Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանի միջազգային նսեմացումը․ մաս 2

Մաս 1

ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից Իլհամ Ալիեւին հղված շնորհավորական ուղերձներից բացի, համացանցում մեջբերում կա Միացյալ Թագավորությունից Էլիզաբեթ II թագուհու ուղերձից. «Մեծ հաճույքով Ձերդ Գերազանցությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի կապակցությամբ՝ միաժամանակ Ադրբեջանի ժողովրդին մաղթելով հաջողություններ եւ երջանկություն տարվա ընթացքում»:

Չինաստանի նախագահ Սի Ծիապինի` Ալիեւին հղած ուղերձից էլ հրապարակված է հետեւյալ հատվածը «Ադրբեջանի միջազգային կարգավիճակը եւ ազդեցությունն աճում է օրեցօր: Չինաստանը, որպես Ադրբեջանի մերձավոր բարեկամ, ուրախ է այդ առթիվ»:

Ամբողջությամբ կամ մեջբերումներով հրապարակված են նաեւ Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Հնդկաստանի նախագահի, Հարավային Կորեայի նախագահի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Սլովակիայի, Հունգարիայի առաջնորդների, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեթի, Լիբանանի նախագահ Միշել Աունի եւ այլոց շնորհավորական ուղերձները:

Ալիեւին շնորհավորանքներ են հղել անգամ Կուբայի առաջնորդը, Իսպանիայի VI արքան եւ, իհարկե, Եվրամիությունից Ժան Կլոդ Յունկերը եւ Դոնալդ Տուսկը: Նաեւ ԱՄՆ-ից երկրորդ անգամ` Թրամփից հետո մի քանի օրվա տարբերությամբ, պետքարտուղար Մայք Պոմպեոն: Մինչդեռ վերը թվարկված առաջնորդներից ոչ մեկը շնորհավորական երկտող անգամ չուղարկեց Նիկոլ Փաշինյանին, ով շարունակ Հանրապետության հրապարակից կրկնում էր, գուցե անգամ հավատում էր եւ իր հետեւորդներին էլ համոզում, թե «թավշյա հեղափոխությունը» բարձրացնում է Հայաստանի վարկը:

Հեղափոխության թեվածող ու պայթող փուչիկները

Աստվածաշունչը զուր չի ասում` մի ստիր: Փաշինյանը, իր հետեւորդները, հատկապես հետեւորդների` սոցցանցերում ապրող ու ավելորդ աղմկող հատվածը, այժմ գիտակցո՞ւմ են, թե իրականում մեկուսացման ու մերժման ինչ պատի է բախվել իրենց «սիրո եւ համերաշխության» հեղափոխությունը եւ օխլոկրատիկ ընթացքը դեպի իշխանություն, որ Արեւմուտքից մինչեւ Արեւելք դիկտատոր Իլհամ Ալեւին շնորհավորում են Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հարյուրամյակին չեն էլ անդրադառնում: Թե՞ իրենք կարող են փաստին այլ բացատրություն տալ:

Գիտակցված, թե չգիտակցված, իհարկե՝ ստախոսություն էր, թե թավշյա հեղափոխությունը Հայաստանի միջազգային վարկին նպաստել է կամ կարող է նպաստել: Ընդսմին, պատահական չէ, որ այդ կեղծիքի թմբկահարողներից մեկն էլ նախագահ Արմեն Սարգսյանն էր, ով մինչ այդ կեղծում էր իր բրիտանական քաղաքացիության, հետեւաբար եւ՝ ՀՀ սահմանադրությամբ արգելված երկքաղաքացիության հարցը: Ի դեպ, թեմայից փոքր-ինչ շեղվելով նշենք, որ Փաշինյանին մի թուղթ ցույց տալը (ենթադրում եմ`համակարգչից ներբեռնված եւ տեղում լրացված Declaration of Renunciation), Սարգսյանի երկքաղաքացիության հարցում ոչինչ չի փոխել: Իհարկե, ոչ ներկա խառնաշփոթի մեջ, երբ միակ հաստատուն եւ չվիճարկվող իշխանությունը երկրում նախագահական ինստիտուտը եւ Արմեն Սարգսյանն են, այլ ինչ-որ ժամանակ հետո, երբ իշխանության մյուս ինստիտուտներն էլ կայունանան, պրն Սարգսյանի երկքաղաքացիության թեման հանգիստ կարելի է բարձրացնել դատական հարթությունում: Բրիտանական ծագման այլ փաստաթղթեր ու պատասխաններ թույլ տալիս են դա անել:

Առայժմ, սակայն, թեման նախագահ Սարգսյանը չէ, այլ Հայաստանը: Այն Հայաստանը, որը, չնայած բոլոր ներքին քննադատություններին, 2015-ին, 16-ին, 17-ին միջազգային ասպարեզում այնպիսի պատշաճ բարձրության վրա էր, որ աշխարհով մեկ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ էր կազմակերպում եւ տասնյակ երկրների պատվիրակությունների ընդունում Հայաստանում, այն Հայաստանը, որտեղ Հռոմի պապը ժամանեց իբրեւ ուխտագնաց, այն Հայաստանը, որ անգամ 2013-ի չարաբաստիկ շրջադարձից ու ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կարողացավ Եվրոպական Միության հետ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր ստորագրել, այն Հայաստանը, որին Ֆրանկոֆոնիայում հազիվ տասը տարվա անդամակցություն ունենալով, այդ կազմակերպության գագաթնաժողով հյուրընկալելու պատիվ վերապահվեց… մինչդեռ այսօր այդ Հայաստանը հայտնվի այնպիսի մեկուսացման ու մերժման շրջապտույտում, որ շնորհավորական ուղերձի՞ էլ չարժանանա 100-ամյա հոբելյանի առթիվ:

Պարզ է, որ Փաշինյանն ու իր առաջնորդած շարժումը չէին կարող դույզն իսկ նպաստել Հայաստանի միջազգային հեղինակությանը, պարզ է, որ փողոցում զանգվածներ գեներացնելու հաշվին իշխանություն գրավելով՝ նրանք ապրիորի մերժվելու էին պետությունների ու էսթաբլիշմենթների կողմից, պարզ է, որ միջազգային շփումներում անձնական հեղինակություն ու կապեր չունենալով՝ Փաշինյանն ու իր թիմը կվնասեին նաեւ երկրի միջազգային դիրքին, բայց ո՞ւմ մտքով կանցներ, թե ընդամենը 20 օրում կհասցնեն այնպիսի տոտալ մերժման ու անտեսման արժանանալ, որ Փաշինյանի հետ անձամբ ծանոթացած Պուտինը նախընտրի ցուցադրաբար շնորհավորել Ալիեւին, իսկ Փաշինյանին անտեսել: Մայիսի 28-ին Հայաստան ժամանած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիվանագետներն էլ բավարարվեցին Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ իրենց անունից շնորհավորելով` անգամ բանավոր չհոլովելով իրենց երկրների ղեկավարների անունները, երբ վերջիններս Ալիեւին գրավոր ուղերձներ էին հղել:

Իհարկե՝ Փաշինյանի, իր նախարարների եւ պաշտոնյաների, անգամ պաղպաղակ ըմբոշխնելով, քոչարի պարելով, Էլթոն Ջոնին հյուրընկալելով զբաղված նախագահ Սարգսյանի միջազգային մերժումն ու նսեմացումը, ի վերջո, իրենց խնդիրնէ, բայց Հայաստանի` նման վերաբերմունքի արժանանալը ցավալի է: Տեսնենք, թե ինչ կփոխվի մինչեւ հուլիսի կեսերը, երբ ՀՀ վարչապետը, հավանաբար, կհրավիրվի մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Բրյուսելում: Հուսանք` կհրավիրվի:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X