Սոմալիում լրագրողը դառնում է պատերազմի ակամա մասնակից․ մրցանակակիր լրագրողը՝ հակամարտությունների մասին

>

Երեկ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած բացառիկ աշխատանքի համար Անահիտ Բայանդուրի անունով «Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի է արժանացրել իրավապաշտպան Խին Օհմարին (Բիրմա), ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանին (ԱՄՆ) եւ լրագրող, իրավապաշտպան Մինե Բալմանին (Կիպրոս)։

Ամերիկահայ հայտնի ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը 2010 թվականից աշխատում է Աֆրիկայում։ Նա իր ստեղծագործություններում անդրադարձել է Հարավային Սուդանի հակամարտությանը, Սոմալիի պայքարին, Բուրունդիի բողոքի ցույցերին եւ Սուդանի Դարֆուր նահանգի պատերազմին։ Օհանեսյանի ֆոտոաշխատանքները հրապարակվել են Al Jazeera-ում, The Wall Street Journal-ում, National Geographic-ում, The New Yorker-ում, The New York Times-ում, TIME-ում։ Նա խիզախության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Ադրիանեն մեզ հետ զրույցում պատմում է, որ ինքը ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հայրը եւ պապիկը հայեր են։ Ութ տարի է, ինչ նա աշխատում է Աֆրիկայում։

Հակամարտությունների մասին մեր հարցին Ադրիանեն արձագանքում է․ «Ես չեմ գնացել Սուդան, որպեսզի լուսաբանեմ հակամարտությունը։ Ես 2010թ․ գնացել եմ Սուդան, որպեսզի լուսաբանեմ կլիմայի փոփոխությունը եւ այդ մասին ներկայացնեմ հաշվետվություն։ Երբ այնտեղ էի, ձեւավորվեց նոր կառավարություն։ Ես պետք է լուսաբանեի, թե ինչ բարեփոխումներ է իրականացրել այդ նոր կառավարությունը եւ ինչ սպասելիքներ կան նրանից։ Երբ սկսեցի ուսումնասիրությունները, տեսա եւ հասկացա, որ կոնֆլիկտների հետ գործ ունեմ»։ Հետո նա ասում է, որ կողքից այդ ամենը թվում է վտանգավոր եւ ռիսկային, բայց երբ սկսել է աշխատել, համոզվել է, որ կոնֆլիկտի գոտում ապրող մարդկանց համար այդ ամենը սովորական առօրյա է։ Ապրելով այդ վայրերում՝ Ադրիանեի համար այդ կյանքը դառնում է սովորական, եւ նա սկսում է այնտեղ ապրողների աչքով նայել իրադարձություններին։

«Ես, իհարկե, միշտ իրենց համար եղել եմ դրսի մարդ, եւ ինձ այդպես էլ ընկալում էին, որովհետեւ նման չեմ իրենց։ Ես կարեւորում եմ իմ դերը, որովհետեւ կարողանում եմ միջազգային մեդիայի ուշադրությունը հրավիրել այս երկրի վրա։ Եվ այդ մարդկանց համար էլ է կարեւոր, որ ես, որպես դրսի մարդ, արծարծում եմ իրենց խնդիրները մեդիայի միջոցով»,- նշեց Ադրիանեն։

Լուսաբանելով տարբեր երկրների հակամարտությունները՝ Ադրիանեն եկել է այն համոզման, որ դրանք շատ տարբեր են, եւ շատ կարեւոր է հասկանալ նրանց դինամիկան։

Ադրիանեի տպավորությամբ՝ «Շատ կարեւոր է միջազգային ժուռնալիստի դերը։ Տեղեր կան, որ ավելի հեշտ է աշխատել որպես դրսի մարդ, բայց կան տեղեր, որտեղ արտասահմանցի լինելը դժվարացնում է աշխատանքը։ Այդ առումով Ադրիանեն կարեւորում է, որ կոնֆլիկտի կողմերը հասկանան՝ լրագրողը կողմ չէ, ներկայացնում է միջազգային ժուռնալիստիկան։

«Սոմալիում եւ՛ շատ դժվար էր, եւ՛ շատ վտանգավոր, որովհետեւ լրագրողներն անընդհատ թիրախավորվում էին։ Նրանց կարող էին գողանալ կամ կրակել նրանց վրա։ Եվ ես այնտեղ շրջում էի ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Սոմալիում լրագրողը դառնում է պատերազմի ակամա մասնակից։ Իսկ Դարֆուրում կառավարությունը թույլ չէր տալիս լրագրողներին աշխատել։ Ես, որպես միջազգային լրագրող, հնարավորություն ունեի հասնել այնտեղ եւ դուրս գալ այդ տարածքից։ Իսկ տեղացի լրագրողները չունեին այդ հնարավորությունը։ Եվ ես հավատում եմ, որ կոնֆլիկտները լուսաբանելիս լրագրողները համագործակցեն միմյանց հետ, քանի որ այդ դեպքում լրացնում են իրար»,- ասաց Ադրիանեն։

Ադրիանեի համար առավել ծանր է հակամարտության գոտում երեխաների հետ շփվելը։

«Ամենածանրն այն է, որ մշտապես կոնֆլիկտի մեջ գտնվող երկրում մեծացող երեխաները չեն տեսել խաղաղություն, հնարավոր է, որ չտեսնեն նաեւ առաջիկայում։ Եվ այդ երեխաները չեն հասկանում, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության մեջ, չեն պատկերացնում, որ կարող է նաեւ այլ կյանք լինել։ 30 տարի է, ինչ Սուդանում եւ Սոմալիում հակամարտություն է, եւ մի ամբողջ սերունդ մեծացել է այդ պայմաններում։ Իսկ միջազգային հանրությունը միայն զբաղվում է հակամարտության վերքերը ծածկելով։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի խորը նայել կոնֆլիկտի հիմքերին, ոչ թե զբաղվել դրանք ծածկելով։ Հաճախ մարդիկ հակամարտում են՝ առաջնային խնդիրներ լուծելու համար, եւ դա պետք է հասկանալ ու վերլուծել»,- նշեց մրցանակակիր լրագրողը։

Գլխավոր լուսանկարը՝ Բեռտա Մարտիրոսյանի։

Մեկնաբանություն
X