Ես դեմ եմ գնացել նախարարության որոշմանը, եթե չկա ծրագիր, ինչո՞ւ եք գնում Կանն

Մայիսի 8-17-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային այս տարի Հայաստանը չմասնակցեց, թեեւ նախապես հայտարարված կինոնախագծերի մրցույթում ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» եւ Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները» նախագծերը։

Թե ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային, Հայաստանի ազգային կինոկենտրոնն օրերս հաղորդագրություն էր տարածել, իսկ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը համաձայնեց առավել մանրամասն ներկայացնել, թե ի վերջո ինչու է կասեցրել այդ գործընթացը։

Այն, որ նախարարությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Կանն, Միրզախանյանը տեղեկանում է ապրիլի կեսերին, իսկ նման մոտեցումը, ըստ նրա, արդեն սխալ է, քանի որ ժամկետը բավականին ուշ է Կաննին պատրաստվելու համար։ «Նման հապշտապ քայլերին ես դեմ եմ, որովհետեւ երկիր ես ներկայացնում, ի վերջո՝ ինքնանպատակ չէ, որ մենք այնտեղ անպայման պետք է լինենք ու լինենք վա՛տ»,- ասում է Միրզախանյանն ու հավելում, որ բազմիցս՝ գրավոր եւ բանավոր, դիմել է Կաննի շուկայի հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար եւ ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանին՝ տրամադրելու լիարժեք տեղեկատվություն տարվող աշխատանքների մասին, բայց վերջինիս կողմից չի ստանում որեւէ պատասխան։

Եվ, ահա, ապրիլի 19-22-ը, երբ Միրզախանյանը մեկնում է Մոսկվա՝ գործուղման, կինոկենտրոնից ապրիլի 20-ին գրություն է ներկայացվում նախարարություն՝ Արմեն Ամիրյանին, Կաննի կինոշուկայի մասնակցության ամբողջական ծրագրով եւ նախահաշվով։ Վերադարձից անմիջապես հետո, տեղեկանալով գրության մասին, Միրզախանյանը նախարարությանն ուղղված մեկ այլ գրությամբ խնդրում է անմիջապես կասեցնել եւ անվավեր համարել Արսեն Բաղդասարյանի ներկայացրած գրությունը, քանի որ այնտեղ ծրագիր գոյություն չունի։ «Եթե ապրիլի 20-ից հետո ծրագրի մեջ գրում ես ընդամենը, որ ունենք բազմաթիվ հանդիպումներ, ու չես շեշտում դրանց ժամանակացույցը, չեն ասվում կոնկրետ անուններ, դա առնվազն անլուրջ է, որովհետեւ Կաննի շուկայում նախապես ես պայմանավորվածություն ձեռք բերում, դու մեկնելուց առաջ արդեն գիտես՝ որ օրը, որ ժամին, որտեղ եւ ինչ հանդիպում ունես։ Այսինքն՝ ոչ մի կոնկրետ ծրագիր, այն դեպքում, որ 9 հոգանոց մեծ պատվիրակություն պետք է մեկներ։ Ես դեմ էի նման ծրագրով եւ նման պատվիրակությունով մեկնել Կանն, երբ ծախսերը բավականին մեծ էին՝ 16 մլն դրամ, բայց հարցը միայն գումարը չէր, քանի որ չկար ծրագիր։ Ես գտա, որ չի կարելի նման ծախսեր անել անիմաստ, ստացվում է, որ 13 օր մարդկանց պետք է վճարվեին օրապահիկ, գիշերակացի վարձ, հավատարմագրում, ինչպես նաեւ՝ տաղավարում հյուրասիրությունների համար»,- ասում է Միրզախանյանն ու նկատում, որ պատվիրակությունը պատրաստվում էր կինոշուկայում ներկայացնել դեռեւս քննարկումների փուլում գտնվող «Կինոյի մասին» օրենքի նախագիծը․ «Մի բան որ գոյություն չունի, դրա մասին բարձրաձայնել նման տեղերում՝ դա, կներեք, հանցագործություն է»։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կինոկենտրոնի տնօրենը որոշում է կայացնում կինոշուկա ուղարկել երեք հաղթած կինոնախագծերի պրոդյուսերներին, եւ, համաձայն նախարարության կողմից մրցույթի հաստատված կարգի, ապահովելով նրանց կինոշուկայի հավատարմագրերով, ավիատոմսերով եւ ուղեւորափոխադրումներով։

Ասում է՝ մրցութային հանձնաժողովի կազմի մասին ինքն անձամբ տեղյակ չի եղել մինչեւ պաշտոնական հարցում ուղարկելը, քանի որ նախարարը գործել է անմիջապես Արսեն Բաղդասարյանի հետ, ով էլ հանդիսացել է հենց մրցութային հանձնաժողովի նախագահը։

Ինչ վերաբերում է տաղավարին, ապա կինոկենտրոնի տնօրենը պայմանավորվածություն է ձեռք բերում ֆրանսաբնակ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի հետ, ով տարիներ շարունակ աջակցել է հայկական պատվիրակությանը՝ կինոշուկայում աշխատանքների կազմակերպական գործում, որպեսզի հենց նրանց տաղավարում էլ այս տարի աշխատի հայկական փոքրաթիվ պատվիրակությունը։ «Մենք արդեն հանդիպել ենք այդ պրոդյուսերների հետ, ովքեր վերադարձել են Կաննից, ունեցել են բավականին արդյունավետ աշխատանք եւ գրավոր պետք է մեզ հաշվետվություն ներկայացնեն»։

9 հոգանոց պատվիրակության մեջ 3-ը եղել են հաղթող նախագծերի պրոդյուսերները, մյուսները՝ նախարարության աշխատակիցներ։ «Դրա համար էլ ես դեմ եմ գնացել նախարարության որոշմանը, որովհետեւ, եթե չկա ծրագիր, ինչո՞ւ եք գնում, նման ծախսերի իմաստը ո՞րն է»,- ասում է Միրզախանյանն ու ընդգծում՝ թեեւ Կաննում, որպես այդպիսին, Հայաստանի տաղավար չի եղել, բայց հաղթող 3 պրոդյուսերները մասնակցել են կինոշուկային, ինչն իրենց համար կարեւոր է եղել։

«Այս դեպքում կինոկենտրոնն ապահովել է ոչ միայն հաղթած մասնակիցների ներկայությունը Կաննի կինոշուկայում, այլ նաեւ 16 մլն-ի փոխարեն վճարել 2 մլն 800 հազար դրամ։ Կաննում տաղավար վարձակալելը մեծ գումար է, այն դեպքում, երբ այն լցնելու խնդիր կար։ Ես պատվիրակության այդ անդամներից մեկին հարցրի՝ ենթադրենք, տաղավարը վերցրիք, ի՞նչ եք փակցնելու պատերին, ասացին․ կխնդրենք՝ երիտասարդներն իրենց պլակատները, բաներները կտան՝ կփակցնենք։ Իսկ սա լուրջ մոտեցում չէ»։

Այն դիտարկմանը, որ տարածված հաղորդագրությունից ակնհայտ են իր եւ Բաղդասարյանի միջեւ հակասությունները, քանի որ, երկուստեք լինելով կինոկենտրոնի ներկայացուցիչներ, իրար հետ շփվում են գրավոր հարցումներով, Միրզախանյանն ասաց․ «Դա իմ ձեւն է աշխատելու, որովհետեւ ես հասկացա, որ պետք է թղթեր հավաքես, որ վաղը մարդիկ չասեն՝ սենց բան չի եղել։ Ֆիլմ-հանձնակատարը հաշվետու է կինոկենտրոնի տնօրենին, եւ հիմա ես իրենից գրավոր պահանջելու եմ իր արած ամբողջ աշխատանքի հաշվետվությունը։ Լարվածությունը գալիս է մի բանից, որ Արսեն Բաղդասարյանի դրվածքն այնպես է եղել, որ ինքն անմիջապես պետք է աշխատի նախարարությունում ու նախարարի հետ։ Դրա մասին ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, ու բացատրել է, որ ինքը նախարարությունում պետք է լինի՝ հրավիրված մարդ է, կանոնակարգն է պատրաստում, որը, ի դեպ, շատ թերի էր։ Մենք ուղարկել ենք նախարարություն մեր տարբերակը, որը, սակայն, չանցավ, եւ հիմա կանգնել ենք փաստի առաջ, երբ այդ կանոնակարգն ունի տեխնիկական թերություններ։ Ամիրյանը հրաման է տվել այն կանոնակարգին, որը նախարարությունում է մշակվել»։

Միրզախանյանն ավելացնում է, որ նորանշանակ նախարարի հետ հանդիպման ընթացքում որոշել են առաջարկություններ ներկայացնել նախ կանոնակարգը վերամշակելու ուղղությամբ, ապա նաեւ «Կինոյի մասին» օրենքի նախագծի շուրջ, որի վրա տարված աշխատանքներից դարձյալ դժգոհ է։ Ավելին՝ հուսով է, որ նոր կառավարությունն այս օրենքին ընթացք չի տա։

Ֆիլմ-հանձնակատար, կինոկենտրոնի գեղարվետական ղեկավար Արսեն Բաղդասարյանն ասում է՝ երբ ներկայացրեց Կաննի ծրագիրը, մինչեւ վերջին վայրկյանը պատասխան չստացավ կինոկենտրոնից․ «Վերջին վայրկյանին էլ խոչընդոտ պատճառներով ինքը մերժեց իմ առաջարկը։ Մի տարի է, որ ես այստեղ եմ, Ամերիկայից եմ եկել եւ այս ընթացքում եթե ես մի սխալ քայլ եմ անում կամ մի բան պակաս եմ ներկայացնում, ինքը որպես տնօրեն չպե՞տք է աջակցի ինձ, որ այդ բոլորը ճիշտ լինի։ Ինքը դա չի կատարել, սպասել է մինչեւ վերջին վայրկյանը եւ խոչընդոտ պատճառներով մերժել է մեր ներկայությունը Կաննում, որը շատ կարեւոր քայլ էր այս տարի»։

Այն, որ փաստացի ծրագիր չի եղել, եւ անիմաստ գումարների վատնում կլիներ 9 հոգանոց պատվիրակություն ուղարկելը Կանն, Բաղդասարյանն ասաց․ «Ես կարող եմ ասել, որ անիմաստ ծախսերն այն ժամանակ են լինում, երբ ոչ լուրջ մասնագետ է գնում Կանն։ Եթե ինքը ոչ լուրջ իմաստով է գնացել, դա իմ խնդիրը չէ, երբ ես գնում եմ որեւէ մի փառատոն, կինոշուկա, ես միշտ արդյունքով եմ հետ գալիս եւ ներկայացնում եմ մեր երկիրը համաշխարհային շուկայում անգլերենով, հայերենով, տարբեր լեզուներով»։

Մինչ օրս պարզ չեղավ, թե ինչ արդյունքներ են գրանցել 2017-ին Կանն մեկնած մեր պատվիրակները, որի թվում եղել է նաեւ ինքը, ավելին՝ հաշվետվություն նույնպես չի ներկայացվել։ «Ես անձամբ ոչ մի հաշվետվություն չունեմ ներկայացնելու, ես իրենց ցանկացած բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, մնացածն արդեն կինոկենտրոնի եւ մշակույթի նախարարության կազմակերպչական պրոցեսն է։ Ես նոր եմ, հատուկ ծրագրով եմ եկել՝ զարգացնել այստեղի կինոոլորտը։ Ում ձեռք չի տալիս այդ ծրագիրը, փորձում է խոչընդոտել իմ ճանապարհը, այսինքն՝ ծրագիր եմ ներկայացնում, կա՛մ հետաձգում են, կա՛մ մերժում»,- ասում է Բաղդասարյանն ու նշում, որ Միրզախանյանի ուզած հավելյալ փաստաթղթերն էլ է ներկայացրել, բայց մերժում է ստացել։

Թե ինչու են գրավոր շփվում միմյանց հետ, Բաղդասարյանը շտապում է նշել, որ ոչ մի լարվածություն չկա իրենց միջեւ․ «Ես կինոյի մասնագետ եմ, ես չեմ եկել այստեղ չինովնիկ դառնամ, եթե ինձ կանչել բերել եք ստեղ, ուրեմն մի նպատակ կա, չէ՞։ Ես եկել եմ այստեղ կինոոլորտն ուղղելու, եթե ինքը չի ուզում աջակցի այդ պրոցեսին, ուրեմն ինքը համապատասխան չէ իր պաշտոնին»։

Կինոկենտրոնի կանոնակարգից այսօր շատերն են բողոքում, որի վրա նաեւ ինքն է աշխատել, ո՞րն է խնդիրը։ «Կանոնակարգի սկզբի օրինակը ես եմ մշակել եւ այն ժամանակ ես լրիվ կողմ էի այդ պրոյեկտին, բայց ընթացքում, երբ կինոկենտրոնը մասնակցեց այդ պրոցեսին, փոխեց բավականին բաներ, որի հետ մինչ այսօր չեմ կարող համաձայն լինել, դրանցից մեկը աշխատակազմի հարցն է։ Օրինակ՝ իրենք ունեին անցած տարի մոտ 114 գրանցված աշխատող, իմ համար դա սարսափելի է, երբ մենք նայում ենք որեւէ մի երկրի կինոկենտրոնի, 10-15 հոգի է մաքսիմում։ Ես առաջարկեցի կրճատել հաստիքացուցակը եւ 15-20 հոգի սարքել, բայց այնքան հետ ու առաջ տարան, հետո հաստատեցին մի թիվ, որին ես կտրուկ դեմ եմ՝ 98 հոգի․ դա բյուջեն շահագործել է նշանակում։ Ես դա նոր նախարարին էլ կասեմ, մինչեւ այդ աշխատակազմը չքչանա, ես չեմ պատկերացնում, որ կինոյի ոլորտն այստեղ աճի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X