Ովքեր կծուլանան, կթերանան կամ սկանդալային պատմությունների մեջ կան, հրաժեշտ կտան. նորանշանակ մարզպետ

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզի համայնքների, ուժային կառույցների, մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին:

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է: 2017 թվականին նա ՀՅԴ կողմից առաջադրվել էր պատգամավորության թեկնածու՝ Գեղարքունիքի մարզը ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։

Մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին:

-Պարո´ն Սաղաթելյան, սպասելի՞ էր Ձեզ համար այս նշանակումը:

-Ես իմ առջեւ խնդիր կամ նպատակ չեմ ունեցել մարզպետ լինեմ: Քաղաքական որոշում կայացվեց, ես պատրաստ եմ ընդունել եւ անցնել աշխատանքի:

-Կադրային փոփոխություններ կլինե՞ն:

-Ես կոլեկտիվի հետ առաջին խորհրդակցությունն եմ ունեցել եւ շատ հստակ փոխանցել եմ. այն կադրերը, ովքեր պարտաճանաչ, իրենց գործին գիտակ, բարեխղճորեն իրենց աշխատանքը կկատարեն, այդ պաշտոնյաները կաշխատեն: Նրանք, ովքեր կծուլանան, կթերանան, կամ այն մարդիկ, ովքեր սկանդալային պատմությունների մեջ կան, նրանք հրաժեշտ կտան:

-Մարզում առկա խնդիրները լուծելու ուղղված ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:

-Շատ շտապ պետք է գույքագրում կատարել, ոչ թե նյութական, այլ մարզում առկա խնդիրները, կազմել հստակ գործողությունների ծրագիր ու ժամանակացույց եւ անցնել դրանց լուծմանը:

-Ինչպիսի՞ քաղաքականություն եք վարելու մարզում կոռուպցիան բացառելու համար:

-Ամեն ինչ անելու ենք, որ բացառենք: Շտապ հանդիպումներ եմ ունեցել բոլոր ոլորտի պատասխանատուների հետ, հստակ հանձնարարականներ փոխանցել: Բոլորը պետք է աշխատեն օրենքի շրջանակներում, ովքեր կշեղվեն՝ համապատասխան գնահատական կստանան:

-Կլինե՞ն այնպիսի փոփոխություններ Ձեր աշխատելաոճում, որով կտարբերվեք նախկին մարզպետներից:

-Ես իրականացնելու եմ իմ աշխատանքը՝ իմ ոճով եւ մեթոդներով: Իսկ ինձանից առաջ, ով ինչպես է աշխատել, դա մեծ հաշվով իմ համար միեւնույն է:

- Ի՞նչ բիզնեսներ ունեք:

-Իմ ընտանիքի որեւէ անդամ գործադիր իշխանությունում որեւէ պաշտոն չի ունեցել: Բայց այս երկրում մենք ապրում ենք, երեխաներ ենք մեծացնում, ունենք ընտանեկան մեր բիզնեսը: Ես 22 տարեկանում մի ընկերություն եմ ստեղծել, որն էլ իմ և ընտանիքիս համար եղել է ապրուստի միջոց: Ես կտրականապես դեմ եմ եւ մերժում եմ այն պաշտոնյաներին, ովքեր իրենց պաշտոնեական դիրքը կօգտագործեն իրենց բիզնեսի համար, իսկ բիզնեսը՝ քաղաքականության մեջ մտնելու համար: Ես ձեռնակատիրական գործունեությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ պետական աշխատանքով:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X