Ալիեւը կգնա՞ Երուսաղեմ

Ադրբեջանի անկախության տոնի առթիվ Իլհամ Ալիեւին ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Գնահատելով իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները որպես բարձր մակարդակի գործընկերություն, հրեական պետության ղեկավարը սիրով վերհիշել է 2016թ. դեկտեմբերին Ադրբեջան կատարած իր այցը եւ ցանկություն հայտնել ամենամոտ ապագայում Ադրբեջանի նախագահին ընդունել Երուսաղեմում: Ուղերձում Ալիեւին Երուսաղեմում ընդունելու հանգամանքը թողնում է առանձնահատուկ շեշտադրման տպավորություն:

Իսրայելի վարչապետը, կարծես, ուզում է փորձարկել Ալիեւի հավատարմությունը երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին: Այստեղ, թերեւս, ակնարկ կա, որ Ադրբեջանը երկու անգամ մասնակցել է Թուրքիայի նախաձեռնած հակաիսրայելական խորհրդաժողովին եւ միացել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշման դատապարտմանը: Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Երուսաղեմի կարգավիճակի չի կարող միակողմանիորեն որոշվել: Բաքվում գտնում են, որ արեւելյան Երուսաղեմը պետք է լինի Պաղեստինի մայրաքաղաքը: Մինչդեռ Իսրայելի վարչապետն Ադրբեջանի նախագահին ցանկանում է ընդունել Երուսաղեմում, որը հրեական կողմը համարում է անբաժանելի մայրաքաղաք:

Ի՞նչ արձագանք կգտնի Նաթանյահուի հրավերը Բաքվում: Ալիեւը կմեկնի՞ Երուսաղեմ, թե դիվանագիտորեն կխուսափի մի քայլից, որը կարող է հետեւանքներ ունենալ իսլամական աշխարհի հետ Ադրբեջանի հարաբերություններում:

Մեկնաբանություն
X