Ցնցող ներկայացում Գյումրիում՝ նվիրված քառօրյա պատերազմին. Ներկաները արտասվել են

>

Երեկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկար սպասումներից հետո տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» բեմադրության առաջնախաղը : Դեռ ամիսներ առաջ hraparak.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը խոսել էր այս ներկայացման մասին՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմը՝ առանց պատերազմական տեսարանների, վառոդի եւ ծխի, գերիշխելու է զգայական եւ հուզական դաշտը: Պետք է նշենք, որ դերասանական կազմին հաջողվեց անել այն, ինչին պիեսի հեղինակ, դրամատուրգ Անահիտ Աղասարյանը ձգտել էր. առաջնախաղն անցավ հուզառատ, արցունքներով լեցուն եւ ծափողջյունները չդադարող դահլիճում: «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղին ներկա են եղել ՀՀ կինոյի եւ թատրոնի վաստակավոր գործիչներ, Շոու բիզնեսի ներկայացուցիչներ եւ ամենակարևորը Ապրիլյան պատերազմին ընկած հերոսների ծնողներ:

Բեմադրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյան է, նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն։

Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։

Ներկայացումն սկսվում եւ ավարտվում է ուրախ նոտայով, սակայն հանդիսատեսին ստիպում են հուզվել միջանկյալ գործողությունները: Գյումրվա շախով-շուխով հարսանիքն ընդհատվում է պատերազմի գուժով: Մեկ վայրկյանում ամեն ինչ խամրում է, թասիբով երիտասարդները պատերազմ են մեկնում՝ թիկունքում թողնելով իրենց սպասող հարազատներին, ծնողներին եւ սիրած կանանց: Պատերազմն առանց կորուստների չի լինում, եւ բոլորը չեն, որ վերադառնում են, բայց որ ամենակարևորն է՝ հարսանիքը կայանում է՝ թեկուզ պատերազմից հետո:

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X