Օլիգարխիկ շանտաժ

Դեպքերն արագ են զարգանում։ Ազգային անվտանգության ծառայությունը մտել է սուպերմարկետների ոլորտը, ստուգումներն սկսել «սիթի»-ներից։ Նախօրեին տարածած հաղորդագրությունից հասկացվեց, որ հայտնի օլիգարխը հարկեր է թաքցրել, այժմ նրա աշխատակիցներին հերթով կանչում են հարցաքննության։ ԱԱԾ նոր պետը խոստացել է հազարի չափ մարդ կանչել հարցաքննության։ Օլիգարխներն էլ ձեռքերը ծալած չեն նստել՝ երեկ 11 ցանցային սուպերմարկետների տնօրեններ հայտարարություն տարածեցին՝ պնդելով, որ խախտումներ չեն արել, իսկ իրենց աշխատողների անունով ԱՁ-ներ ձեւակերպել են ստիպված ու պայմանավորված, եւ ԱԱԾ-ն հարկային օրենսգրքի նրբություններից գլուխ չի հանում։

Այստեղ բնական հարց է ծագում․ ինչո՞ւ է լռում Պետեկամուտների կոմիտեն, որի իրավասությունների տիրույթում է գտնվում այս հարցը, եւ թվում է՝ հենց նա պետք է զբաղվեր ու բացահայտեր, քանզի ունի դրա համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ աշխատակազմ, օպերատիվ աշխատանքներ կատարելու հմտություններ ու հնարավորություն։ Բայց ՊԵԿ նախագահի տեղակալը նախօրեին հարցազրույց տվեց՝ ասելով, որ այս սխեմաներն իրենց վաղուց են հայտնի եղել, եւ ստիպված են դրան գնացել՝ թանկացումներից խուսափելու համար։ Բայց սա դեռ կինոյի սկիզբն է։

Երեկ արդեն օլիգարխներն «ատամ» ցույց տվեցին՝ կտրուկ թանկացնելով միսը։ Փորձագետներն ասում էին, որ մսին այլ մթերքներ էլ կհաջորդեն։ Մի կողմից սա խաղի կանոնները «խախտած» իշխանություններին ուղղված շանտաժ է, մյուս կողմից՝ հեղափոխություն արած հասարակությանն ուղղված ապտակ՝ սա էիք ուզո՞ւմ, ստացեք։ Իսկ բյուջե վերադարձվելիք գումարների մասին խոսելը դեռ շատ վաղ է, դա ժամանակատար ու բարդ պրոցես է։ Բայց հուսանք, գումարներն այնքան շոշափելի կլինեն, որ այս կորուստները սպառողի աչքին չեն երեւա։

Մեկնաբանություն
X