ոմանց պատմելով՝ այս հանդիպումն առանձնացել է նրանով, որ համայնքապետերը նորանշանակ նախարարի մոտ դրսևորել են զուսպ եւ համեստ պահվածք, ի տարբերություն նախորդ նախարարի հետ հանդիպումներին, բազմաթիվ հարցեր չեն հնչել: Համայնքապետերին հատկապես մտահոգել են նախարարի խոսքերը: «Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իրեն լիազորել այլ իրավասություններ, քան նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ: Այս առումով ամենակարևորը աշխատանքում թափանցիկությունն է, եթե գործունեության ընթացքում կլինենք թափանցիկ, ապա բնակիչները չեն դժգոհի, թե չէ անտեղյակությունն ու տեղեկատվության բացակայությունը բերում են իրավացի դժգոհության: Այս ճանապարհին մեր անելիքները շատ են»,-հանդիպման մեկնարկին ասել է նախարարը:

«Սա ուղղակի ակնարկ էր՝ ուղղված շատերին: Նշանակում է՝ հենց ձեզ սխալ պահեցիք, ուզած ժամանակ պաշտոնանկ կարվեք»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:Հանդիպման մանրամասների մասին զրուցեցինք Շիրակի մարզի խոշորացված համայնքներից մեկի՝ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի հետ: «Առանձնապես բան չկար, մարզպետին ներկայացրեց եւ ընդամենը համայնքային գույքի եւ վաճառքի հետ կապված որոշակի նկատառումներ արեց: Ինչ-որ հարթակ պետք է ստեղծվի, որպեսզի վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունը հասանելի լինի բոլորին»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետը՝ նշելով, որ նախկինում էլ այդ գործընթացը հրապարակային է եղել, հիմա թե ի՞նչ հարթակի մասին է խոսքը, ինքն այնքան էլ լավ չի պատկերացնում, գուցե ժամանակը ցույց կտա:

Անդրադառնալով համայնքապետերի մտավախությանը, թե քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված նրանցից շատերն առաջիկայում հնարավոր է թողնեն պաշտոնները, Արծրուն Իգիթյանն ավելացրեց. «Ազգաբնակչության կողմից ուղղակիորեն ընտրված ղեկավարին մեր Սահմանադրությամբ անվստահություն հայտնելը չափազանց բարդ պրոցես է, իսկ կուսակցական ցուցակով ընտրվածների դեպքում, ինչպես Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերն են, ավագանին ցանկացած պահի կարող է անվստահություն հայտնել, ինչպես վերջերս եղավ Գյումրի համայնքում»:

Ի դեպ, նախարարի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Գյումրու քաղաքապետը, աչքի է ընկել բարձր տրամադրությամբ եւ մտերմիկ զրույցներ է ունեցել նորանշանակ մարզպետի հետ:

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X